Մատաղիսի եկեղեցին

Ադրբեջանցիները հերթական եկեղեցին են պղծել. տեսանյութում Մատաղիսի եկեղեցին է

887
(Թարմացված է 17:03 27.03.2021)
Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է պարզել, որ ադրբեջանցիների տարածած հերթական տեսանյութում Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե եկեղեցին է:

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Համացանցում հայտնվել է ադրբեջանցիների կողմից իրականացվող մշակութային եղեռնի հերթական փաստն ապացուցող տեսանյութը:

Տեսագրության մեջ չի նշվում, թե այս անգամ որ եկեղեցին է ադրբեջանցի վանդալների սրբապղծության զոհ դարձել, բայց Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է պարզել, որ դա Մատաղիսի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող, 1892-1898 թվականներին կառուցված Սուրբ Եղիշե Առաքյալ եկեղեցին է:

Ադրբեջանցիների նկարահանած տեսանյութում ադրբեջանական զինվորական համազգեստով երեք տղամարդ մտնում են հայկական եկեղեցի և հայտարարում, որ մտադիր են այնտեղ նամազ իրականացնել: Նրանցից մեկի հագուստի վրա Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով տարբերանշան կա: Տղամարդիկ հայհոյում են, կոտրում սրբապատկերները: Տեսանյութի վերջում ներկայացված է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մեխակավանի (Ջաբրայիլ) գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին (Սուրբ Աստվածածին) հիմնահատակ ավերված եկեղեցու լուսանկարը, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե տեսանյութում նույն եկեղեցին է նախքան ավերվելը: Մինչդեռ իրականում սա վերջին մի քանի օրվա ընթացքում ադրբեջանցիների կողմից պղծված արդեն երրորդ եկեղեցին է:

2018 թվականի հոկտեմբերի 1-ին Հայաստանի զինված ուժերի պաշտոնական էջում լուսանկարներ էին հրապարակվել , որոնցում երևում են հայ զինծառայողները։ Դատելով լուսանկարներից, որում երևում են խորանը, մուտքից և տեղանքը, դա նույն եկեղեցին է, որ երևում է ադրբեջանցի զինծառայողների նկարահանած տեսանյութում:

Բացի այդ, համացանցում կա նաև 2015 թ. դեկտեմբերի 30-ին հրապարակված մի տեսանյութ, որը մակագրված է «Զինվորի աղոթք. Մատաղիս, Սուրբ Եղիշե եկեղեցի»: Հենց առաջին կադրերից պարզ է դառնում, որ սա նույն եկեղեցին է, որ պղծել են ադրբեջանցիները:

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վրթանես Աբրահամյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ևս հաստատեց, որ նոր տեսանյութում ներկայացված եկեղեցին Մեխակավանի Սուրբ Աստվածածինը չէ: Արցախի թեմն այս պահին կասկածներ ունի, որ դա կամ Մատաղիսի Սուրբ Եղիշեի եկեղեցին է կամ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին:

«Սա մի եկեղեցի է, որում մենք մեկ անգամ չէ, որ պատարագներ ենք մատուցել մեր զինվորների համար: Ես ինքս պատարագ եմ անցկացրել: Իհարկե, ցավալի է նայել այս կադրերին: Բայց, դե, ինչ ունենք, դա էլ ունենք: Նրանք խոշտանգում են մեր բանտարկյալներին, բայց մենք չենք կարող նրանց վերադարձնել, նրանք պղծում են հուշարձանները, մենք լռում ենք: Ինչքա՞ն կարելի է լռել: Սա վայրագություն է, և պետք է վերջ տրվի դրան», - ասաց արքեպիսկոպոսը՝ միաժամանակ քննադատելով Հայաստանի իշխանությունների լռությունը:

Նրա համոզմամբ` ադրբեջանական պետական վանդալիզմի քաղաքականության դեմ մեր պետությունը, եկեղեցին, բոլոր իրավասու մարմինները պետք է միասին աշխատեն: Հարցը պետք է բարձրաձայնվի միջազգային կառույցներում, հակառակ դեպքում Ադրբեջանը մեկ առ մեկ կկործանի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում գտնվող բոլոր հուշարձանները:

