Հակոբ Կոշկարյան

Սիրիահայը Մարտակերտն ազատագրում էր դեռ 90-ականներին. այսօր նրան ուզում են վտարել տնից

381
(Թարմացված է 22:34 04.05.2021)
Հակոբը հաջողությամբ մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի Ապրիլյան քառօրյայի մարտերին, 2020 թվականին կամավորների խումբ է համակարգել. այսօր  նրա ընտանիքին, որն այստեղ ապրել է 30 տարի, ուզում է վտարել հանկարծակի հայտնված «տանտերը»։

2020 թվականի հոկտեմբերին Արցախյան պատերազմը լուսաբանելու ընթացքում Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հանդիպել էր կամավորական ջոկատներից մեկի անդամների հետ։ 

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում այս խումբն ամենահաջողներից մեկն էր և հասցրել էր իր մեծ ներդրումն ունենալ Մարտակերտի ազատագրման գործում։

Սիրիացի կամավորը

Հակոբ Կոշկարյանը 1992 թվականին` Արցախյան առաջին պատերազմի թեժ պահին, Հայաստան էր եկել Սիրիայից որպես կամավոր։ Մարտակերտի շրջանում նա իր առաջին մարտն էր տվել ադրբեջանցիների դեմ։ Ջոկատն իրեն հրաշալի էր դրսևորել մարտերում` նրանք սկսել էին ինքնաձիգերով, բայց շուտով նրանց ավարները դարձան «Շիլկան», «Գրադը», БМП –ն (հետևակի մարտական մեքենա)…

Отряд добровольцев первой Карабахской войны
© Sputnik / Aram Nersesyan
Արցախյան առաջին պատերազմի կամավորականների ջոկատը

Կանոնավոր բանակի (Պաշտպանության բանակի) ստեղծումից հետո կամավորների մի մասը հեռացավ, մյուս մասը համալրեց այն։ Հակոբը մնաց, հասցրեց ամուսնանալ։

1993 թվականին ժամանակավոր հրադադար էր հաստատվել, և նա կնոջ հետ բնակվեց Շուշիում, այնտեղ ծնվեց նրանց առաջնեկը։ Հակոբն աշխատանքի տեղավորվեց Լիսագորի մաքսակետում։

Մի քանի ամիս անց մարտական գործողությունները վերսկսվեցին։ Հակոբը, որին անվանում էին «սիրիացի», կրկին կռվի գնաց, եղավ ռազմաճակատի տարբեր հատվածներում, ավելի ուշ միացավ իր ջոկատին (ստարաբաժանմանը) Մարտակերտում։

Военный билет Акопа Кошкаряна
Հակոբ Կոշկարյանի զինվորական գրքույկը

1994 թվականի մայիսի սկզբին նա դիմեց հրամանատարությանը, ու ընտանիքն ավելի մոտ տեղափոխեց։ Կինն ու երեխան բնակվեցին Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի դատարկ (կիսավեր) տներից մեկում` զորանոցից ոչ հեռու։

«Մայիսի 10–ին մարտերը դեռ շարունակվում էին։ Գյուղում ոչ ոք չկար, խոտը 3-4 մետր էր հասել, այնտեղ միայն զորանոցներ ու զինվորականներ կային։ Քաղաքացիական բնակչությունից ընտանիքս էր միայն երեխայի հետ (5-6 ամսական), ու մի այծ ունեինք։ Նույնիսկ խանութ չկար»,– պատմում է Հակոբը։

Պատերազմից հետո Հակոբն աստիճանաբար սկսեց բարեկարգել տունը։ Եվս երկու երեխա ունեցավ։ Ընդ որում ժամանակի մեծ մասը (երբեմն ամիսներ) «սիրիացին» ծառայության մեջ էր անցկացնում` առաջնագծում` հազվադեպ լինելով տանը։

«Փոքր երեխաներս, պատուհանից ինձ տեսնելով, ոչ թե «հայրիկ» էին ասում, այլ «էն մարդն եկավ»։ Մեկը մի մահճակալի տակ էր մտնում, մյուսը` մյուս»,– պատմում է Հակոբը։

