Բունդեսթագ

Բունդեսթագի որոշումը կարագացնի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը

64
Հայաստանի քաղաքական գործիչները կարծում են, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը նոր թափ կհաղորդի ճանաչման գործընթացին, դա նաև դրական է հենց Թուրքիայի համար։ Իրենց կարծիքը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնեցին ՀՅԴ, ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputik. Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը կարևոր է ոչ միայն նրանով, որ կնպաստի ցեղասպանության ճանաչման գործընթացին, այլև խոսք կլինի Թուրքիայի այսօրվա պատասխանատվության մասին, ասաց ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Թեև ասում են, որ այսօրվա պատասխանատվությունն ուղղակի ցեղասպանություն գործածների պատասխանատվությունը չէ, կարծում եմ, որ դա ևս կարևոր է։ Եվ հաշվի առնելով Գերմանիայի ազդեցությունը Եվրոպայում և ընդհանրապես միջազգային իրականության մեջ` կարծում եմ` դա մեծ նշանակություն ունի»,- նշեց Մանոյանը։

Նրա կարծիքով` այս որոշումը Թուրքիայի վրա հիմնականում դրական ազդեցություն կունենա, հատկապես հասարակության այն հատվածի, որը պատրաստ է լսել և սովորել պատմությունը»,- համոզված է ՀՅԴ գործիչը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ համոզված է, որ Գերմանիան այս բանաձևն ընդունել է` ելնելով իր շահերից, յուրաքանչյուր երկիր իր շահից ելնելով է խնդիր լուծում, և Գերմանիան էլ բացառություն չէ։

«Բանաձևի ընդունմանը նպաստեցին Էրդողանի` վերջին շրջանում իրականացրած քաղաքականությունն ու էմիգրանտների մեծ հոսքը Եվրոպա։ Սրանք նոր իրավիճակ են առաջացրել Եվրոպայում և, մասնավորապես, Գերմանիայում, դրան գումարվել է նաև հաջորդ տարվա Բունդեթսագի ընտրությունները, գերմանացիների մոտ այս պահին մոդայիկ է դարձել հակաթուրքական հողի վրա ձայներ հավաքելը։»- նկատեց Մանուկյանը։

Նա նշեց, որ բանաձևի ընդունման վրա ազդել է նաև հայերի գործոնը, Ցեղասպանության 100-ամյակը, Հռոմի պապի այցելությունը։ Բայց, նրա համոզմամբ, հիմնական գործոններն են` գերմանացիների շահը, հակաթուրքական շահը, պատմական գործոնը կամ Ցեղասպանության ճանաչման արդարացի լինելը։
Այս ամենով հանդերձ` Մանուկյանը ողջունում է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ Գերմանիան Եվրոպայի ամենախոշոր երկիրն է, և այս քայլը կարող է դրդել նաև այլ երկրների` նրանց օրինակին հետևել։

«Չմոռանանք, որ Հայաստանն այսօր լարված իրավիճակում է։ Լարված են հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այնպես չէ, որ հալած յուղի նման միայն ու միայն դրականն է գալու։ Չի բացառվում, որ դա կարող է նաև ռիսկ պարունակել, վնասել հայ-թուրքական հարաբերություններին ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանը»,- նշեց Մանուկյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ Բունդեսթագում տեղի ունեցած քննարկման բովանդակությունն ամբողջությամբ արծարծում է պատգամավորների կարծիքը, քաղաքական դիրքորոշումը։ Նրա խոսքով` կարծիք հայտնող մարդիկ մանրակրկիտ հիմնավորեցին, որ 1914-15 թվականներին այս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները պետք է բնութագրել հենց ցեղասպանություն։

«Մեծ յոթնյակի անդամ Գերմանիայի կողմից սա շատ տպավորիչ քաղաքական մոտեցում էր։ Եվ որքան էլ թուրքական դիվանագիտական խողովակներով փորձեն խեղաթյուրել իրականությունը, փաստը մնում է փաստ, որ քաղաքակիրթ աշխարհը հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը ոչ միայն իր հայտարարություններով, այլև քաղաքական լրջագույն մոտեցումներով»,- ընդգծեց Էնֆիաջյանը։

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

64