Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի վերջին

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունիսի վերջին

57
(Թարմացված է 18:51 09.06.2016)
Հունիսին վերջին նախատեսված Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպման նախապատրաստման հարցը հինգշաբթի կքննարկեն ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ՌԴ–ում Ֆրանսիայի դեսպան Ժան Մորիս Ռիպերը

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի-Sputnik. Ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը ծրագրված է հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում, հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։

«ՌԴ նախագահ (Վլադիմիր Պուտինի), Հայաստանի նախագահ (Սերժ Սարգսյանի) և Ադրբեջանի նախագահ (Իլհամ Ալիևի) հանդիպումը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա հունիսի վերջին», — հայտարարել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման թեման քննարկել է Ֆրանսիայի դեսպանի հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.–ի զինադադարի և 1995թ.–ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

57