Член добровольческого отряда сириец Акоп Кошкарян беседует с корреспондентом Sputnik Армения Давидом Галстяном
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբ Կոշկարյանը զրուցում է Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանի հետ

Դատարկ խոստումներ

Ամեն տարի Հակոբին խոստանում էին նույն Աղաբեկալանջում նոր տուն տալ, բայց ապարդյուն։ Այդպես էլ օգնություն չստանալով` նա սկսեց ինքնուրույն կառուցել, բայց Նոր Կարմիրավան գյուղում (կրկին` Մարտակերտի շրջան)։ Այնտեղ հողամաս կար, որտեղ նա բանջարեղեն էր աճեցնում։ Շինարարության հարցում նրան օգնում էին ընկերները։ Նույնիսկ արդեն երեխաներին էր հասցրել գրանցել այնտեղ, և պետք է տեղափոխվեին... Նոր Կարմիրավան գյուղն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հայտնված սեփականատերը

Ինչ վերաբերում է Աղաբեկալանջի հին տանը, ինչ–որ պահի պարզվեց, որ փաստաթղթերով այն սեփականատեր ունի։ Եվ այդ սեփականատերը Ռուսաստանում է բնակվում։ Հակոբը պնդում է, որ բնակություն հաստատելու պահին նա հստակ գիտեր, որ սեփականատեր չկա և տունն էլ ոչ մեկինն է, այն էլ՝ կիսավեր։ Նա կարծում է, որ տարիներ անց անօրինական ճանապարհով տունը ձևակերպվել է ուրիշի անունով։

2020 թվականի օգոստոսին հայտնվեց իբրև թե տանտիրոջ քույրը լիազորագրով, տունն իր անունով ձևակերպվեց և սկսեց պահանջել, որ Հակոբի ընտանիքն այն ազատի մեկ ամսից։ Դատարանը որոշում կայացրեց` միայն այն բանից հետո, երբ նոր բնակարան կգտնի։

Члены добровольческого отряда Галуст и сириец Акоп
© Sputnik / Aram Nersesyan
Կամավորական ջոկատի անդամներ Գալուստն ու «սիրիացի» Հակոբը

Կրկին ժամանակավոր տուն

Այժմ Հակոբին ժամանակավոր տուն են առաջարկում նույն գյուղում։ Տունը կիսավեր է, մեջն էլ ծառ է աճել։ Վերանորոգումն իշխանությունները երաշխավորում են, միայն թե տունը տրվում է 5 տարով։

Հակոբն ընկերների և որդու հետ մաքրել են տունը, կտրել ծառը, ցանկապատ կառուցել։ Բայց մինչ օրս իշխանությունների կողմից խոստացված բանվորները չկան. նրանք պետք է տունը կարգի բերեին, որ հնարավոր լիներ ապրել։

Հիմա Հակոբը չի ուզում ընտանիքին Արցախում թողնել։ Նա ճիշտ է համարում կնոջն ու երեխաներին Հայաստան տեղափոխելը։ Իսկ ինքը պատրաստ է ապրել այդ ժամանակավոր տանը։ «Էս լեռներում բոլոր արահետները գիտեմ, ավելի հեշտ կլինի պաշտպանվելը»,– ասում է տղամարդը

Նա միակը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում։ Արցախում օգնության մեծ մասը նպատակակետին չի հասնում, այդպես է եղել նաև 90-ականներին։

Член добровольческого отряда сириец Акоп Кошкарян
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբ Կոշկարյան

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը Sputnik Արմենիային ասաց, որ ծանոթ է խնդրին, բայց դա միակ դեպքը չէ։

«Պետք է ինչ–որ բան մտածել, անել, տուն կառուցել։ Հասկանում եք, մենք հիմա բազմազավակ ընտանիքներ ունենք, զոհվածների ընտանիքներ, որոնք գրեթե դուրսն են մնացել։ Նույնիսկ նրանց հարցը դեռ չենք կարողանում լուծել», – ասաց Բախշիյանը։

