Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադի

Դեսպան. Հարավային Կովկասը գտնվում է իրանական քաղաքակրթական ավազանում

40
(Թարմացված է 16:17 03.06.2016)
Երևանի պետական համալսարանում բացվել է «Պարսկական գրականությունը և պատմությունը» միջազգային արևելագիտական գիտաժողովը՝ նվիրված պարսիկ բանաստեղծ Սաադի Շիրազիին

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik. Հարավային Կովկասի երկրները և Իրանը կարող են խորացնել իրենց կապերը մշակութային և քաղաքակրթական ընդհանրության հիման վրա, ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ ելույթ ունենալով Երևանում «Պարսկական գրականությունը և պատմությունը» միջազգային արևելագիտական գիտաժողովում:

«Տարածաշրջանի բոլոր երկրները գտնվում են այնպիսի ավազանում, որը կոչվում է իրանական քաղաքակրթություն: Նման համաժողովների ժամանակ անհրաժեշտ է հայացք նետել պատմությանը, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությանը՝ հարևան ժողովուրդների հետ կապերի խորացման համար»,- ասաց Սաջադին:

Խոսելով Սաադիի ստեղծագործությունների մասին՝ դեսպանը նշեց, որ նրա գործերում ակնհայտ է չափավորությունը, որը Իրանի ներկա ղեկավարության հիմնական կարգախոսն է:

Նրա խոսքով՝ իրանցի հայտնի պոետներ Սաադին, Ֆիրդուսին, Հաֆեզը և Նիզամին պատկանում են բոլորին, նրանք համարվում են աշխարհի դեսպաններ:

«Ես հուսով եմ, որ անդրադառնալով նրանց ստեղծագործությանը և մտածելակերպին՝ մենք կարող ենք նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասաց դեսպանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի մշակութային, քաղաքակրթական ժառանգությունն այսօր էլ լուրջ հետաքրքրություն է առաջացնում ինչպես մասնագետների, այնպես էլ հայ ուսանողների շրջանում:

«Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսի կարևորություն ունի ժամանակակից աշխարհում բարեկամական Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: ԵՊՀ-ն իր փոքր ավանդն ունի այդ հարաբերությունների զարգացման մեջ, հատկապես գիտակրթական և մշակութային ոլորտում»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այդ համաժողովի վերնագրում պարսկական պոեզիայի հիմնասյուներից մեկի անունն է, որը միջազգային ճանաչում ունի և շատ հայերի սրտում է:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշեց, որ իրանական պատվիրակությունը ներկայացնում է երկրի գրեթե բոլոր ակադեմիական կառույցները: Ոսկանյանի կարծիքով՝ պակաս կարևոր չէ համաժողովին Վրաստանից ներկայացուցչական պատվիրակության ներկայությունը:

«Իրանագիտությունը Հայաստանի համար այսօր կարևորագույն ուղղություն է՝ ելնելով երկրի աշխարհաքաղաքական շահերից»,- ասաց Ոսկանյանը:

Հայաստանը և Իրանը համագործակցում են, մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Հայաստանը 2015թ.-ի հունվարի 2-ից անդամակցում է ԵՏՄ-ին և այդ կառույցում Իրանին սահմանակից միակ երկիրն է:

40