«Պետություն ունենք, թող զբաղվի դրանով, թող զբաղվի և լուրջ զբաղվի: Եկեղեցին նույնպես, գրասենյակ ունենք Էջմիածնում, որը զբաղվում է Արցախի մշակութային հուշարձաններով, թող ձայն բարձրացնեն, թող դիմեն միջազգային կառույցներին»,- ասաց նա:

Արցախի հոգևոր առաջնորդը համոզմունք հայտնեց, որ հայ հոգևոր, մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող եղեռնը ծրագիր է, որն Ադրբեջանն իրականացնում է նախօրոք պլանավորված, հետևաբար Հայաստանը պետք է պատասխանի ոչ թե հատվածաբար, յուրաքանչյուր դեպքին առանձին արձագանքելով, այլ համաձայնեցված համապարփակ ծրագրով, որը պետք է մշակեն ու կյանքի կոչեն իշխանություններն ու Էջմիածինը համատեղ:

Արցախի թեմի առաջնորդն այսօր իրականացվող ավերը համեմատում է 1915 թ-ի Հայոց ցեղասպանության հետ ու ցավով արձանագրում՝ «Նույն ձեռագիրն է»:

Հիշեցնենք՝ մարտի 25-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով հայկական եկեղեցու ավերման մասին բացահայտող տեսանյութին, հայտարարեց, թե մատուռն ապօրինի կառուցվել 1993-ից հետո, ուստի չի կարող Ջաբրայիլի մշակույթի պատմության մաս համարվել:

Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը եկեղեցու «անհետացման» մասին պատմող ռեպորտաժի հեռարձակումից մի քանի ժամ անց Twitter- ում գրեց. «Հայաստանը, ադրբեջանցի ժողովրդի ժառանգության և սեփականության հանդեպ թույլ տված անասելի վանդալիզմից հետո Ադրբեջանին պահանջներ ներկայացնելու որևէ բարոյական իրավունք չունի»։

Ավելի վաղ Ադրբեջանն ավերել էր նաև Շուշի քաղաքի` ավելի քան 200 տարվա պատմություն ունեցող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որի վերաբերյալ, թեևս, որևէ արդարացում չգտնելով, որոշել էր լռություն պահպանել:

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում միջազգային հանրությունը, նախևառաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և համանախագահ երկրներին, ՅՈւՒՆԵՍԿՕ-ին կոչ էր արել անհապաղ միջամտել ու կանխել հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

887
Ըստ թեմայի
Ադրբեջանում ձերբակալել են Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» բլոգերին
Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ալիևի հադրության այցին
Սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն` էթնիկ ու կրոնական հիմքով. Թաթոյանը` Ալիևի «գյուտի» մասին
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

53
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

53
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը
Մարիամ Դիլբանդյան

Քնապարկերից մինչև միջնադարյան նախշեր․ երևանցի կնոջ բացառիկ նախագիծը արցախցիների համար

138
(Թարմացված է 20:59 11.04.2021)
Անցած տարվա ամենածանր օրերին երիտասարդ հայուհուն հաջողվեց ոչ միայն հուսահատության գիրկը չընկնել, այլև նոր գործ սկսել, որը կարող է հուզական և ֆինանսական ճգնաժամից դուրս բերել պատերազմից ամենաշատը տուժած մարդկանց։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Մարիամ Դիլբանդյանի բացառիկ նախագիծը ծնունդ է առել պատերազմի օրերին։ Առաջնագծի մարտիկներին այն ժամանակ քնապարկեր էին հարկավոր։ Երկու փոքր երեխաների մայրն անհապաղ հավաքեց հարկադրված Երևան տեղափոխված արցախցի կանանց և հենց իր տանը քնապարկերի ու անձրևանոցների կարուձևի փոքրիկ արհեստանոց բացեց։ Միասին նրանք կարողացան ռազմաճակատ ուղարկել զինվորներին անհրաժեշտ բավականին մեծ քանակությամբ իրեր։

Основательница бренда Лорик Мариам Дилбандян показывает альбом с армянскими орнаментами корреспонденту Sputnik Армения
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Դիլբանդյանը հայկական նախշազարդեր է ցույց տալիս

Երբ պատերազմն ավարտվեց, հարկադիր տեղահանվածների մոտ կեսը հետ վերադարձավ հայրենի Արցախ։ Դե, իսկ մյուսները պարզապես վերադառնալու տեղ չունեին՝ նրանց տները մնացել են մյուս կողմում՝ Ադրբեջանի գրաված տարածքներում։

