Սահման

Հայ–ադրբեջանական սահմանագծին լարվածություն չկա

29
(Թարմացված է 23:44 02.12.2016)
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանագծին լարվածություն չկա, իսկ մեկ երկու կրակոցները իրավիճակի սրում չեն նշանակում։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահման լրագրողների այցի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը անդրադարձավ վերջին օրերին ակտիվացած տեղեկություններին, թե սահմանի վրա իրավիճակը դարձյալ լարվել է։ Նա հերքեց այդ տեղեկությունները` հայտարարելով, որ իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է, և որևէ լարվածություն չկա։

«Այն կրակոցները, որ գրեթե միշտ լինում են, դրանք լարվածություն համարել չի կարելի։ Հայաստանի և ԼՂՀ զինված ուժերը հետևում և տիրապետում են իրավիճակին», — ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում երկու զինծառայողների` անցած շաբաթվա ընթացքում ծանր վիրավորվելու մասին լուրերին, ՊՆ խոսնակը հայտարարեց` եթե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը դրանց մասին չի հայտնել, ուրեմն միգուցե նպատակահարմար չի գտել հայտնելու` ելնելով անվտանգության նկատառումներից։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ անցած շաբաթ հաղորդվել է, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ շփման գծում կրակոցներ եղել են, բայց դրանք ևս լարվածություն չեն նշանակում։

Անցած շաբաթ երկու զինվոր էր վիրավորվել ԼՂՀ-ում, որոնց վիճակը գնահատվում է ծանր, այդ մասին լուրերը պաշտոնապես հաստատվեցին միայն մամուլում համապատասխան հրապարակումներից հետո։ Վիրավորները տեղափոխվել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ։

29