ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի - Sputnik. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի արդյունքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների:
Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է ԱՀ իշխանությունների քաղաքական օրակարգում:
ԱՀ նախագահն ընդգծել է, որ նախընտրությունը տրվում է այդ գյուղերի բնակիչների՝ համախումբ սկզբունքով վերաբնակեցման տարբերակին:
Բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին է անցել Քելբաջարը, Աղդամի շրջանը, Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ։ Հհակառակորդին են անցել բնակավայրեր նաև նախկին ԼՂՀ տարածքից։
Արայիկ Հարությունյանից եղել է հրաման` Սեյրան Օհանյանը բունկեր չմտնի. Ռուզաննա Խաչատրյան
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ստեփանակերտցիների մի մասի կողմից առաջարկվող բնակարանային վարձերի չափերը ոչ միայն անտրամաբանական են, այլև հեռու են բարոյական նորմերից: Այսօր բնակարանային և ներքին անվտանգային մի շարք հարցերի շուրջ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսպիսի հայտարարություն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Կառավարությունը շտապ միջոցներ է կիրառելու օրենքի սահմաններում վիճակը շտկելու ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում անբարեխիղճ վարձատուներին զրկելու ենք պետական աջակցության ծրագրերից և կիրառելու ենք նաև պատասխանատվության միջոցներ»,–ասել է նախագահը։
Նա հանձնարարել է պատկան մարմիններին կարճ ժամանակում մշակել ու ներդնել համապատասխան կարգավորումներ:
Անդրադարձ է եղել նաև ապօրինի զինամթերքի հավաքագրմանը, ճանապարհային երթևեկության կանոնների խստացմանն ու երկրում օրինականության ապահովմանն ուղղված հարցերի: Նախագահը խստորեն հանձնարարել է լիազոր մարմիններին ապահովել օրենքի գերակայությունը և ներքին կարգուկանոնը՝ հատուկ ուշադրություն դարձնելով օրենքի առջև բոլորի հավասարությանը:
Հիշեցնենք, որ մեկ տարով Արցախի բնակչության համար անվճար կլինեն կոմունալ ծառայությունները՝ բնական գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, նաև բջջային և ֆիքսված կապը ու համացանցը։
Բացի այդ, փոխհատուցվում է այն ընտանիքների բնակվարձը, որոնք կորցրել են իրենց տները պատերազմի հետևանքով։
Արցախի խորհրդարանն առաջարկում է Ադրբեջանին անցած տարածքներին տալ «օկուպացվածի» կարգավիճակ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. ՄԱԿ-ում մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և երկխոսության միջոցով քաղաքական հակասությունների լուծման կոչ են անում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է։ Շատ կարևոր է, որ բոլոր կողմերը պահպանեն հանգստություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, երկխոսություն սկսել լարվածության թուլացման և քաղաքական հակասությունների լուծման համար»,- ասել է Դյուժարիկը։
Նա ընդգծել է, որ իրավիճակը պետք է կարգավորվի Սահմանադրության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ լիակատար հարգանքով։
Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։