Մարիամը չէր ուզում թողնել գործը, որը կարող էր աշխատանքով ապահովել առանց տանիքի մնացած մարդկանց։ Մի քիչ մտածելուց հետո նրա գլխում միտք ծագեց՝ ստեղծել ինչ-որ պետքական բան, որը միաժամանակ իր տեսքով և ոգով շատ հայկական կլինի։

«Քանի դեռ Հայաստանում լիակատար հիասթափություն և ապատիա էր տիրում, շատերը չարացած էին, ես որոշեցի այդ էներգիան վերածել ինչ-որ դրական բանի, արարման»,-ասում է նա։

Оцифрованные армянские орнаменты
© Sputnik / Aram Nersesyan
Հայկական նախշեր

Նրա մասնագիտություններից մեկը գրաֆիկական դիզայնն է։ Հենց այդ փաստն առանցքային դեր խաղաց «Լորիկ» բրենդի ստեղծման գործում (լորը, ինչպես հայտնի է, հաճախակի հանդիպող խորհրդանիշ է հայկական մշակույթում, մասնավորապես՝ զարդանկարչության և երաժշտության մեջ)։

Այժմ Մարիամը արցախցի կանանց հետ միասին ստեղծում է պայուսակներ, սփռոցներ, բարձեր՝ զարդարված հայկական հնագույն և միջնադարյան նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով։

Երբ զարդը հայտնվում է կտորի վրա

Մոտ մեկ ամիս շարունակ երիտասարդ կինն ուսումնասիրում էր հայկական նախշերը և զարդանկարների տարրերը, անհրաժեշտ գրքերը գտել էր «Վերնիսաժում»։ Հաջորդ քայլը սարքավորումներ ձեռքբերելն էր։

Իսկ երբ ամեն ինչ պատրաստ էր՝ սկսվեց գրքի զարդապատկերը կտորին փոխանցելու մանրակրկիտ աշխատանքը։ Եթե փորձենք գործընթացը շատ կարճ նկարագրել, կստացվի մոտավորապես այսպես․ սկզբում հարկավոր է պատկերը թվայնացանել, այնուհետև սարքել պիքսել ֆորմատի, ապա՝ վեկտորային ֆորմատի։

Этикетка с логотипом бренда Лорик
© Sputnik / Aram Nersesyan
«Լորիկ»

Պրինտը ստանալուց հետո Մարիամը սկսում է մշակումը՝ հարմարեցնում է նախշը ժամանակակից դիզայնին։ Ամբողջ գործընթացը կարող է մեկից մինչև մի քանի շաբաթ տևել՝ կախված պատկերի բարդությունից։

Եվ միայն դրանից հետո ժամանակակից սարքավորումների օգնությամբ պատկերը տեղափոխվում է կտորի վրա՝ կա՛մ սուբլիմացիոն տպիչի, կա՛մ ասեղնագործությաh միջոցով։

Իսկ պատրաստվող իրերի համար օգտագործվում է բարձրորակ պարկակտոր («մեշկովինա»), որը ներկրվում է Եգիպտոսից։ Երիտասարդ կինը խոստովանում է, որ դժվարությամբ է կարողացել մատակարար գտնել, քանի որ գործվածքները ներկրվում են հիմնականում Թուրքիայից, ինչը միանգամայն անընդունելի էր «Լորիկ» ապրանքանիշի համար։

Եռակի օգուտ

Առայժմ Մարիամի մոտ վեց կին է աշխատում, հինգը՝ Արցախից և մեկը՝ Երևանից։ Նրանք ձեռքով պայուսակներ, բարձեր և սփռոցներ են կարում։ Հենց այդ պատճառով մեր զրուցակիցն իր արտադրանքն անվանում է half-hand-made՝ կիսաձեռագործ։

Основательница бренда Лорик Мариам Дилбандян
© Sputnik / Aram Nersesyan
Մարիամ Դիլբանդյան

Պատվերների պակաս չկա․ հայկական շեշտով յուրօրինակ աշխատանքները գրավում են հյուրատների, ռեստորանների սեփականատերերին, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում է առանձնահատուկ նվեր գտնել ընկերների կամ գործընկերների համար։

Հետագայում նաև առցանց վաճառք կլինի՝ հիմնականում սփյուռքի ներկայացուցիչների համար։ Իսկ հիմա նախագծի ամբողջ եկամուտն ուղղվում է արտադրության պահպանմանը ու վարպետ կանանց աշխատավարձերին։

