Սիմոնյանների ընտանիքը

«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը

1294
(Թարմացված է 20:35 23.05.2021)
Սիմոնյանների ընտանիքին Շուշիից մեքենայով հանել է նրանց 15-ամյա որդին` Հայկը։ Տնից ոչինչ չեն վերցրել, որովհետև ամենավատ երազում անգամ չէին կարող պատկերացնել, որ Շուշին թշնամուն է մնալու։ Նույնիսկ հիմա է տղայի հայրը վստահ, որ Շուշի են վերադառնալու։ Մայրը տխուր ժպտում է։

Սիմոնյանների ընտանիքը մինչև պատերազմն ապրում էր Շուշիում` Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիների մեջտեղի հատվածում գտնվող 2 շենքերից մեկում։ Նրանց տան մի պատուհանից երևում էր Ղազանչեցոցը, իսկ մյուսից` Կանաչ ժամը. ամեն առավոտ ընտանիքն արթնանում էր երկու եկեղեցիների զանգերից... Տանտիկինը` Նարինե Խաչատրյանն ասում է` միշտ մտածել են` եկեղեցիների արանքում են ապրում, Աստված իրենց պահելու է...

Мама Айка Симоняна Нарине Хачатрян
© Sputnik / Karine Harutyunyan
Նարինե Խաչատրյան

Սիմոնյանների հետ ծանոթանում եմ Ստեփանակերտում, որտեղ տեղավորվել են պատերազմից հետո` թշնամուն թողնելով Շուշիի իրենց տունն ու ունեցվածքը։ Մթնոլորտն այնպիսին է, ասես մորաքրոջս ընտանիք եմ այցելել. միանգամից սկսում ենք դեսից–դենից զրուցել` մոռանալով հարցազրույցի մասին։ Իհարկե, այդ հարցում «մեղավոր» է նաև 2 տարեկան Էվան, որն անընդմեջ իր խաղալիքներն է բերում և ինձ ցույց տալիս, թե` տես, ինչ սիրուն են։ Էվայի խաղալիքները նոր են. իր սիրելի տիկնիկները մնացել են Շուշիի տանը։

Сестра Айка Симоняна Эва
© Sputnik / Karine Harutyunyan
Փոքրիկ Էվան

Էվան տան տրամադրությունն ապահովում էր նաև մինչև պատերազմը, երբ ապրում էին սովորական, խաղաղ կյանքով։ Տանտիկինը` Նարինե Խաչատրյանը, Շուշիի դպրոցներից մեկում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր աշխատում, ամուսինը` Վրեժ Սիմոնյանը, զինվորական էր։ Երեխաներից Հայկն ու Մարիամը դպրոց էին գնում։ Ընտանիքում սովորություն կար կիրակի օրերին, երբ տան տղամարդը տանն էր, հավաքվել ամառանոցում և օրն անցկացնել միասին։ Պատերազմը սկսվելու օրը` սեպտեմբերի 27-ին, կիրակի էր և տիկին Նարինեն վաղ էր արթնացել, որ ամառանոց գնալու պատրաստություն տեսնի։

«Առավոտ շուտ լավ արև էր, բայց հանկարծ որոտի ձայն լսեցի... Հասկացա, թե ինչ է կատարվում, բայց չէի ուզում հավատալ, որ պատերազմ է սկսվել։ Խուճապի էի մատնվել։ Հետո ամուսինս խոսեց ինձ հետ, սթափեցրեց ինձ։ Երեխաներին արթնացրինք և նկուղ իջանք»,–պատմում է Նարինեն։

Կարճ ժամանակ անց, սակայն, հասկացել են, որ պետք է հեռանան տնից։ Վրեժը պետք է մեկներ պատերազմ և ընտանիքը մնում էր 15–ամյա Հայկի հույսին։ Որոշեցին Եղցահող մեկնել։ Իրենց Շուշիի տնից մինչև Եղցահող 45-50 րոպեի ճանապարհ է։ Տղան, ճիշտ է, մեքենա վարել գիտեր, սակայն միշտ հոր ներկայությամբ և բավական կարճ ժամանակով ու հեշտ ճանապարհով էր վարել մեքենան։

