ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Արցախի նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի` ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Արցախի համայնքներում ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի։
«Հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ. գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:
Հիշեցնենք, որ Արցախում ռազմական դրություն ու զորահավաք է հայտարարվել նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Artsakhpress.am-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:
«Հանրապետության նախագահը, ինչպես և հայտարարել էր, շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, և նրա միջնորդական ջանքերն ուղղված են ճգնաժամի հաղթահարմանը՝ սահմանադրական, խաղաղ ու քաղաքակիրթ եղանակներով: Հատկապես ընթացիկ պայմաններում ապակայունությունը, արյունահեղությունն ու ատելությունը հայրենիքը տանելու են պարզապես կործանման ճանապարհով»,- շեշտել է Ավանեսյանը։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։