Մարիամը դերձակուհիներ է փնտրում, ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ նոր աշխատակիցներն իսկական վարպետներ լինեն․ նա ինքը ամեն ինչ սովորեցնում է։ Ամենակարևորն այստեղ ցանկությունն է և աշխատասիրությունը։

Вынужденно переехавшая из Карабаха в Ереван Рузанна с сумкой бренда Лорик
© Sputnik / Aram Nersesyan
Արցախցի Ռուզաննան «Լորիկ» բրենդի պայուսակով

Ռուզաննան նոր արհեստը սովորած մարդկանցից մեկն է։ Ծնունդով Արցախի Հադրութի շրջանից է, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ռուզաննան կրտսեր դասարանների ուսուցչուհի էր։ Հայրենի տունը լքելիս նա չէր մտածում, որ դեռ երկար չի կարողանա վերադառնալ։ Նրան թվում էր, որ ամեն ինչ շատ արագ կվերջանա, ինչպես 2016թ․-ին։

«Տեղափոխվելուց հետո մշտական տագնապի մեջ էի, օրերով լացում էի։ Ամուսինս ու տղաս առաջնագծում էին․․․ Անընդհատ մտածում էի, որ պետք է սկսել աշխատել, մի քիչ ցրվել։ Հետո ինձ փոխանցեցին Մարիամի համարը։ Նա ինձ իսկույն դուր եկավ։ Այստեղ սովորեցի կարել և ասեղնագործել։ Եվ ահա արդեն երկու ամիս է՝ հաճույքով աշխատում եմ նրա մոտ»,-պատմում է կինը։

Нанесение армянского орнамента вышивальной машиной
© Sputnik / Aram Nersesyan
Աշխատանքի պահին

Ռուզաննան խոստովանում է, որ Մարիամի հետ ծանոթությունն իրեն ոչ միայն աշխատանքով է ապահովել, այլև դուրս է բերել խորը սրթեսից։ Ամուսինն ու որդին արդեն վերադարձել են, բայց առայժմ ինքն է ընտանիքի միակ կերակրողը։

Մարիամ Դիլբանդյանն ուզում է իր թիմում տեսնել ինչպես արցախցիների, այնպես էլ՝ տեղացիների։

«Դա շատ կօգնի ինտեգրացիայի գործընթացին, քանի որ մեզնից շատերի մեջ դեռ ուժեղ են կարծրատիպերն ու հայերին ըստ բնակության վայրի բաժանելու վատ սովորությունը»,-ասում է նա։

Вынужденно переехавшая из Карабаха в Ереван Рузанна за работой
© Sputnik / Aram Nersesyan
Աշխատանքի պահին

Ինչ վերաբերում է գործին՝ նա բավականին հավակնոտ ծրագրեր ունի։ Հիմա իր դերձակուհիների հետ միասին աշխատում է հղիների համար թեթև և հարմարավետ շրջազգեստների ստեղծման վրա, բնականաբար՝ համապատասխան ոճավորմամբ։ Իսկ հետագայում, հավանաբար, կհայտնվեն նույնիսկ հայկական նախշերով և ազգային զարդանկարչության տարրերով կերամիկական սալիկներ։

138
թեգերը:
աշխատանք, բրենդ, Երևան, Արցախ
Ըստ թեմայի
Հերոս՝ անհայտ մարտական ուղով. Սամվել Աթոյանի ընտանիքն ուզում է գտնել նրա ընկերներին
Ռուսաստանից եկած հայը հեքիաթային տնակներ է կառուցում Արցախում
«Մաճառ 44»․ ինչպես Լոնդոնից եկած հայուհին բարեգործական ռեստորան բացեց Երևանում
Թթի օղի

«Ծանր ջուր» Արթուրի ու Սերժի համար, կամ ինչպես էին Հայաստանում բռնում «լրտեսներին»

358
(Թարմացված է 23:02 11.04.2021)
Հայաստանի հատուկ ծառայությունները վերջին շրջանում հաճախ են բավականին կոշտ քննադատության ենթարկվում։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հիշում է մի դրվագ, որը ցույց է տալիս՝ ինչպես է հանրապետության ՊԱԿ-ն աշխատել խորհրդային ժամանակներում։

