Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան. Սկզբունքներն անփոփոխ են

118
(Թարմացված է 01:05 11.08.2016)
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Նա շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ջերմ հյուրընկալության համար և բարձր է գնահատել Ռուսաստանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ասվում է.

«Բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսությունը համապատասխանում է մեր երկրների միջև հարաբերությունների մակարդակին: Այդ հարաբերություններն ընդգրկում են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտները` սկսած ՀԱՊԿ ուղղությամբ դաշնակցային գործընկերությունից մինչև տնտեսական ինտեգրացում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում և սերտ համագործակցություն հումանիտար ոլորտում: Մեր տարածաշրջանների միջև կապերն ընդլայնվում են, և դրա մեջ մեծ դեր են խաղում պարբերական դարձած միջտարածաշրջանային հայ-ռուսական համաժողովները, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև ուղիղ կապերը:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը աշխարհում և, մասնավորապես, մեր տարածաշրջանում, որտեղ զուգահեռ ընթանում են կայունության և անվտանգության վրա ազդող բազմաթիվ գործընթացներ: Հայաստանում ուշադիր հետևում էին վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Նախագահի ինտենսիվ արտաքին քաղաքական շփումներին, ինչը լիովին հասկանալի է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան Հայաստանի սահմանակից պետություններ են: Ես շնորհակալ եմ Ռուսաստանի Նախագահին այդ հանդիպումների ընթացքի մասին մանրամասն տեղեկատվության համար և համոզված եմ, որ Հայաստանը միայն շահում է մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի ակտիվացումից:

Մենք այսօր քննարկել ենք նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն: Բավական է նշել, որ չնայած բոլոր միջազգային դժվարություններին և խոչընդոտներին, մեր առևտրաշրջանառությունը զգալի աճել է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90 տոկոսով՝ հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում: Համոզված եմ, որ մենք կկարողանանք պահպանել և զարգացնել այդ դինամիկան, քանի որ մեր երկրների միջև առկա առևտրատնտեսական ներուժը նույնիսկ այսօր ոչ լիարժեք է օգտագործվում:

Բնականաբար, մեր այսօրվա բանակցությունների գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցն էր, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Դա, նախևառաջ, 1994-1995թթ. հրադադարի ռեժիմի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելությունների ընդլայնումը:

Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ համագործակցությամբ գործադրում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, և այդ գործընթացում Նախագահ Պուտինի մեծ անձնական ներդրման համար: Դեռևս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ:

Նման զգայուն թեմայի հետ կապված խաղաղ գործընթացը, բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման և նոր լարվածության: Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ և իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը:

Վլադիմիր Վլադիմիրի, խաղաղության և համերաշխության թեմաները հատկապես արդիական են Օլիմպիական խաղերի օրերին: Մենք ևս մեկ անգամ հաջողություններ կմաղթենք Ռուսաստանի և Հայաստանի հավաքականներին և ցանկանում ենք միասին ուրախանալ մեր և ձեր մարզիկների նվաճած հաջողություններով: Մենք շատ հպարտանում ենք, որ հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկները հասել են շատ լավ արդյունքների: Մի քանի ամիս առաջ Երևանում բացվել է համաշխարհային գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի անվան դպրոց: Ես համոզված եմ, որ համատեղ սպորտային հաղթանակները և նվաճումները լիովին արտացոլում են մեր ժողովուրդների փոխադարձ զգացմունքները: Ինչպես ասվում է՝ առողջ մարմնում՝ առողջ հոգի»:

118
թեմա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան (116)