Д.Медведев провел переговоры с премьер-министромАрмении О.Абраамяном в Сочи

Մեդվեդև. Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանի իրավիճակի հանդեպ

11
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին որոշումը հրահրել է բողոքի ակցիա, որը Երևանում սկսվել է հունիսի 19–ին։ Հայ գործընկերոջ հետ հանդիպմանը ռուս վարչապետը նշել է, որ «վերջին ժամանակը բավական թեժ է եղել»։

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 9–Sputnik. Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Հայաստանում, հինգշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Կցանկանայի լսել Ձեր կարծիքն այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Ձեր երկրում, որովհետև վերջին ժամանակը թեժ է եղել։ Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի դեպքերին, որովհետև դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մտերիմ պետությունը և մեզ, իհարկե, հետաքրիքր է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամական երկրում»,– ասել է Մեդվեդևը հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ կառավարության ղեկավարը  նշել է, որ հաշվի առնելով նախորդ պայմանավորվածությունները` ինքը և Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս–հայկական համագործակցությունը, ինչպես նաև տնտեսության մեջ առկա որոշ խնդիրներ և առաջարկներ, որոնցով դիմել է հայկական կողմը։

Մեդվեդևի խոսքով` բանակցությունների թեմա կդառնան նաև էներգետիկ համագործակցության հարցերը։

Իր հերթին Աբրահամյանը նշել է, որ հանրապետությունը հետևողական ջանքեր կգործադրի Ռուսաստանի հետ փոխազդեցության ամրապնդման ուղղությամբ։ «Ջերմ և բարեկամական հարաբերություններից բացի մենք համագործակցում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչը մեզ համար շատ կարևոր է»,– ասել է Աբրահամյանը ՌԴ վարչապետի հետ հանդիպմանը։

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերի հանդիպումը կշարունակի ռուս–հայկական բանակցություններն ընդլայնված ձևաչափով, որոնց ռուսական կողմից մասնակցում են ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ և խոշոր ընկերությունների ղեկավարներ, մասնավորապես, «Գազպրոմ» ԲԲԸ–ի կառավարման նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Ինտեր ՌԱՈ»–ի ղեկավար Բորիս Կովալչուկը։ Հայկական կողմից մասնակցում են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։

Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։

Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։

Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։ —0-

11