Հանրակացարանի հետ կապված պատմություն

Հակոբը հույս ուներ ընտանիքին Երևան տեղափոխել՝ փախստականների համար նախատեսված հանրակացարան, որտեղ նախկինում ապրում էր նրա եղբայրը` Եղիան։ Եղբայրը պատերազմից մի քանի ամիս առաջ մահացել է։ Հակոբը նրան թաղել է Արցախի Մարտակերտի շրջանում (նույն` Նոր Կարմիրավան գյուղում)։

Սակայն եղբոր սենյակում բնակվել նրան չհաջողվեց. հանրակացարանի տնօրենը` Մուրադ Մեժլումյանը հրաժարվեց նրան որպես Եղիայի ազգական ճանաչել` ազգանվան մեջ մեկ տառի տարբերության պատճառով։

Արդյունքում` ազգակցական կապն ապացուցելու համար պետք էր դատարան դիմել։ Հակոբն ամեն ինչ արեց հարկ եղածի պես, սակայն մի բան հաշվի չառավ։ Եղբոր սենյակը սեփականաշնորհված չէր, այդ պատճառով նրա մահից հետո այն անցնում էր պետությանը, պետությունն էլ իր հերթին արդեն նոր տերեր էր գտել։

Житель Мартакертского района Карабаха сириец Акоп Кошкарян
© Sputnik / Aram Nersesyan
Հակոբ Կոշկարյան

«Ես նույնիսկ եղբորս իրերն այնտեղից չեմ հանել։ Հեռախոսով ինձ հայտնեցին, որ իրերն ինչ–որ տեղ են դրել», – ասաց Հակոբը։

Հանրակացարանի տնօրեն Մուրադ Մեժլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ օրենքով, եթե սենյակի տերը միայնակ է և նա մահանում է, սենյակն իրավական ակտի հիման վրա տրամադրվում է մեկ այլ փախստականի։ Նա հավելեց, որ Հակոբը պետք է միգրացիոն ծառայություն դիմեր՝ որպես բնակարանի կարիք ունեցող։

Եթե սենյակը սեփականաշնորհված լիներ, ապա որպես ժառանգություն Հակոբը կարող էր հավակնել այդ սենյակին։ Իսկ հիմա միգրացիոն ծառայությունը այն սիրիացի մեկ այլ փախստականի է հատկացրել։ Նոր տերը, Մեժլումյանի խոսքով, պահպանել է Հակոբի եղբոր անձնական իրերը, և նա կարող է գալ դրանց հետևից։

Իսկ մինչ այդ «սիրիացին» ապրում է Մարտակերտում «օտարի» տանը և չգիտի, թե ինչ կլինի հետագայում...

381
թեգերը:
սիրիահայ, Մարտակերտ, Ազատամարտիկ, Արցախ
Ըստ թեմայի
Գնացողները շատ են, բայց եկողներ էլ կան․ Սամվելը ՌԴ–ում թողել է ընտանիքն ու եկել հայրենիք
Բժիշկ-կամավորականները հիմնադրամ են ստեղծել Արցախում վիրավորված զինվորներին օգնելու համար
Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր
Վլադիմիր Կազիմիրովը

Հանդուգն մարտահրավեր միջազգային հանրությանը. Կազիմիրովը վերլուծել է Արցախյան պատերազմները

144
(Թարմացված է 00:46 13.05.2021)
Արցախի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Sputnik-ի խնդրանքով հիշել է 27 տարվա վաղեմության իրադարձությունները: 1994թ. մայիսի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Բայց պատերազմը կրկնվեց...

Ժամանակն է վերլուծել, թե ինչ է եղել 44-օրյա պատերազմից (2020թ․ սեպտեմբերի 27 – նոյեմբերի 10) առաջ և հետո։ Բազմաթիվ ռուսաստանցիներ արդարացիորեն դատապարտեցին այն սկսողների, առաջին հերթին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուխտադրժությունը։ Դրան կտրուկ պատասխանեցին ադրբեջանական մամուլում։ 

