ԵՐԵՎԱն, 14 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական օգնություն են հասցրել մանկական հիվանդանոցներին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ստեփանակերտի մանկական հիվանդանոցներից մեկին ռուսական բարեգործական կազմակերպությունների անունից հանձնվել են մասնագիտացված բժշկական սարքավորումներ, միանգամյա օգտագործման բժշկական հագուստ և ախտահանիչ միջոցներ։
«Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում իրականացվել է հումանիտար-բժշկական ակցիա՝ մասնագիտացված բժշկական սարքավորումների հանձնում, որոնք շատ անհրաժեշտ էին այդ բուժհաստատությանը: Բացի այդ, տրվել են մեկանգամյա բժշկական խալաթներ, հիվանդանոցի անձնակազմի համար նախատեսված բժշկական դիմակներ և ախտահանիչ միջոցներ»,-հայտնել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը։
Մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Մելքումյանը Ռուսաստանի խաղաղապահ ուժերին շնորհակալություն է հայտնել այս բարդ շրջանում երեխաներին օգնելու համար:
«Հետպատերազմական շրջանում մեր ժողովուրդն իսկապես նման մարդասիրական ակցիայի կարիք ունի»,-ասել է գլխավոր բժիշկը:
Ռուս խաղաղապահները արդեն ավելի քան 160 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Արցախի բնակիչներին, այդ թվում՝ մասնագիտացված բժշկական սարքավորումներ և առաջնային ախտորոշման հավաքածուներ՝ առողջապահական հաստատությունների համար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են