Վերջերս անընդհատ լսում ես՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաճախ իր գործով չի զբաղված, լրտեսներին բռնելու, գործակալական ցանցերը վնասազերծելու, սահմանն ու պետական գաղտնիքները փակի տակ պահելու փոխարեն շեղվում է երկրորդական հարցերի վրա, մանր-մունր բաներով է զբաղվում։ Եթե այսպես շարունակվի, ապա, ինչպես պնդում են քննադատները, կարելի է կորցնել նախորդ սերունդների փորձը, ավանդույթները և մոռանալ «մկներին բռնելու» ունակությունը։

Աշնանային մի գեղեցիկ օր Երևանից ոչ հեռու գտնվող Ջանֆիդա գյուղ հեռագիր եկավ․ «Կայծ շեշտ․ Շտապ ծանր ջուր ուղարկի կետ․ Ֆանը կատաղած է կետ․ Շատ ապակե տարաներով բեռնեք կետ․ Ժամկետն անցել է կետ»։ Ստորագրությունը՝ Արթուր, Սերժ։

Այն ժամանակ Թուրքիայի հետ սահմանի մոտ գտնվող գյուղը կոչվում էր Ջանֆիդա։ Տեղի բնակչությունը ապրում էր խիստ սահմանային ռեժիմի կանոններով։ Մուտք գործելուց անցագիր էր հարկավոր, դուրս գալուց՝ հեռանալու թույլտվություն, բնապատկերներ լուսանկարելը խստիվ արգելվում էր, այլ քաղաքներից ժամանած հյուրերին կարելի էր ընդունել միայն ուղեկալի պետի իմացությամբ։ Եվ հանկարծ այդ հեռախոսագիրը։

Հեռագրի հետևանքներն առաջինը զգաց «Կայծը»՝ Ռոբերտ Արամայիսի Կայծունին, Ջանֆիդա գյուղի դպրոցի (այն ժամանակ՝ Հոկտեմբերյանի շրջանի, այժմ՝ Արմավիրի մարզի) ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչը։

«Ձեզ հետևում են»,- գաղտնի նրա ականջին շշնջացել էր հարևան գյուղատնտեսը։

Անտեսելով հաղորդագրությունը՝ Կայծունին շարունակում էր երեխաներին գիր ու գրականություն սովորեցնել, ընդունել գյուղացիների հարսանիքների ու ծննդյան օրերի հրավերներն ու ընկերություն անել ուղեկալի պետի՝ կապիտան Զուբկովի հետ։

Անհանգստության առիթ չունեին նաև այս տարօրինակ հեռագիրն ուղարկողները։ Արթուր Կիրակոսյանն ու «Սերժը» (ձեր սյունակագիրը) ասես ոչինչ չի եղել՝ հաճախում էին Երևանի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսություններին, իսկ երեկոյան գնում էին աշխատանքի։

Աշխատանքի վայրը Հայկական ԽՍՀ կապի նախարարությունն էր, որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Հանրապետության հրապարակում։ Արթուրը երկրորդ հարկում հեռագրիչ էր, ես էլ (մի հարկ վերև) գծային-ապարատային դահլիճում միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի։ Այնպես չէ, որ լավ էին վարձատրում, բայց կրթաթոշակի հետ գրպանի ծախսերի համար բավականացնում էր։

Հերոսից` հակահերոս, կամ ինչպես կարողացան բռնել Հայկ Բժշկյանցին ու «կոտրել» նրան

... Այն ժամանակ հայերը շատ էին կարդում, իսկ բանասիրական ֆակուլտետի ուսանողները՝ ավելի շատ, և ահա անգլերենից թարգմանաբար լույս տեսավ Ռոբերտ Յունգի «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը։ Բոլորը կարդում էին այն։

Յունգը պատմում է նախապատերազմական ֆիզիկայի մեջ ատոմային զենքի գաղափարի զարգացման, հաջողության չհասած գերմանական միջուկային ծրագրի, ԱՄՆ-ում միջուկային զենքի շուրջ բուռն քաղաքական բանավեճով Մանհեթենի նախագծի մասին: Մանրամասն նկարագրված է նաև Ռոբերտ Օպենհեյմերի դատավարությունը։ Մի խոսքով, ընթերցողին ամեն ինչ հետաքրքիր ու ճանաչողական էր, բայց երեք անգամ ավելի հետաքրքիր կլիներ, եթե իմանայինք, որ ծանր ջրի հիմքով ռեակտորի ստեղծման խորհրդային նախագծի ղեկավարը մեր հայրենակից Արտյոմ Ալիխանովն էր։