Զինադադարի խախտումն ինչ-որ դատարկ բան չէ։ Ըստ էության, դա հանցագործություն է, ակնհայտորեն սկանդալային գործ։ Ոչ բոլորն են շտապում կարծիք հայտնել, բայց այդ ուխտադրժության էությունը լայնորեն ճանաչվում է նաև Ռուսաստանի սահմաններից դուրս։ Ցանկացած պետության ղեկավարի սխալները, առավել ևս՝ հանցագործությունները, չեն ողջունվում։ Իսկ չէ որ մինչ այդ` 26 տարի (1994.-ի մայիսի 12-ից) Ռուսաստանի ձեռք բերած զինադադարը պահպանվում էր։ Հակամարտության կողմերը կարող էին լուծել այն բանակցությունների միջոցով։ Բայց հիմա Բաքվում այդ մասին ոչ մի բառ չի ասվում։

Ցավոք, Բաքվի ԶԼՄ-ներին դժվար է վստահել․նրանք կարող են աղավաղել անգամ չակերտների մեջ գրված բառերը։ Վաղուց արդեն այնտեղ ամենակարևորը ռուսաստանցի հեղինակներին հայհոյելն ու վիրավորելն է, իսկ հակամարտության խնդիրների էությունը երկրորդական է։ Դա ցույց տվեց նաև Զուլֆագար Իբրահիմովը (Day.az): Նա ղարաբաղյան պատերազմների պատմության մեջ խճճված միակ մարդը չէ։ Չիջնելով փոխադարձ հայհոյանքների մակարդակին` անդրադառնամ միայն Բաքվի շեղումներին, որոնք վաղուց արդեն համակարգային են դարձել այս հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական ուղենիշները ներկայացնելիս։

Ռուսաստանն առաջինն էր, որ սկսեց այնտեղ միջնորդություն իրականացնել 1991թ․-ի սեպտեմբերից։ Առաջին պատերազմում միջնորդները հատկապես ակտիվ էին 1993թ․-ին (ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 4 բանաձև ընդունեց, Ռուսաստանը մի շարք արդյունքների հասավ, աշխատում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը), ինչպես նաև պատերազմի վերջին տարում՝ 1994թ․-ին, երբ Մոսկվան մայիսին զինադադարի հասավ, կանգնեցրեց 2,5 տարի ձգված պատերազմը։ Բաքվի մամուլն ակնհայտորեն չի հասկանում հակամարտությանը խաղաղ լուծում փնտրողների տրամաբանությունն ու գործողությունների հաջորդականությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի կառույց է, որի նշանակությունը պետությունների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելն է։ Ժամանակին ես ստիպված եմ եղել ցույց տալ Ադրբեջանի Հանրապետության վրիպումները Ղարաբաղի հարցով ԱԽ բանաձևերի նկատմամբ։ Հայերի կողմից Քելբաջարի ազատագրման պատճառով ԱԽ-ն, Բաքվի նախաձեռնությամբ, 1993թ․-ի ապրիլի 30-ին ընդունեց 822 բանաձևը։

ՌԴ–ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղի զինված հակամարտությունը դադարեցնելու գործում. Պուտին

Բայց նախագահ Էլչիբեյը չէր ցանկանում կատարել այն՝  ռազմական և թշնամական բոլոր գործողություններն անհապաղ դադարեցնելու պահանջի պատճառով (չնայած որ ԱԽ-ն պահանջում էր նաև հայերի օկուպացիոն ուժերը դուրս բերել Ադրբեջանի Հանրապետության շրջաններից)։ Այն ժամանակ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իտալիան և անգամ Թուրքիան կողմերին կոչ էին անում հետևել բանաձևին։ Հայերը համաձայնեցին, իսկ Ադրբեջանը նույնիսկ չպատասխանեց։

Այն ժամանակ ընդամենը ադրբեջանական երկու շրջան էր  հայերի վերահսկողության տակ՝ Լաչինն ու Քելբաջարը (երկուսն էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև են)։ Բայց Բաքուն կարծում էր, որ ուժով կկոտրի հայերին և շարունակում էր պատերազմը՝ նորանոր շրջաններ կորցնելով։ Չէին կատարվում նաև ԱԽ մյուս բանաձևերը, թեև դրանք չկատարողներին խնայում էին։ Սակայն 884 բանաձևում (1993թ․ նոյեմբերի 12) արդեն պարզ երևում է, որ հրադադարը խախտողն Ադրբեջանի Հանրապետությունն էր (թեև հավասարակշռությունը պահելու համար ԱԽ-ն այնտեղ նաև հայերին է կշտամբում)։ Այսինքն` կես տարի անց հայերն արդեն Ադրբեջանի 7 շրջան էին գրավել (5+2): Չորս բանաձևերի ձախողումը վնաս էր հասցնում ԱԽ-ի հեղինակությանը․Ղարաբաղի հարցով այն այլևս բանաձևեր չընդունեց։

