Город Диарбекир

Հատուցման օրը գալու է

111
(Թարմացված է 18:09 20.12.2015)
ՀՀ Աժ պատգամավոր, Հայաստանում «Արևտմահայոց ազգային համագումար» կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Արագած Ախոյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է այն մասին, թե ինչ է կատարվում Դիարբեքիրում և Սուրի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Վերջին շրջանում Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր քաղաքում լարված իրավիճակ է տիրում։ Բնակչությունը բողոքի ցույց է սկսել Դիարբեքիր նահանգի Սուրի գավառում փողոց դուրս գալու արգելք սահմանելու դեմ: Միայն դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանության հետ բախումներում սպանվել էր 2 մարդ, ևս 4-ը` վիրավորվել:

Թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալության փոխանցմամբ` բախումները շարունակվել են նաև հաջորդ օրը, ինչի պատճառով Դիարբեքիրը «ռազմադաշտի է նմանվել»։ Խոսակցություններ են պտտվում, որ վնասվել է հայկական եկեղեցին:

Արագած Ախոյանը նշում է, որ մշտական կապի մեջ է լավ տեղեկացված հայերի հետ, ովքեր պարբերաբար հայտնում են իրավիճակի փոփոխության մասին: «Դիարբեքիրի կենտրոնում գտնվող Սուրի քաղաքում է գտնվում Մերձավոր Արևելքի ամենաշքեղ եկեղեցին, որը վերանորոգվեց և վերաբացվեց 2012թ.-ի հոկտեմբերի 23-ին: Հսկայական եկեղեցի է, 1200 մարդ կարող է տեղավորվել: Չի կարելի ասել, որ վնասել են, պարզապես կա մի քանի կոտրված ապակի, որ կարևող էր նաև խաղաղ ժամանակ պատահել, այնպես որ լուրեր տարածելիս պետք է մի քիչ ավելի ուշադիր լինել»,- նշում է Ախոյանը:

Ըստ նրա, լուրջ բան չկա, պարզապես քաղաք մուտք գործելը բավականին դժվար է, նույնիսկ` անվտանգության աշխատակիցների համար:

«Արձանագրենք, որ կա առճակատում, և դա, իմ կարծիքով, պայմանավորված է տարածաշրջանում Թուրքիայի քայլ առ քայլ զիջող դիրքերի հետ: Ինչպես գիտենք, Իրաքը ստիպեց դուրս բերել զորքերը իր երկրի տարածքից՝ Հյուսիսային Քրդստանի հատվածից: Այնպես որ դա քաղաքականություն է, որը տարիներ շարունակ իրականացվում է այդ տարածաշրջանում»,- կարծում է Ախոյանը:

Այսօրվա Թուրքիայի ներքաղաքական խնդիրների առաջնորդները քրդերն են, որոնք բոլորի անունից բարձրացնում են այդ պետության առջև ծառացած չլուծված հարցերը: Արագած Ախոյանը նշում է, որ դրանք 100 տարի չլուծված հարցեր են, «որոնք այդ պետությունը չմարսեց, և այսօր այդ հարցերի պատասխանը պետք է տա այդ պետությունը, լինեն հայերը, քրդերը, չերքեզները, թե ուրիշները, միևնույն է հատուցման օրը գալու է, քանի որ չլուծված խնդիրներով այլևս անհնար է շարունակել»:

«Թուրքիան նման է մի եռացող կաթսայի, պարզապես կափարիչը վրայից դեռ չի բացվել, ներսում անընդհատ եռում ու եռում է, նման ձևով, նման քաղաքակրթությամբ ապագա չի կարող ունենալ»,- ասում է Ախոյանը:

Դիարբեքիրում կատարվող իրադարձությունների ֆոնին տարբեր տեղեկություններ են հրապարակվում նաև ձերբակալությունների մասին։ Իրարամերժ են տեղեկություններ են հրապարակվում նաև Սուրիի քաղաքապետի ձերբակալության մասին։

«Բանտում գտնվել, աքսորում վերադառնալ նորից շարունակելը, սովորական երևույթ է։ Ինչպես գիտեք, տարիներ առաջ Վանի քաղաքապետը` մեր սիրելի ընկեր Բեքիր Կայանը, նույնպես գտնվում էր բանտում և դուրս գալուց հետո նորից շարունակեց ղեկավարել քաղաքը։ Այնպես որ արտառոց բան չկա այդտեղ, այնտեղ բոլորն էլ հեղափոխական կեցվածքով փորձում են տեր կանգնել իրենց հայրենի բնօրրանին և, ինչու չէ, նաև իրենց դարավոր նկրտումներին, որ մի օր կունենան ինքնավար պետություն և նաև գիր- գրականություն»,- մեկնաբանում է Ախոյանը։

Նշելով, որ Վանի քաղաքապետ Բեքիր Կայանն այս տարի Հայաստան էր եկել, նա վստահեցնում է` բազմաթիվ խնդիրներ կլուծվեն միայն քաղաքացիական հասարակության երկխոսության արդյունքում. «Մենք չենք պատրաստվում պատմությանն էջը փակել, սա փակված չէ, տեսնում եք` ինչեր են կատարվում, դրանք չլուծված խնդիրների հետևանք են, և կարծում եմ, որ մշակութային և քաղաքական երկխոսությունը կհանգեցնի նրան, որ Թուրքիայի ժողովուրդը պատրաստ կլինի Հայկական խնդրի լուծմանը, ցեղասպանության ճանաչմանն ու հետևանքների վերացմանը»։

111