Айк Симонян
© Sputnik / Karine Harutyunyan
Հայկ Սիմոնյան

«Ճանապարհին լիքը մեքենաներ կային։ Մարդիկ խուճապի մեջ էին և վարում էին ինչպես պատահի` իրար «աբգոն» անելով, լավ արագ։ Մեկ մետր ազատ տարածություն չկար։ Պատասխանատվությունը շատ մեծ էր ինձ վրա, բայց հայելու միջից նայում էի ընտանիքիս անդամներին ու փորձում ցրել լարվածությունս, իրար չխառնվել։ Շատ դանդաղ էի վարում` ինչպես պապան էր ասել»,–պատմում է Հայկը։

Ամեն կիրակի անակնկալի ենք սպասում. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանք այցելելու մասին

Տղան բնավորությամբ էլ բավական հանգիստ ու կշռադատված է, սակայն խոստովանում է` որքան էլ ուզես իրար չխառնվել, վախ, բնականաբար, մի փոքր կար։ Մանավանդ, երբ մեքենան լիցքավորելու համար կանգնել էին գազալցակայաններից մեկի մոտ և այդ պահին մոտիկ մի տեղ թշնամին հարվածում էր։ Հայկն ընտանիքին գյուղ հասցրեց ողջ-առողջ։

Айк Симонян с мамой Нарине Хачатрян и сестрой Мариам
© Sputnik / Karine Harutyunyan
Նարինե Խաչատրյանը որդու և դստեր հետ

Եղցահողում մնալու ընթացքում Նարինեն մեկ անգամ է Շուշի վերադարձել` մի քանի տաք հագուստ վերցնելու, սակայն չի մտածել, որ վերջին անգամ է տունը տեսնում։ Անգամ տան փաստաթղթերը չի վերցրել իր հետ։

Եղցահողում նույնպես երկար չեն կարողացել մնալ` թշնամին թիրախավորել էր գյուղի ճանապարհը և ստիպված էին երեխաներին Հայաստան տեղափոխելու որոշում կայացնել։

«Մենք և ամուսնուս եղբոր ընտանիքը երկու մեքենաներով պետք է Հայաստան գայինք, և մեր հույսը նորից Հայկն էր։ Ես, իհարկե, շատ անհանգիստ էի, բայց ճար չունեինք։ Ճանապարհին մի քանի անգամ անցակետերում կանգնեցրին, ոստիկաններից մեկը նույնիսկ ասաց` «բոլորիս գլուխն ուտելու է» տղաս։ Մեկ ուրիշն էլ չէր ուզում թույլ տալ, որ շարունակենք ճանապարհը, բայց երբ ասացինք, որ ամուսինս առաջնագծում է և չկա որևէ մեկը, որը կարող էր մեզ տեղափոխել, թույլ տվեց շարունակել ճանապարհը»,–պատմում է Նարինեն ու հավելում` պատերազմից հետո որդին միանգամից հասունացել է։

Երևանում Նարինեին դժվար օրերին էին սպասում։ Եվ ահա առաջին լուրջ հարվածը` Ղազանչեցոցի ռմբակոծումը։ Նարինեն պատմում է, որ եթե մինչ այդ կարողանում էր իրեն զսպել, ապա լուրն իմանալուց հետո ինքն էլ, աղջիկն էլ մի ողջ օր լացել են։

Мама и младшая сестра Айка Симоняна Нарине Хачатрян и Эва
© Sputnik / Karine Harutyunyan
Նարինե Խաչատրյանը դստեր` Էվայի հետ

Երևանում ամենադժվարը Ղազանչեցոցի ռմբակոծման լուրը չէ, որ ընտանիքը տարել է. Շուշին հանձնելուց մեկ օր առաջ Վրեժը զանգել ու կնոջն ասել է` Շուշին հանձնել են։ Նարինեն չի թաքցնում` ամուսնուն պատասխանել է, թե չի հավատում նրան, քանի որ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նման բան չէր ասել։

«Երբեք չենք մտածել, որ պատերազմ չի լինի, բայց հույս ունեինք, որ լավ է լինելու, ոչ թե այսքան սարսափելի։ Շուշին կորցնելու մասին ընդհանրապես չենք մտածել։ Ավելին, Շուշիի ներքևի գյուղերից, Ստեփանակերտից մարդիկ իրենց թանկարժեք ապրանքները, «օժիտ-մօժիտը» պատերազմի օրերին բերել և Շուշիում են պահել` մտածելով, որ մեզ մոտ ավելի ապահով է»,–ասում է Նարինեն։