Բացի այդ, ադրբեջանցիներն ավելի հաճախ էին խախտում Ռուսաստանի շնորհիվ ձեռք բերված կարճ հրադադարները, քան հայերը։ Հայերի առաջխաղացումը 1993թ.-ի աշնանը և ձմեռային հակահարձակման ձախողումն ադրբեջանական իշխանություններին ավելի իրատես դարձրին՝ նրանց ռազմական գործողությունները սպասված արդյունքին չէին հանգեցնում։ Ի հեճուկս ԱԽ-ի անհաջողությունների՝ Ռուսաստանն ավելացրեց իր միջնորդական ջանքերը։

1994թ․-ի ապրիլի 15-ին ՌԴ նախաձեռնությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհուրդը (Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ) հայտարարություն ընդունեց, որով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և ամրապնդել հրադադարը։ «Առանց դրա հնարավոր չէ անցնել ողբերգական հակամարտության հետևանքների վերացմանը»,-ասվում է հայտարարության մեջ։ Բայց արդյոք զինադադարը 26 տարվա ընթացքում ամրապնդվե՞ց։ Ո՞վ էր ամեն կերպ խուսափում դրանից։ Իհարկե Բաքուն։ Իսկ առանց զինադադարի հուսալի ամրապնդման ինչպե՞ս է հնարավոր վերացնել հակամարտության հետևանքները։

Թեհրանը քիչ է զբաղվել Արցախի խնդրով. Իրանի նախագահի թեկնածու

Այնուհետև դեպի հրադադար էր տանում Բիշքեքում կայացած խորհրդակցությունը (1994թ․-ի մայիսի 4-5)։ Բաքվի ԶԼՄ-ներն այստեղ շփոթվել էին։ Խորհրդակցում էին ոչ թե Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գործադիր իշխանության գործիչները, այլ խորհրդարանների խոսնակները։ Նրանց համար կարևոր էր աջակցել ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարությանը, կողմերին պատերազմը դադարեցնելու կոչ անել։ Եվ որքան ուրախ է Իբրահիմովը, որ Բիշքեքի արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա անժամկետ հրադադարի մասին։ Բայց այնտեղ հրադադարի մասին դեռ ոչ մի խոսք լինել չէր կարող․Բիշքեքն ընդամենը հրադադարի կոչ էր անում։ Իսկ մի՞թե նա չգիտեր, որ երբեմն անժամկետությունը պայմանագրին տրվում է ոչ թե տեքստով, այլ ինքնըստինքյան։ Իբրահիմովը կարող էր հայտնաբերել դա նաև Ադրբեջանի Հանրապետության պայմանագրերում ու համաձայնագրերում, բայց ուշադիր չէր նայել։

Վերջապես, 1994թ․-ի մայիսի 9-11-ը հակամարտության երեք կողմերը Մոսկվա ուղարկված բացարձակապես նույնական նամակներով (առանձին-առանձին, ինչպես ուզում էր Հ․Ալիևը) պարտավորվեցին դադարեցնել մարտերը և անցնել բանակցությունների։ Այնտեղ նույնպես հրադադարի անժամկետության մասին խոսք չկար։ Ընդ որում, նախորդ հրադադարների ժամանակ միշտ ժամկետ նշվել է (մեկ շաբաթով, երեք օր կամ ավելին)։ Իսկ այստեղ հանկարծ ժամկետ չկա։ Մոռացե՞լ են։ Ոչ։ Փորձառու Հեյդար Ալիևը չէր կարող չիմանալ, թե ինչ է դա նշանակում։

