Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի չի հավակնում

16
(Թարմացված է 13:32 27.01.2017)
ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ԱԺ նախընտրական քարոզարշավին և հույս ունի, որ ընտրություններից հետո կշարունակի աշխատել հենց իր պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանությնա նախարար Վիգեն Սարգսյանն իրեն վարչապետի պաշտոնում չի տեսնում։ Այս մասին նա հայտնեց լրագրողներին։

Միաժամանակ նշեց, որ մասնակցելու է նախընտրական գործընթացներին, սակայն դեռ չգիտի`իր մասնակցությունն ինչ ծավալով կլինի։

«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ և մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սարգսյանը:

Լրագրողների խնդրանքով նա մենաբանեց նաև վարչապետ նշանակվելու մասին խոսակցությունները։

«Ես համարում եմ ՊՆ-ի աշխատանքը ամենահետաքրքիր, պատասխանատու և կարևոր աշխատանքներից մեկը։ Չեմ համարում, որ որևէ աշխատանք պետք է համադրել այլ աշխատանքի հետ, բայց ես ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, քանի որ այստեղ տեսնում եմ շատ անելիքներ, և հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները: Կարծում եմ, որ մեր երկրի համար այս գործառույթը այն կարևորության է, որ անհամադրելի է որևէ բանի հետ»:

Ըստ Սարգսյանի` ինքն ամեն ինչ կանի, որպեսզի քարոզարշավին մասնակցելը չխանգարի նախարարության աշխատանքին։
Ինչ վերաբերում է այսօրվա կառավարությանը, ապա ըստ նախարարի` լուրջ թիմ է ձևավորվել, որը երկրի զարգացմանն անհրաժեշտ քաղաքականություն է վարում։

«Կառավարությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, շատ հաջող աշխատանք է իրականացնում», — ընդգծեց Սարգսյանը։

ՀՀ ԱԺ ընտրությունները նախատեսված են 2017 թվականի ապրիլի 2-ին։

Русская версия

16