ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունն իրականացնում է՝ ըստ անհրաժեշտության բնակարանները կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու ծրագիր:
«Մասնավորապես, Ասկերանի շրջանի Պատարա գյուղում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից տեղահանված բնակիչներին հատկացված 15 տան համար, որտեղ բնակություն են հաստատել 85 քաղաքացի, ընթացքի մեջ են կահավորման աշխատանքները: Երեք տուն արդեն իսկ ամբողջությամբ կահավորված է, իսկ 4-ի կահավորումն ավարտին կհասցվի առաջիկա երկու օրերի ընթացքում»,–նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Հարավ գյուղում 5 հոգանոց ընտանիքին հատկացված տունը ևս կահավորվել է անհրաժեշտ պարագաներով:
Առաջին անհրաժեշտության կենցաղային տեխնիկայով և կահույքով ապահովելու ծրագիրը շարունակաբար գործում է բոլոր գյուղական համայնքներում, համաձայն տեղահանված արցախցիների՝ տվյալ վայրում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկատվության։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր` պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum-ի հետ զրույցում նշել է, որ ինքը բանակի կողքին է։
«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին, և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով կայքի խնդրանքին՝ մեկնաբանել Գլխավոր շտաբի հայտարարությունը։
Հարությունյանը հայտնել է, որ վիրահատության է պատրաստվում։ Խոստացել է մանրամասն խոսել վիրահատությունից հետո։
Նշենք, որ ավելի վաղ Irakanum.am-ը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, և նա պատրաստվում է գլխի վիրահատության։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։
Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը փետրվարի 4-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Գեներալն այդ պաշտոնում իր աշխատանքը դիտարկում է որպես հայրենիքին ծառայելու, օգուտ տալու հնարավորություն:
Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և գրառում արել Facebook–ի իր էջում։
«Սումգայիթի ջարդերից 33 տարի անց էլ ոչինչ չի փոխվել»,– գրել է նա` նշելով, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, ոտնահարել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
«Տասնամյակներ առաջ ժողովրդավարության ուղին բռնած Արցախն այսօր՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, լի է անսասան վճռականությամբ ու հաստատակամությամբ՝ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը, հայրենի հողի վրա ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը»,- շեշտել է Արցախի նախագահը։
Հարությունյանը նաև լիահույս է՝ ապագան հզոր ու լուսավոր է լինելու։
«Մենք տերն ենք մեր պատմության, որը լի է վայրիվերումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, տերն ենք մեր հիշողության, հզոր ու լուսավոր ապագայի»,- եզրափակել է Արցախի նախագահը։
Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Պաշտոնանկության հերթը կարծես թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին էլ հասավ։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը Facebook-ի իր էջում արված գրառմամբ ուղիղ ակնարկում է այդ մասին։
«Սահմանադրության 139 հոդվածի համաձայն` նախագահն իրավունք ունի հրամանագրի նախագիծն առարկություններով վերադարձնել առաջարկությունը ներկայացրած մարմնին: Առաջին հայացքից կարող է թվալ` Արմեն Սարգսյանը երեկ օգտվել է վերը նշված իր լիազորությունից՝ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վարչապետին վերադարձնելիս: Բայց ամենևին էլ այդպես չէ: Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին»,- գրում է Հովակիմյանը:
Նրա խոսքով՝ այս դեպքում նախագահն իր լիազորությունը կամայական է իրացրել, քանի որ վարչապետը Սահմանադրության 155-րդ հոդվածով իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին։ Իմքայլական պատգամավոր վստահ է, որ անգամ «ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ»:
Այսպիսով, Հովակիմյանը կարծում է, որ նախագահը, իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս, կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այլն։
«Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- ամփոփել է պատգամավորը։
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ վաղը կայանալիք հանրահավաքի ժամանակ խոսելու է նախագահի որոշման անհիմն լինելու մասին, արձանագրելու են այդ որոշման հենք չունենալը, և այդ արձանագրումից հետո կարող են որոշակի հետևություններ արվել։
Սահմանադրության 141 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար: Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան: Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Հիշեցնենք` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:
Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։
Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։