Ашот Тавадян

Փորձագետ. Հայաստանի համար ՌԴ վարկերն առանձնանում են արդյունավետությամբ

20
(Թարմացված է 17:57 16.07.2015)
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն արդյունավետ է համարում Ռուսաստանի տրամադրած վարկերը Հայաստանին` ի տարբերություն ՀԲ վարկերի

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանին տրամադրված ռուսական վարկերը նպատակային են և տարբերվում են արդյունավետությամբ, ասաց Հայաստանի տնտեսագիտական համալսարանի տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը։

«Ռուսական վարկերն ամբողջովին նպատակային են և ունեն բարձր արդյունավերություն, մինչդեռ միջազգային կազմակերպությունների, օրինակ, Համաշխարհային բանկի վարկերը, լուրջ վերահսկողություն են պահանջում»,– չորեքշաբթի փորձագետը լրագրողներին ասաց Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։

Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանին Ռուսաստանի տրամադրած 200 միլիոն դոլարի չափի վարկին ժամանակակից սպառազինություն գնելու համար` Թավադյանն ասաց, որ «այդ միջոցներն ամբողջությամբ կուղղվեն մեր երկրի անվտանգության ապահովմանը»։

Հայաստանի Ազգային ժողովը հուլիսի 2–ին վավերացրել է Հայաստանին 200 միլիոն պետական արտահանման վարկի տրամադրման մասին հայ–ռուսական միջկառավարական համաձայնագիրը սպառազինության նորագույն տեսակներ գնելու համար։

Այդ միջոցներով, մասնավորապես, նախատեսվում է 2015-2017 թվականներին ձեռք բերել ռուսական արտադրության ռազմական արտադրանք։ Վարկը տրամադրվում է 13 տարով եռամյա արտոնյալ ժամանակահատվածով և 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով։

20