Արխիվային լուսանկար

Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները

462
(Թարմացված է 22:45 27.02.2021)
Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ Արցախում դադարեցվել են զոհվածների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքները։

Պատճառը պաշտոնական Բաքվի արգելքն է։ Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելուն։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Վերջին անգամ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ անցկացվել են փետրվարի 15-ին։ Հաջորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարեց, որ զոհվածների մարմինների որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվում են։ Որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Ինչպես և որոնողական աշխատանքների վերսկսման ժամկետների մասին։

Արցախյան կողմը փորձեց պարզաբանել իրավիճակը ռուս խաղաղապահների միջոցով։ Նրանց միջնորդությամբ տեղի ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի դեմառդեմ հանդիպումը Ադրբեջանի ոմն բարձրաստիճան ներկայացուցչի հետ։ Սակայն այդ բանակցությունները ևս թույլ չտվեցին իրավիճակը շարժել մեռյալ կետից։

Հայկական կողմը հարցը բարձրացնում է բոլոր մակարդակներում։ Փետրվարի 24-ին այդ թեման քննարկվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հանդիպման ընթացքում։ Գեներալը ոչ մի հուսադրող բան չկարողացավ ասել։

Այդ ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն ու նրանց ռուս գործընկերները շարունակում են լրիվ պատրաստության վիճակում լինել՝ հույս ունենալով վերադառնալ իրենց առաքելության կատարմանը։ Իսկ զոհվածների ընտանիքները շարունակում են լուրերի սպասել։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Արցախի հարավային մասում՝ Որոտանի, Վարանդայի, Ջրականի և Հադրութի շրջաններում, դեռևս սպանված զինվորականների և քաղաքացիական անձանց հարյուրավոր մարմիններ կան։ Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ռազմական  գործողությունների ավարտից հետո հայտնաբերվել է 1485 զոհվածի մարմին։

Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Հարկ է նկատել, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Ընդմիջումները տևում էին ընդամենը երկու-երեք օր և պայմանավորված էին կոնկրետ պատճառներով․ եղանակի կտրուկ վատթարացում կամ ուժերի շփման գծի մոտակայքում տեղի ունեցած միջադեպեր։ Այսպես, դեկտեմբերի վերջերին որոնողափրկարարական աշխատանքները Հադրութում կանգ առան Տող գյուղում զինված միջադեպի պատճառով։ Իսկ հիմա պատճառ առհասարակ չի նշվում։

Չնայած Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում որոնողական աշխատանքներն արգելելու դրդապատճառները, ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց պատճառներն են նշում։

Vesti.az լրատվականը պնդում է, որ աշխատանքները կանգ են առել եղանակային վատ պայմանների պատճառով։ Իբրև թե հիմա Ղարաբաղի հարավում կտրուկ ցրտել է և ձյունաբուք է, որի պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներն անհնար են։ Սակայն օդերևութաբանները պնդում են, որ այդ տարածքներում ձյուն արդեն գրեթե չկա, իսկ ջերմաչափի սնդիկի սյունը համառորեն դեպի վեր է բարձրանում։

Нaqqin.az կայքն իր սեփական տարբերակն է առաջ քաշում։ Հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, պարբերականը պնդում է, որ որոնումները կանգնեցվել են այն պատճառով, որ այն հատվածները, որտեղ դրանք պետք է անցկացվեին, ականապատված են հայկական ուժերի կողմից։

«Դա ամեն օր վտանգի է ենթարկում ադրբեջանցի զինվորականների կյանքը։ Հայ զինվորների աճյունները գտնելու փոխարեն ստիպված են լինում հավաքել այդ ականապատ տարածքներում պայթած ադրբեջանցի զինծառայողների դիերն ու մնացորդները»,-ասվում է հրապարակման մեջ։ Ականապատ դաշտերի քարտեզի բացակայության մասին հայտարարել է նաև Իլհամ Ալիևը։

Սակայն եթե որոնումների ընթացքում ականի վրա պայթելու վտանգ կա, ապա այն առաջին հերթին սպառնում է նաև հայերին։

Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացենել։ Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Նախևառաջ նշենք, որ սպանվածների աճյունների ճակատագրի հարցը շատ ցավագին է հայերի համար, և այն օգտագործվում է Երևանի վրա ճնշում գործադրելու համար։ Ինչպես երևում է, օգտագործելով ճնշման այդ լծակը, պաշտոնական Բաքուն ձգտում է ստիպել ավելի զիջող լինել Ադրբեջանի համար ակտուալ հարցերի քննարկման ընթացքում։

