Դադիվանք

Ադրբեջանցիները խոչընդոտել են հայերի մուտքը Դադիվանք. ի՞նչ նպատակ են հետապնդել նրանք

116
(Թարմացված է 00:03 28.04.2021)
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը միջադեպի մասին կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական կողմը ապրիլի 25-ին խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ ՄԻՊ–ի` սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքի վանքում։

Հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ։

Եղեռն եղեռնից հետո. մշակութային ի՞նչ արժեքներ են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ

«Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր»,– շեշտել է Ստեփանյանը։

Այս միջադեպի մասին ևս ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։

Միատովիչը քննադատել է Բաքվի «պուրակի» անմարդկային տեսարանները. Ադրբեջանը պատասխանել է նրան

116
թեգերը:
Գեղամ Ստեփանյան, Ադրբեջան, Դադիվանք, Արցախ
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը

Եթե Դադիվանքը խաղաղապահները չհսկեին, Ղազանչեցոցի բախտին կարժանանար. Արցախի թեմի առաջնորդ

11
(Թարմացված է 11:47 11.05.2021)
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու փաստին և Դադիվանքի ճակատագրին։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի- Sputnik, Կարինե Հարությունյան. Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը վստահ է` եթե Դադիվանքն այս կարգավիճակում չլիներ, այսինքն` ռուս խաղաղապահների կողմից չհսկվեր, ապա այն հիմա ընդհանրապես չէր լինի, Ղազանչեցոցի և մյուսների բախտին կարժանանար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները հանելու դեպքին։

Հայտնել էինք, որ  մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

«Պատերազմի ավարտից մինչ օրս Ադրբեջանն ավերում և վերացնում է այն ամենն, ինչ քրիստոնեական և հայկական է։ Մենք ականատես եղանք, թե ինչպես հրադադարից հետո նրանք գետնին հավասարեցրին 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին, նույնը նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու` Կանաչ ժամի հետ»,–ասաց Սրբազանը։

Նախկինում, երբ դեռ հայկական կողմը չէր ազատագրել այդ տարածքները, այնտեղ քրդեր էին ապրում, որոնք մեր եկեղեցիներին ու վանքերին ձեռք չէին տալիս։ Իսկ ադրբեջանցիները, ըստ Վրթանես եպիսկոպոսի, միայն մեկ նպատակ ունեն` այն, ինչ ժամանակին «սխալվել» և թողել են կանգուն, հիմա պետք է ոչնչացնեն։

Նման դեպքերում Ադրբեջանին կանգնեցնելու համար Արցախի թեմի առաջնորդն այնքան էլ հույս չի կապում դրսի որևէ ուժի հետ։ «Մենք տեսանք` պատերազմի օրերին ինչպես էին  ադրբեջանցիները վարվում մարդկանց հետ, հիմա ի՞նչ սպասենք նրանցից հոգևոր ու մշակութային արժեքների պահպանության առումով։ Սակայն նման պարագաներում, երբ հասնում են ատելության այս գագաթնակետին, նրանց գոռոզամտությունը և լկտիությունն այսպես անպատասխան չի մնալու` ի վերջո բումերանգի էֆեկտը գործելու է, և նրանք իրենց պատիժը ստանալու են»,–ասում է Սրբազանը։

Ինչո՞ւ է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը կլոր

Նա հավելում է, որ մենք էլ մեր կողմից պետք է մեծ դաս քաղենք` ճիշտ ապրելու, հետագան ճիշտ կարգավորելու համար։ Սրբազանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ դեպի ապագա տանող մեր աստիճանը պետք է հենված լինի ազգայինի վրա, այլապես մենք կկորցնենք շատ բան։

Հիշեցնենք, որ Վրթանես եպիսկոպոսն ավելի վաղ հայտնել էր` ադրբեջանցիներն արհեստական խոչընդոտներն են ստեղծում ամեն կիրակի Դադիվանք այցելել ցանկացող ուխտավորների համար։

11
թեգերը:
խաղաղապահ, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան, Դադիվանք, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հաղթանակի հպարտությունից մինչև կորստի ցավ. մայիսի 9-ը Հայաստանում ու Արցախում
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին
(1:32 / 10.22Mb / просмотров видео: 3)

Ռուս խաղաղապահները մոտ 50 կմ ճանապարհ են վերահսկում Լաչինի միջանցքում

65
(Թարմացված է 11:36 11.05.2021)
Ռուս խաղաղապահների կողմից վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության ստորաբաժանումն ամենօրյա ռեժիմով պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքում, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Լաչինի միջանցքը Ստեփանակերտ քաղաքը Հայաստանի հետ կապող ճանապարհն է։ Ռուսական խաղաղապահ զորակազմը, համաձայնագրերին համապատասխան, իրականացնում է դրա վերահսկողությունը։ Վերահսկվում է ոչ միայն ճանապարհը, այլև դրա մերձակայքը՝ մինչև 5 կմ լայնությամբ»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական ոստիկանության պարեկության երթուղիների երկարությունը կազմում է մոտ 50 կիլոմետր:

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Տրանսպորտային հանգույցը կարող է բարելավել Երևանի ու Բաքվի հարաբերությունները. Լավրով

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

65
թեգերը:
Ստեփանակերտ, Լաչինի միջանցք, խաղաղապահ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Ողջ, բայց անտուն․ ինչպես են սոցիալական խնդիրները «սպանում» արցախյան պատերազմի մասնակցին
Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 650 կմ ճանապարհ են մաքրել
Վանաձորցին համաշխարհային ռեկորդ սահմանեց և իր հաղթանակը նվիրեց արցախյան հերոսներին