Կարեն Կարապետյան

Վարչապետին հոգեհարազատ է ՀՀԿ–ի գաղափարախոսությունը

109
(Թարմացված է 11:35 24.11.2016)
Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ–ի շարքերը համալրելու համար։ Կառավարության օրակարգին անցնելուց առաջ նա ներկայացրեց այն կետերը, որոնք հիմք են հանդիսացել նրա որոշման համար։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու իր որոշումը կանխատեսելի էր շատերի համար, սակայն միաժամանակ ցանկացավ մեկնաբանել` ինչու է նման որոշում կայացրել։

«Առաջին, վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է հանրապետության նախագահը և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկրորդ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին հանրապետական կուսակցության կառավարությունը; Երրորդ, եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում` ինչու՞ չեք կարողանում հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը։ Ուղղակի դա արդարացված չէր լինի` ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղած սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա` իրեն հոգեհարազատ է ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը, այնտեղ իր համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան։

«Վարչապետ նշանակվելու պահին և հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը հետևյալն է` անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս` պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից։ Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով` վարչապետի պաշտոնը ստանձնելով` ինքը դարձել է փոխելու և փոխվելու գործընթացի մասնակիցը ` վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը։

«Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին` նոր շունչ հաղորդելով այս շարժմանը»,- ասաց գործադիրի ղեկավարը։

Միաժամանակ նա շեշտեց, որ կառավարության մյուս անդամների համար որևէ պարտադրանք չկա անդամագրվելու ՀՀԿ-ին։ Ըստ նրա` դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է։ Այս ամենի հետ մեկտեղ նա նշեց, որ ՀՀԿ-ի գործունեությունը ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց դա այն կուսակցությունն է, որը գիտակցելով անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը` որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը։

109