Կինն ասում է` հիմա որևէ ծրագիր չունեն, չգիտեն` հետո ինչ է լինելու, ինչ են անելու. նախկինում ամեն ինչ կապված էր Շուշիի հետ։ Հիմա, հատկապես Ղազանչեցոցի գմբեթները հանելուց և Կանաչ ժամն ավերելուց հետո, դժվար է ծրագիր կազմել։

Ի դեպ, զրույցի ողջ ընթացքում Նարինեն զսպում էր իրեն, որ չհուզվեր, բայց երբ հերթը հասավ եկեղեցիները պղծելուն, հուզմունքը թաքցնել այլևս չկարողաացավ։

«Ամուսինս սահմանից տեսել է մեր տունը». թաղավարդցու կյանքը` գյուղը փշալարով կիսելուց հետո

Ավելին, Նարինեի քչախոս և համեստ ամուսինը` Վրեժն էլ, լսելով, որ եկեղեցիների մասին ենք խոսում, հանկարծ միացավ զրույցին, ասաց` 20 տարի Շուշիում է ապրել, 4 սենյականոց բնակարան ունեին, նաև ավտոտնակ ու խանութ, բայց հիմա ոչ մի բան աչքին չի երևում` թող ամեն ինչ քանդեին, միայն թե եկեղեցուն ձեռք չտային։

«Աշխատում եմ Երևան գնալիս չանցնել այն ճանապարհով, որտեղ Շուշիի մոտ ադրբեջանական դրոշն է հիմա, թե չէ` երեք օր չեմ կարողանում քնել... Մեկ է, էլի հետ ենք գնալու. ես այնքան եմ Ջդրդուզ գնացել, որ Ալիևը դրա կեսն էլ չի հասցնելու։ Հիմա, օրինակ, պետությունից տուն չենք ուզում, թող էդ փողը տան` գնանք մեր Շուշիի տունը վերանորոգենք»,–ասում է Վրեժն ու դուրս գալիս սենյակից։

Նարինեն թեև հույս չունի, որ կվերադառնան, սակայն նշում` եթե Շուշիից մեկ քար էլ թողնի թշնամին, իրենք կշենացնեն հարազատ քաղաքը։

  • Հայկ Սիմոնյանը քրոջ` Էվայի հետ
    Հայկ Սիմոնյանը քրոջ` Էվայի հետ
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Հայկ Սիմոնյանի նկարներից
    Հայկ Սիմոնյանի նկարներից
    © Photo : provided by Hayk Simonyan
  • Հայկ Սիմոնյանի նկարներից
    Հայկ Սիմոնյանի նկարներից
    © Photo : provided by Hayk Simonyan
  • Հայկ Սիմոնյանը ցույց է տալիս իր նկարած նկարները
    Հայկ Սիմոնյանը ցույց է տալիս իր նկարած նկարները
    © Sputnik / Karine Harutyunyan
  • Նարինե Խաչատրյանը դստեր` Էվայի հետ
    Նարինե Խաչատրյանը դստեր` Էվայի հետ
    © Sputnik / Karine Harutyunyan
1 / 5
© Sputnik / Karine Harutyunyan
Հայկ Սիմոնյանը քրոջ` Էվայի հետ
1294
թեգերը:
Շուշի, ընտանիք, Պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ
Հերթական վանդալիզմն Ադրբեջանի կողմից. պղծվել է Շուշիի Կանաչ ժամը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկակի ստանդարտներով է առաջնորդվում. արվեստաբանը`հայկական հետքի ոչնչացման մասին
Աճյունների որոնման աշխատանքներ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 6 աճյուն

102
(Թարմացված է 20:04 03.08.2021)
Աճյուններից 3–ը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողությանն անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

«Ընդհանուր առմամաբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո»,–նշված է հաղորդագրության մեջ:

Վարանդայում հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից որոնողական աշխատանքների ընթացքում տարհանվել է 1629 աճյուն:

102
թեգերը:
Արցախ, Արցախյան պատերազմ, զինծառայող, Զոհ, Դիակ, աճյուն
Ըստ թեմայի
Պատկերացնում եմ՝ ինչպես եմ Հադրութ մտնում, գերեզման վազում․ արցախցիների կյանքը կռվից հետո
Արցախի դիրքերից մեկի մոտակայքում 23–ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Խաղաղապահներն Արցախում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել
Խաղաղապահ, արխիվային լուսանկար

Խաղաղապահներն Արցախում ժամանակակից մարտ վարելու մարտավարություն են մշակել