Ситуация в Сирии

Արաբագետ. Արևմուտքը Սիրիայում զուգահեռաբար պայքարելու է երկու հակամարտ կողմերի դեմ՝ Ասադի վարչակարգի և «Իսլամական պետության»

394
Եվրոպայում առկա ճգնաժամը՝ կապված փախստականների հետ, թույլ է տալիս կանխատեսել, որ սիրիական հակամարտությունում սկիզբ են առնելու նոր գործընթացներ, կարծում է նա

Երևան, 12 սեպտեմբերի – Sputnik. Սիրիական հակամարտությունում ներկայում գերակա է երկու գործոն՝ Բաշար Ասադի հեռացումը և «Իսլամական պետության» դեմ պայքարը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նկատեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը։

Հակամարտության սկզբում, նշում է նա, կար միայն մեկ խնդիր՝ Ասադի տապալումը, մինչդեռ այսօր խնդիրները շատացել են, միախառնվել, ընդլայնվել և վերածվել են թնջուկի: «Իրավիճակային առումով Սիրիայում նորանոր զարգացումները տեղի են ունենում ամիսների, շաբաթների կտրվածքով»,- նկատեց նա:

Արաբագետն ընդգծեց, որ «Իսլամական պետությունը» սիրիական գործընթացների ծնունդ է, ըստ ամերիկյան մամուլի՝ ԱՄՆ-ում կանխատեսել էին նման կառույցի առաջացումը:

«Այսինքն՝ իսլամական ծայրահեղական կառույցի առաջացում, որը հետագայում պետք է օգտագործեին սիրիական վարչակարգի տապալման գործում: «Իսլամական պետություն» խմբավորման առաջացման գործում թեպետ չկա ամերիկացիների ուղղակի մասնակցությունը և միջամտությունը, բայց եղել է գործընթացների որոշակի կանխատեսելիություն»,-պարզաբանել է նա:

Արմեն Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում մի հանգամանքի վրա. սեպտեմբերի վերջին լրանում է «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի մեկ տարին: Կոալիցիայի ձևավորման հենց սկզբում էլ Ռուսաստանը կոչ էր անում անպայմանորեն գործակցել Բաշար Ասադի ուժեր հետ՝ խմբավորման դեմ առավել արդյունավետ պայքարելու համար: «Ինչը չտեսանք անցյալ մեկ տարվա ընթացքում: Թեպետ խմբավորմանը հասցվեցին հարվածներ, սակայն դրանք չունեցան բավարար արդյունավետություն»,-նշել է նա:

Ըստ արաբագետի` առկա զարգացումներով պայմանավորված, մասնավորապես, «Իսլամական պետության» ՝ որպես համաշխարհային գործոնի ակտիվացումը, Իրանի հետ կոնֆլիկտի հանգուցալուծումը և, բնականաբար, Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, ստեղծում են նոր իրավիճակ: «Իսլամական պետության» դեմ պայքարի նոր շրջափուլը ենթադրելու է նաև պայքար Ասադի վարչակարգի դեմ:

«Այսինքն՝ Արևմուտքը զուգահեռաբար պայքարելու է երկու հակամարտ կողմերի դեմ, համենայն դեպս Եվրոպայից հնչող հայտարարությունները խոսում են սրա մասին, մասնավորապես՝ Ֆրանսիան հայտարարում է, որ ուղղակիորեն ներգրավվելու է «Իսլամական պետության» դեմ պայքարում և զուգահեռաբար հարվածելու է Ասադին: Սա նոր իրավիճակ է, և Եվրոպայում այսօր առկա ճգնաժամը՝ կապված փախստականների հետ, թույլ է տալիս կանխատեսել, որ սիրիական հակամարտությունում սկիզբ են առնելու նոր գործընթացներ»,-ընդգծել է բանախոսը:

Արմեն Պետրոսյանը հավելում է, որ վերջին ամիսներին Եվրոպա մուտք գործած փախստականների հոսքը, որն էլ հանգեցրել է ճգնաժամի, հիմնականում Սիրիայից է:

Այս հարցում նա կարևորում է Թուրքիայի դերակատարությունը: «Մինչ այս Թուրքիա- Հունաստան այս գծով փախստականների ներհոսքը շատ սահմանափակ էր: Հուլիսին Թուրքիան պաշտոնապես հայտարարեց կոալիցիոն գործողություններին միանալու մասին: Բայց մինչև այս հայտարարությունը և մինչև պաշտոնապես փաստաթղթեր ստորագրելը, եղել են ամերիկա-թուրքական տևական բանակցություններ. կոալիցիային միանալուն ընդառաջ Թուրքիան առաջարկում էր սեփական նախապայմանները, որոնցից մեկը՝ Սիրիայի հյուսիսում`Հալեպ նահանգում, անվտանգության գոտի ստեղծելն էր, որտեղ էլ հենց կբախվեին այդ փախստականները, և նրանց արտահոսքն անգամ Թուրքիայի տարածք չէր հասնի: Բայց, ինչպես տեսանք, անվտանգության գոտու հարցում կողմերը չեկան ընդհանուր հայտարարի, ինչի արդյունքում էլ էապես մեծացավ փախստականների հոսքը»,-պարզաբանել է նա:

Հետևաբար, նրա կարծիքով, բանակցությունների սեղանի շուրջ չկարողանալով ազդեցություն ունենալ Արևմուտքի դիրքորոշման վրա` Թուրքիան սկսեց արհեստական գործընթաց՝ նպաստելով, որ սիրիացի փախստականները հայտնվեն Եվրոպայում: Այնուհանդերձ, ինչպես նշում է արաբագետը, փախստականների հիմանական բեռն ընկած է հենց Թուրքիայի վրա:

«Թուրքիայի համար կա երկու սկզբունքային խնդիր, առաջինը` տապալել Ասադի վարչակարգը, երկրորդը՝ ձախողել քրդական պետական միավորի առաջացումը: Այսինքն՝ Թուրքիան, անվտանգության գոտի ստեղծելու առաջարկով, նպատակ ուներ իր համար այդ խնդիրները լուծել»,-ամփոփել է Արմեն Պետրոսյանը:

394