ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Եզդիների ազգային միության երջանկահիշատակ առաջնորդ, հայ ժողովրդի բարեկամ Ազիզ Թամոյանին հետմահու պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահն այսօր ընդունել է Եզդիների ազգային միության պատվիրակությանը՝ նոր ղեկավար Խդր Հաջոյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախագահի հրամանագիրը՝ Ազիզ Թամոյանին պարգևատրելու վերաբերյալ։
«Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի եզդի համայնքին միշտ Արցախի կողքին լինելու համար և կարևորել համագործակցության ընդլայնումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է արվել պատերազմի հետևանքների հաղթահարմանը:
Հիշեցնենք` Թամոյանը 1988-1994 թվականներին մասնակցել է արցախյան շարժմանը` ղեկավարելով եզդիական կամավորական ջոկատը, որը կոչել է եզդիների ազգային հերոս՝ Ջհանգիր աղայի անունով, եղել է ջոկատի կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը։ Թամոյանը մահացավ 2021 թվականի հունվարի 2-ին։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ Լոնդոնի մետրոյի կայարաններից հանվում են պաստառները, որոնք հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնում էին որպես ադրբեջանական։ Տեղեկությունը հայտնում է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը Facebook-ի պաշտոնական էջում։
«ՄԹ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև ՄԹ-ում գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացվող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայաններից»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում տարածվեցին Լոնդոնի մետրոյի կայարաններում փակցված պաստառների լուսանկարները։
Դրանցից մեկում Ադրբեջանը ներկայացվում էր որպես բազմամշակութային կենտրոն, լուսանկարներից մեկում մզկիթ էր, մյուսում՝ հայկական Դադիվանքը։
Երկրորդ պաստառի վրա էլ Շուշին էր պատկերված՝ «Շուշա, Ղարաբաղ՝ Ադրբեջանի արվեստների մայրաքաղաք» գրությամբ։
Ինչ են թողել հայերը Շուշիում. պատմության ավերակներ, թե ավերակների պատմություն
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձը։ ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ տեսաուղերձում Արման Թաթոյանը խոսել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին։
«Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից: Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով»,- նշել է Թաթոյանը։
Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների:
Հայաստանի ՄԻՊ-ը մատնանշում է՝ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ սա հաստատված է նաև ՄԻԵԴ-ի վճիռներով:
ՄԻՊ աշխատակազմն ընդգծում է, որ նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
ՄԻՊ–ը բոլոր ապացույցներն ունի. Թաթոյանը` հայերի ջարդերի մասին
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի - Sputnik. Մեծամորի ԱԷԿ-ի էներգետիկները կուսումնասիրեն ռադիոակտիվ թափոնների պահպանման ու ռեակտորի վթարային պաշտպանության համակարգերի արդիականացման ժամանակակից մեթոդների հարցում ռուսական կայանների փորձը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ընկերության մասնագետ, ռուսական կողմից Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
Ապրիլի կեսերին կայանի մասնագետները ճանաչողական այց կկատարեն երկու ռուսական ատոմակայան՝ Նովովորոնեժկայա (4-րդ բլոկ) ու Կոլսկայա: Այդ կայարաններում առավել հարմար է ուսումնասիրել հայկական ԱԷԿ-ի սպասարկման ժամկետը 2026 թվականից հետո կրկին երկարացնելու հնարավորությունը։ Վերոնշյալ կայանները, որտեղ արդեն նման աշխատանքներ են իրականացվել, նախագծով նման են Մեծամորի ԱԷԿ-ին, քանի որ նույնպես կառուցված են ՎՎԵՐ-440 ռեակտորների վրա:
Փորձի փոխանակման ընթացքում շեշտը դրվելու է կայանի հետևյալ հանգույցների վրա.
Առաջինը՝ նոր անվտանգության համակարգերի ներդրում, ինչպիսիք են ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցումը: Կուսումնասիրվեն նաև ԱԷԿ-ի անվտանգության այլ համակարգեր։
Երկրորդ շեշտը դրվելու է ռադիոակտիվ թափոնների պահեստարանների ու դրանց երկարատև պահպանման համար նոր տարաների, ինչպես նաև հեղուկ թափոնների գոլորշիացման նոր տեխնոլոգիաների վրա:
«Այսինքն՝ ուսումնասիրվելու են հարցեր՝ ինչպես նվազեցնել թափոնների քանակը, ինչպես դրանք պահել։ Խոսքը թաղելու մասին չէ, այլ ժամանակավոր, բայց երկարաժամկետ՝ մի քանի տասնամյակ, անվտանգ պահման մասին է», - նշել է Սվիրիդենկոն։
Վերջապես, ուշադրություն կդարձնեն ԱԷԿ-ի պահուստային ու վթարային սնուցման համակարգերին: Դրա համար կայարանում կան դիզելային գեներատորներ, որոնք կայանին էլեկտրականություն են մատակարարում պլանային դադարի (վերանորոգման աշխատանքների) ժամանակ ու վթարի դեպքում:
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
«Այդ վթարային համակարգերը, որոնք անվանում են «հետ-ֆուկուսիմյան», ներդրվել են Կոլսկայա եւ Նովովորոնեժսկայա կայաններում, ու հայ գործընկերները կկարողանան ծանոթանալ դրանց», - ավելացրեց Սվիրիդենկոն:
Համագործակցության ընդհանուր համատեքստում քննարկվում է նաև սառեցման աշտարակների (հովացման աշտարակներ) վերանորոգման տեխնոլոգիան։ Դրանք սառեցնում են ջուրը, որն օգտագործվում է տուրբինները պտտելու համար։ Որքան արդյունավետ է սառեցումը, այնքան ավելի մեծ հզորությամբ կգործեն տուրբինները և այնքան ավելի շատ էլեկտրաէներգիա կկարողանա տալ կայանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի մի շարք մասնագետներ առաջ են քաշում չոր (թացի փոխարեն) սառեցում մտցնելու գաղափարը։ Այս դեպքում այն ջուրը, որը պտտեցնում է գեներատորները, չի գոլորշիանա սառեցման ժամանակ, ու կայանը ստիպված չի լինի մշտապես համալրել ջրի պաշարը (մոտակա Սևջուր գետից): 2016-17 թվականներին «Ռոսատոմի» ձեռնարկությունները կազմել են գործող, «թաց» սառեցման համակարգերի արդիականացման նախագիծ և զուգահեռաբար դիտարկել դրանք «չորով» փոխարինելու հնարավորությունը։
«Անհրաժեշտ է քննարկել տնտեսական արդյունավետությունը, դրա համար պետք է տեսնել, թե ինչպիսի նոր նախագծային լուծումներ են առաջարկում հայ գործընկերները», - ավելացրեց Սվիրիդենկոն:
Այս բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետը երկարացնելու համար։



