ՀՀ ԱԳՆ շենքը

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները

42
(Թարմացված է 16:28 05.06.2016)
ԱԳՆ–ում համոզված են, որ սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության դադարեցումն է

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործի նախարարությունը խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Սիրիայում տիրող իրավիճակը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում»:

Բալայանը հիշեցրել է, որ վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ: 

«Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,- հայտարարել է Բալայանը:

42