Ադրբեջանցի դիվերսանտ

Ադրբեջանցի դիվերսանտին կալանավորել են

32
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ադրբեջանցի զինծառայող, ԼՂՀ սահմանը ապօրինի հատած Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ դատական դեպարտամենտից։



Մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում: Դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:

Նույն օրը Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:

Русская версия

32