Մի խոսքով, կարդալով ու նույնիսկ վերընթերցելով Յունգի գիրքը, որոշեցինք, որ ատոմային ֆիզիկայի «ծանր ջրի» արժանի անալոգը կենցաղում կարող է լինել թթի օղին, իսկ այն սարքում էին ոչ միայն Քարահունջում, այլև Ջանֆիդայում: Կայծը, որը չնչին գումարով էր գնում այն համագյուղացիներից, ուղարկում էր օղին կամ ինքն էր բերում Երևան։ Բայց հանկարծ սրտամաշ դադար առաջացավ, բջջային հեռախոսներ այն ժամանակ չկային, բայց կար Արթուրը՝ հեռագրի վրա աշխատող ու պատկան մարմիններին վախեցնող մեր ընկերը։

Այստեղ պետք է նշել. ՊԱԿ-ում, իհարկե, հասկանում էին, որ բաց տեքստով նման հաղորդագրություն ուղարկելու համար պետք է ապուշ լինել, իսկ ԿՀՎ-ում կամ այլ օտարերկրյա հետախուզությունում ապուշների դժվար թե պահեն։ Այնուամենայնիվ, հեռագրում «ծանր ջուր» կար, հայկական ԱԷԿ-ը Ջանֆիդայի մոտակայքում է, ֆրանսիական հնչողություն ունեցող «Սերժն» էլ ամեն դեպքում մեր հայկական Սերոժը չէր: Իսկ դա նշանակում է, որ սա այն դեպքն է, երբ ավելի լավ է գերագնահատել, քան թերագնահատել վտանգը։

Արտաքին վերահսկողության որևէ նշան մեզանից ոչ ոք չէր զգացել, բայց նախազգուշացնող «ձեզ հետևում են» արտահայտությունը տեղին էր, ինչի մասին ուղեկալի ղեկավարը, կապիտան Զուբկովը մի անգամ ասել էր Ռոբերտին, քանի որ նրանք հին ընկերներ էին։

Բարեխղճորեն ավարտելով հետաքննությունը՝ պետանվտանգության կոմիտեն պետական դավաճանության փորձի նշաններ չգտավ, պարզվեց՝ «ծանր ջրի» պատմությունը թթի օղու վերաբերյալ հիմարություն էր, սակայն կանխարգելիչ միջոցառումներ ամեն դեպքում ձեռնարկվեցին:

Արթուր Կիրակոսյանին ազատեցին աշխատանքից։

«Երիտասարդները պետք է ոչ թե գիրք կարդան, այլ գործ անեն», - ասաց հեռագրատան տնօրեն, ընկեր Բաչաչյանը՝ ակնարկելով «Հազարավոր արևներից պայծառ» գիրքը:

Իջևանը որպես կանխազգացում, կամ երբ Հայաստանի ճանապարհներին զինվորական պարեկներ չկային

Ինձ չկայացած հանցագործության հանցակից ճանաչելու հիմքեր չկային, ու ես ինչպես միջքաղաքային հեռախոսային կայանի մոնտյոր էի, այդպես էլ մնացի մինչ ուսմանս ավարտը։

Անհրաժեշտ բացատրություն. «ծանր ջրի», հեռագրի և օղու պատմությունն այն բանի մասին է, որ երբ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հատուկ ծառայությունները պարտավոր են հավասարապես լուրջ ու պատասխանատու վերաբերվել ցանկացած տեղեկատվության: Հաստատվեց՝ լավ է, չհաստատվեց՝ նույնպես լավ, գուցե նույնիսկ ավելի լավ է։ Հարցն այլ է՝ որքանով կարող է ԱԱԾ-ն հաջողությամբ հաղթահարել այդ խնդիրը, եթե վերջին երկու տարում հինգ տնօրեն է փոխվել և, ինչպես պնդում են, ուր որ է կնշանակվի վեցերորդը։

358
թեգերը:
օղի, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, լրտես
Ըստ թեմայի
Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին
Գլխավոր շտաբի պահանջն ու իշխանության ճգնաժամը․ ով ում կհաղթի Հայաստանում
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է, կամ ինչով են նման Հայաստանն ու Շվեյցարիան