Նա իմ ներկայությամբ պաշտպանության նախարար Մամեդովին հանձնարարեց ստորագրել այդ նամակը։ Նամակի առաջին տարբերակում Ադրբեջանին դիմակայում է միայն Լեռնային Ղարաբաղը (ՀՀ-ն ավելի ուշ մտավ համաձայնագրի մեջ, բայց կարող էր և չմտնել)։ Պետք է խոստովանեմ, որ Հեյդար Ալիևի օրոք Բաքվի կողմից միջադեպեր և աղմկահարույց հայտարարություններ եղել են, բայց հրադադարն այնուամենայնիվ պահպանվում էր։

2020թ․-ի սեպտեմբերի 27-ին հրադադարի լայնածավալ խախտումն այդ գործողությունների պսակն է, որն ավելացնում է կասկածները, թե ադրբեջանական կողմն ունա՞կ է հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին։ Բաքուն վաղուց էր գայթակղվում այդ մեղքով։ Զինադադարից բացի, նա կոպտորեն խախտել մի շարք միջազգային փաստաթղթեր։ Դրանց թվում է ՄԱԿ-ի կանոնադրությունը (2-րդ հոդվածի 4-րդ կետ), չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշում չի եղել։

Խախտվել է Հելսինկյան եզրափակիչ ակտը, որը սկզբունքորեն մերժում է ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը։ Բայց Բաքվի ներկայիս իշխանությունը սովոր է սպառնալիքներին, ուժի կիրառմանը, ինչով անգամ պարծենում է։ Մի՞թե սա հանդուգն մարտահրավեր չէ միջազգային հանրությանը։ Նրա մի շարք հայտարարություններն ու գործողություններն ակնհայտորեն վայել չեն պետության ղեկավարին։ Բայց Ադրբեջանի ԶԼՄ-ներում այդ ամենի մասին երբեք գրվում։

Փոխարենը մեկ այլ կեղծիք է աչքի զարնում․հայերի կողմից ադրբեջանական 7 շրջանների երկարատև օկուպացիան որպես casus belli՝ պատերազմի դրդապատճառ ներկայացնելու փորձերը։ Բաքուն կարծում է, թե բոլորը մոռացել են իրենց հողերի օկուպացիան ընդլայնելու պատմությունը։ Օկուպացիան ռազմական գործողությունների պտուղն է, դրանց արդյունքը։ Իսկ ո՞վ չէր դադարեցնում մարտերը, չնայած ՄԱԿ-ի ԱԽ որոշումներին և միջնորդների առաջարկներին։ Բաքուն ինքն է օգնել այդ հողերի գրավմանը։ Հակառակ դեպքում հայերն այդ շրջաններ չէին ազատագրի։ Նման «համահեղինակությունը» որպես casus belli ներկայացնելն անհեթեթություն է։

1994թ․-ին մարտական գործողությունները դադարեցնելուց հետո կողմերը բանակցություններ էին վարում, բայց դրանք ծուլորեն էին ընթանում, արդյունք չէին տալիս հենց հակամարտության կողմերի, այլ ոչ թե միջնորդների մեղքով, ինչպես Բաքուն է ներկայացնում։ Անվտանգության խորհրդի բանաձևերը չեն կատարվել, բայց չեն էլ չեղարկվել։ Օգտվելով նրանից, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարում դրանք, հայերը գրաված տարածքներից չէին հեռանում։

Քանի պատերազմը չի ավարտվել, գրաված հողերից հեռանալն այնքան էլ հեշտ չէ։ Հայերը դրանք Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի էին անվանում։ Իսկ 1994թ․-ի մայիսին հաստատված հրադադարն ամենևին էլ ԱԽ բանաձևերի կատարումը չէր (դրանք պահանջում էին «անհապաղ դադարեցում», իսկ պատերազմը դրանից հետո ընթացավ ևս ավելի քանի մեկ տարի)։ Հայերը հույս ունեին, բայց չկարողացան իրենց հեռանալը «փոխանակել» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեի հետ։

Ղարաբաղի երկրորդ պատերազմում նույնպես անճշտություններ կան։ Ո՞վ էր Ադրբեջանի Հանրապետության հակառակորդը։ Բաքուն իբր պատերազմում էր Լեռնային Ղարաբաղի, ոչ թե Հայաստանի Հանրապետության դեմ (որպեսզի ՀԱՊԿ-ը չմիջամտի)։ Ադրբեջանի և Հայաստանի դիմակայությունը հայտնի փաստ է, բայց ուղղակի բախումները միայն էպիզոդիկ էին։

