Շավարշ Քոչարյան

Շավարշ Քոչարյան. «Թուրքիայում հայ հասարակությունը ճնշված վիճակում է»

321
(Թարմացված է 13:27 09.06.2016)
Կառավարության նիստից հետո արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը խոսեց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացների և Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Արամ Աթեշյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրած նամակը։

«Ոչ միայն Թուրքիայում, այլև շատ այլ երկրներում հայ հասարակությունը ճնշված է»,- հակիրճ մեկնաբանեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հայտարարությանը, թե իր երկրի խորհրդարանին ու կառավարությանը հորդորելու է հետևել Գերմանիայի օրինակին ու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ընդունել, Քոչարյանն ասաց.

«Զեմանը նման մտադրության մասին հայտնել էր դեռևս նախորդ տարի։ Թե ինչպես կլինի ընթացքը, ցույց կտա ժամանակը»։

Շավարշ Քոչարյանը բարձր գնահատեց Չեխիայի նախագահի քայլն ու հույս հայտնեց, որ այդ գործընթացը շարունակական կլինի։ Նա խիստ կարևորեց Բունդեսթագի որոշումն ու հատուկ շեշտեց, որ հանցանքի մասնակիցը` Գերմանիան, այսօր ընդունել է իր մեղքը, իսկ բուն կատարողը ժխտում է։ Այդ երևույթը նա «առնվազն տարօրինակ» անվանեց։

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 

321