Նման հարցերից մեկը կարող է լինել հայոց բանակի առաջիկա վերազինումն ու վերակազմավորումը։ Օրերս Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրեն բնավ դուր չի եկել Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հարցում Երևանին աջակցելու Մոսկվայի որոշումը: «Մի քանի օր առաջ լսեցի, որ  հայերի դաշնակիցները հիմա էլ ցանկանում են վերականգնել նրանց բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ։ Մենք թույլ չենք տա, որ մեզ և մեր քաղաքացիների համար նորից սպառնալիք առաջանա», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Կան նաեւ կոնկրետ պատճառներ։ Հայտնի է, որ այն շրջաններում, որտեղ պատրաստվում էին որոնողական աշխատանքներ իրականացնել, Ադրբեջանն այժմ լայնածավալ շինարարություն է իրականացնում՝ օտարերկրյա մասնագետների ներգրավմամբ։ Ֆիզուլիի շրջանում կառուցվում է միջազգային օդանավակայան, իսկ Ջաբրայիլի շրջանում  ստեղծվում են նոր տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Միաժամանակ, այդ նույն տարածքներում կառուցվում են նոր ռազմատեխնիկական-ամրաշինական կառույցներ։ Ըստ երևույթին, այդ աշխատանքները ցանկանում են ավարտել առանց ավելորդ աչքերի։

Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ

Ամեն դեպքում, եթե հարցը դրական լուծում չստանա, ստիպված կլինենք արձանագրել, որ խախտվում են ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։

462
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արցախում 1 օրում մաքրվել է 13 հա տարածք և 5 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 19 պայթուցիկ
Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Ադրբեջանական կողմը գնդացիր է կիրառել. մանրամասներ և լուսանկարներ Սարուշենի դեպքից

87
(Թարմացված է 10:41 12.04.2021)
Վերջին շրջանում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: 

«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:

  • Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
    Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
  • Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
    Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա
1 / 2
Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա

Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում

87
Գրիգորի Կարասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ. Կարասին

73
(Թարմացված է 21:45 11.04.2021)
Հարցերի հիմնական բլոկը, ըստ Կարասինի, կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող էին օգտակար դեր խաղալ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում, կարծում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։ Այդ մասին նա հայտնել է «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ նրանք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն) այս աշխատանքում կարող էին օգտակար դեր խաղալ։ Այդ «եռյակը» փորձ և մեծ արտաքին աջակցություն ունի։ Կարծում եմ՝ կարելի էր վերսկսել ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների կանոնավոր հանդիպումների պրակտիկան, ինչը միջազգային զգալի արձագանք կստանար»,-ասել է Կարասինը «Коммерсантъ» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք Ղարաբաղի գործընթացներում ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Նա հավելել է, որ հիմա հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների հետ․ ռազմագերիների փոխանակման ավարտի, զոհվածների մարմինների վերադարձի, փախստականների և նրանց բնակության համար պատշաճ պայմանների ստեղծման հետ: Սուր է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա շուրջ շրջանների ականազերծման հարցը։

Երևանը չի կարող, Բաքուն չի ցանկանա. փորձագետը՝ Արցախում էսկալացիայի վտանգի մասին

«Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կհաջողվի կողմերի միջև վստահություն հաստատել։ Կոնկրետ քայլեր արդեն արվել են։ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքական հարցերի քննարկումը, հանգուցալուծումների որոնում է ընթանում: Ակտիվորեն աշխատում է փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովը, որը քննարկում է տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ խնդիրները»,-նշել է սենատորը։

73
թեգերը:
Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Գրիգորի Կարասին
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահին ներկայացրել է մոսկովյան այցի արդյունքները
Սերգեյ Վերշինինն ու Վարդան Տողանյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ նախագահը խոսել է Արցախի հիմնախնդրի ծագման մասին ու հիշեցրել Պուտինի խոսքերը

ՊՆ զորամասի ծառայողները պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան ապօրինի զենք են տեղափոխել

0
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Պաշտպանության նախարարության աշխատակիցների մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։ Ինչպես հայտնում են ԱԱԾ–ից, ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 6 ծառայողներ կամովին հանձնել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխած «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտներ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ և տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ շարունակում է մարտի դաշտից ապօրինի կերպով Հայաստանի տարածք տեղափոխված զենքերն ու զինամթերքը հայտնաբերելու միջոցառումները, և քրեական պատասխանատվությունից ազատելու համար առաջարկում է կամովին հանձնել դրանք։

0