мигранян

Միհրանյան. Թուրքիայի արկածախնդիր պահվածքը ծանր հետևանքներ կունենա

79
(Թարմացված է 11:14 13.12.2015)
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում իր կարծիքը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածության և հարևան երկրների դերակատարության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանեց վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին լարվածության աճը և լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը: Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձավ նաև ռուս-թուրքական հարաբերություններին ու տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում հնարավոր զարգացումներին:


«Ադրբեջանը մեծ մասշտաբով պատերազմի չի գնա, իսկ այսօրվա սահմանային պրովոկացիաները հետևանք են Թուրքիայի գրաված դիրքի», — ասաց Անդրանիկ Միհրանյանը:


Առկա իրավիճակում լարվածություն ստեղծելը, քաղաքագետի խոսքով, շատ վտանգավոր կլինի առաջին հերթին հենց Ադրբեջանի համար, քանի որ այդպիսի կեցվածքը կընկալվի ոչ միայն որպես հակահայկական, այն ուղղված կլինի նաև Ռուսաստանի դեմ` հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է;

«Լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ռուսաստանն, իհարկե, կասի իր ծանրակշիռ խոսքը: Միաժամանակ, իհարկե, ոչինչ չի կարելի բացառել։ Բայց նվազագույն հնարավորություն կա, որ նրանք պատերազմի միջոցով կկարողանան լուծել առկա հարցերը, որովհետև պատերազմի դեպքում շատ բան կարող են կորցնել», — ասել է քաղաքագետը:  

Անդրանիկ Միհրանյանը նշել է, որ միջազգային դիվանագիտության տեսանկյունից Հայաստանի կողքին կանգնած մեծ տերությունները շահագրգիռ չեն, որ հակամարտությունն ու քաոսի տարածքը մեծանա: Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում Հայաստանի դերի ու անելիքների մասին` քաղաքագետը հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ նման դավադիր պահվածքի դեպքում Թուրքիայի համար միայն լոլիկները բավարար չեն լինի: Թուրքիան իր պատիժը կստանա ոչ միայն Սիրիայի երկնքում:


«Եթե Թուրքիան հանկարծ նման փորձ անի Հայաստանի տարածքի վրա, ես կարծում եմ` Ռուսաստանը ոչ միայն որպես Հայաստանի դաշնակից, այլև ունենալով նաև իր առանձին հաշիվները Թուրքիայի հետ, հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել Թուրքիային պատժելու գործին: Այդ իմաստով իրավիճակն ավելի բարենպաստ է, որովհետև  Ռուսաստանը չի թաքցնում, որ Թուրքիայի արկածախնդիր պահվածքը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ հենց Թուրքիայի համար»,- ընդգծեց Միհրանյանը:


Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` Անդրանիկ Միհրանյանը չբացառեց, որ գուցե  այդ համատեքստում է պետք դիտարկել օրեր առաջ Հայաստանի ռուսական ռազմակայանը զինտեխնիկայով համալրելը:

«Եթե Թուրքիան դիմի պրովոկացիաների, հնարավոր է, որ Ռուսաստանն ավելի առաջ գնա իր գործողություններում: Նույնիսկ որոշ մասնագետներ առաջ են քաշում այն հարցը, որ կարող է վերանայվել Մոսկվայի պայմանագիրը, որով ձևավորված են Հայաստանի սահմանները Թուրքիայի հետ: Չգիտեմ, թե որքան հեռու կգնա դիվանագիտությունն այդ հարցում, բայց հնարավոր է, որ Թուրքիային զգաստացնելու համար բավական հեռու գնացող հայտարարություններ ու քայլեր լինեն։ Իհարկե, այսօր Ռուսաստանը ժամանակին գործած Թուրքիայի բոլոր մեղքերն արդեն առաջ է քաշել, և այդ համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին շատ կարևոր տեղ է տրվում: Ռուսական պետական գործիչները, Պետդումայի պատգամավորները հարցեր էին բարձրացնում և՛ Արարատ լեռան, և՛ Արևմտյան Հայաստանի տարածքների վերաբերյալ: Տասնյակ տարիներ նման բան չէր եղել, և պետք է իրադրությանն այդ տեսանկյունից նայել»,- նշեց Միհրանյանը:

Անդրանիկ Միհրանյանը խոսքը եզրափակեց` նկատելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հրահրվող սադրանքներով կարող են միայն ավելի խորացնել ճգնաժամը` Թուրքիայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ ներքաշելով նաև Ադրբեջանին:  




79