Իսկ հրադադարի կնքմանը Լեռնային Ղարաբաղը չմասնակցեց, միայն Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները՝ ՌԴ-ի ակտիվ մասնակցությամբ։ Ռուսաստանի համար շատ կարևոր է, որ 2020թ․-ի նոյեմբերի 9-ին համաձայնեցված հայտարարությունը կատարվի։ Բայց չի կարելի մոռանալ 1994թ-ին ՌԴ–ի ձեռք բերած զինադադարից հրաժարվելը։ Այդ խախտումը լռության մատնելը, ագրեսորին հավանություն տալով, պարզապես անընդունելի քայլ է։

Ծայրահեղ վատ է Թուրքիայի միջամտությունն Անդրկովկասի գործերին՝ նրա կողմից Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավմամբ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884 բանաձևերի կոչերը տարածաշրջանի բոլոր պետություններին՝ ձեռնպահ մնալ ցանկացած միջամտությունից տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը չխաթարելու համար, Թուրքիան անտեսում էր: Այդ կոչերը, առավել ևս 27 տարի անց, ոչինչ չեն նշանակում նրա համար։ Թուրքիայի օսմանական ախորժակը միանշանակ պետք է դատապարտվի Ռուսաստանի, Եվրոպայի և ՄԱԿ-ի կողմից։ Ինչպե՞ս կարելի է հիմա արդարացնել Թուրքիայի անդամակցությունը հակամարտության խաղաղ լուծում փնտրող ԵԱՀԿ Մինսկի խմբում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի շուրջ երկխոսությունը պետք է շարունակել. Միրզոյան

Դիտմամբ չեմ անդրադառնում Հայաստանի ղեկավարության սխալներին (իսկ դրանք քիչ չեն), որպեսզի չխախտեմ ակնարկիս հիմնական առանցքը, դրա գլխավոր թեման։  

Կազիմիրով Վլադիմիր Նիկոլայի, պաշտոնաթող դեսպան, 1992-96 թթ.-ին Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Ղարաբաղյան հակամարտության գծով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: ՌԴ դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատակից։

144
թեգերը:
ԵԱՀԿ, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Վլադիմիր Կազիմիրով
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ժասմին Հայրապետյան

«Տեսնես` մեր տունը վառեցի՞ն, թե՞...». 14–ամյա Ժասմինի գրքում մենք հաղթել ենք պատերազմում

264
(Թարմացված է 20:47 12.05.2021)
14-ամյա Ժասմին Հայապետյանի գրքերը հազարավոր օրինակներով վաճառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Գրքերը լույս են տեսել նաև արևմտահայերենով, շուտով կթարգմանվեն ռուսերեն։

Տեսնես` մեր ընտանեկան ալբոմներն ի՞նչ եղան, իմ խաղալիքներն ինչ արեցին, մեր տունը վառեցի՞ն, թե՞ ուրիշներն են ապրում...Սրանք հարցեր են, որոնք տանջում են 14-ամյա Ժասմին Հայրապետյանին։

Արցախի Հադրութ քաղաքում են  մնացել Ժասմինի հայրական տունը, տատիկ-պապիկի գերեզմանները, նրա մանկության այգին, խաղալիքներն ու հիշողությունները։

«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները

Չնայած տարիքին` աղջնակն արդեն երեք գրքերի հեղինակ է։ Սկսել է գրել 11 տարեկանից։ Նրա «Սուպեր Նռանե» վիպակի երրորդ հատորը նա սկսել է գրել 44–օրյա արցախյան պատերազմի ընթացքում։ Գրքում նկարագրվում են  իրադարձություններ, որոնց բոլորս ենք ականատես եղել։

