ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է օտարերկրացիների համար Արցախի տարածք մուտք գործելու նոր անցագրային ռեժիմի կազմակերպումը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը նշել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ժամանակ:
«Մարդիկ, որոնք ռուսական կամ հայկական քաղաքացիություն չունեն, դրա հետ կապված խնդիրներ են ունենում։ Մենք հսկայական սփյուռք ունենք, նրանք սովոր են ամռանը գալ Հայաստան, սիրում են նաև Արցախ այցելել, և ահա այս ամռանը կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ շատ մարդիկ կցանկանան գնալ Արցախ, բայց չեն կարողանա դա անել այդ ռեժիմի պատճառով», - ասել է Սինանյանը:
Նրա խոսքով` խոսքն այն շրջանների մասին է, որոնք գտնվում են հայկական կողմի ու ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:
«Նոր կարգն այնպիսին է, որ պետք է հայտ ներկայացնել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն այցելելուց յոթ օր առաջ, այնուհետև ցուցակը փոխանցվում է ռուս խաղաղապահներին ու հետո որոշվում է, թե ով կարող է գալ, իսկ ով՝ ոչ», – պարզաբանել է Սինանյանը:
Նա ավելացրել է, որ համավարակից առաջ 2019-ին Արցախ են այցելել, ըստ տարբեր տվյալների, 30-50 հազար օտարերկրյա քաղաքացիներ։
«Այժմ հայտերը դեռ քիչ են, քանի որ համավարակը չի անցել, ու զբոսաշրջային սեզոնը չի սկսվել։ Բայց միևնույնն է, կան մարդիկ, որոնք ուզում են գնալ, մենք ունենք այն կազմակերպությունների ու մարդկանց ցուցակը, որոնց մուտքը մերժվել է», – նշել է Սինանյանը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
Պատերազմից 6 ամիս անց գտնվել է Հայաստանի հավաքականի նախկին բասկետբոլիստի աճյունը
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:
«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:
Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik․ Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասաց նա։
Անդրադառնալով ադրբեջանական ղեկավարության հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է` ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։
«Ինձ համար բարդ է Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելը, կարող եմ ասել միայն, որ Ռուսաստանը շարունակում է աշխատանքները», - ասաց նա։
Նա հաստատեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։