Երևանի մեծածախ ծաղկի շուկան բացվում է վաղ առավոտյան ու միայն մի քանի ժամ է գործում։ Այն ասես դրախտային այգի լինի, որտեղ կարելի է գտնել նույնիսկ հեքիաթային ալ ծաղիկը։
Շուկայի մուտքի մոտ ժպտերես տղամարդը վարդեր է վաճառում, որի ամեն թերթիկը մի գույնի է։ Կան նաև կապույտ, դեղին, սպիտակակարմիր ու բազում այլ երանգների վարդեր։
«Մարտի 8-ին ամենամեծ պահանջարկն ունեն ալ կարմիր վարդերը, դրանք գնում են մեծ քանակությամբ, 2–րդ տեղում են դեղին վարդակակաչներն ու կճուճներով խայտաբղետ ծաղիկները», – ասաց վաճառողներից մեկը։
Որքան առաջ ես գնում, այնքան ավել վառ են դառնում գույները։ Ամեն քայլի վրա կճուճներ են տնային մոխրածաղիկներով ու գնարբուկներով։ Հետո գալիս են անուշաբույր ֆրեեզիաների ու տարբեր տեսակի վարդակակաչների շարքերը` կտրտված ծայրերով, վառ ներկված «երակներով» ու տարօրինակ երանգներով։ Կան նաև լավ փաթեթավորված խոլորձներ ու շուշաններ, բայց դրանք առանձնապես պահանջարկ չեն վայելում, հավանաբար, բարձր գնի պատճառով։
Ծաղիկների նեղ շարքերով վազվզում են ժիր կանայք ու տղամարդիկ` նրանք վերավաճառողներ են։ Ծաղիկներով բեռնված տղամարդիկ տնքալով ու դժգոհություն հայտնելով կրում են վարդակակաչների, վարդերի ու միմոզաների փնջերը։ Բծախնդիր գնորդները, ովքեր ընտրում են յուրաքանչյուր ծաղիկ, չափում են դրա երկարությունն ու կոկոնների բոյերը։ Այնտեղ այդպիսի գնորդներին առանձնապես չեն սիրում։ Ասում են` այդ բծախնդիր ամուսինները կամ փեսցուները միայն մեկ կամ երկու ծաղկեփունջ են գնում, բայց լավ տանջում են վաճառողներին։
Վերավաճառող կանայք թարս են նայում ոգևորված լուսանկարիչներին, որոնք փորձում եմ նկարել բոլոր գույներն ու ծաղիկները։ Լույսը բացվում է ու շուկայի պատկերն էլ ավելի գեղեցիկ ու վառ է դառնում։