«Իմ գրքում պատերազմը սկսվեց չարի ու բարու միջև, որովհետև բարին ներսից էր ճաք տվել, հայտնվել էին դավաճաններ ու մարդիկ կորցրել էին այն արժեքները, որոնք նրանց պահում էին դրական էներգիայի վրա` մասնավորապես բարությունը, հավատը, ինքնավստահությունը, հանդուրժողականությունը, ներումն ու սերը հայրենիքի հանդեպ։ Իմ գրքում պատերազմում բարին է հաղթում, որովհետև կարողանում է վերագտնել այդ արժեքներն ու վերադարձնել մարդկանց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ժասմինը։

Հատկանշական է, որ Ժասմինի գրքերի հայ սուպերհերոսուհին չար ու մութ ուժերի դեմ պայքարում է հայկական սիմվոլներով՝ ծիրանի կորիզ, Նարեկ, նռան հատիկներ, արցախյան «Արծվագորգ», Մասիս սար, Արարտի վրայի Հակոբաց աղբյուրի ջուր, հայկական արծիվ, դուդուկ և այլն։   

Իսկ ո՞վ է Ժասմինի սուպեր հերոսուհին։ «Նռանեն»  հայ աղջկա, հայ կնոջ հավաքական կերպարն է, որը հայրենասեր է, խիզախ, ինքնավստահ, նպատակասլաց, քնքուշ, սիրող, ու տղամարդու`Գոդի հետ մեջք մեջքի տված` փրկում է երկիրը չարից և մութ ուժերից։

Իսկ թե ինչու «Նռանե», Ժասմինը բացատրում է, որ նախ գեղեցիկ անուն է, բացի այդ, Տիգրան Մեծի քրոջ անունն է, իսկ Տիգրան Մեծի օրոք մենք ունեինք ծովից ծով Հայաստան։

Ժասմինը շարունակում է ստեղծագործել։ Վստահեցնում է, որ կգրի նաև գրքի 4-րդ մասը, թեև դեռ չգիտի` ինչ թեմայով:

Ժասմինի «Սուպեր Նռանե» գրքի առաջին մասը տպագրվել է 2019 թվականի գարնան վերջին, 2-րդ մասը` 2020 թվականի ամռանը, 3-րդը` 2021 թվականի մարտին։

Գրքերը հազարավոր օրինակներով վաճառվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։

Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում հաճախ են  լինում «Սուպեր Նռանե» գրքի քննարկումներ, որոնց մասնակցում է նաև Ժասմինը։

Ի դեպ, գրքերը տպագրվել են նաև արևմտահայերենով, շուտով պատրաստ կլինի նաև ռուսերեն տարբերակը։ Ժասմինն արժանացել է «Նոր ոսկեդար» մրցանակի։ 

Աղջիկը հիմա մի երազանք ունի` վերադառնալ Հադրութ ու կարևոր չէ, թե իենց տունն ինչ վիճակում է։ Ուզում է իրեն ու հազարավոր արցախցի փոքրիկներին վերադարձնեն մանկությունը, հիշողությունները, որոնք խլել են նրանցից։

Ես պատրաստ եմ կռվել, ես պատրաստ եմ քեզ ինձանով պահել. փոքրիկ հադրութցու խաղաղության աղոթքը

264
թեգերը:
Պատերազմ, Արցախ, Ժասմին Հայրապետյան, գիրք, Հադրութ
Ըստ թեմայի
«Հետ բերենք հողը, փառքը հայության». հադրութցի Արթուր Խաչենցը միասնության կոչ է անում երգով
Շնորհակալություն, Երևան. հադրութցիները ծառեր են տնկել Նոր Նորքում
Այդ պահի դրությամբ Հադրութը հայերի ձեռքում էր․ Պեգովը պատասխանել է մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Սա դիվերսիոն անցում է. Փաշինյանը` Սյունիքի դեպքերի մասին

176
(Թարմացված է 00:35 13.05.2021)
ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային, բայց կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:

«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:

«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

176
թեգերը:
Անվտանգության խորհուրդ, Իշխանասար, Սյունիք, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան
Դըմփ-դըմփ-հու, Շուռնուխի օրինակը պետք է դաս լինի. Արշակյանը` Սյունիքի դեպքերի մասին
Սև լիճն անցել են, մտել մեր գոտի. Առուշանյանը`Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին