Ստեփանակերտ, արխիվային լուսանկար

Մանե Թանդիլյանի ղեկավարած նախարարությունը մեծ թվով սոցաշխատողների կարիք ունի

137
(Թարմացված է 15:34 17.02.2021)
Ուսուցիչները, մանկավարժները կարող են վերապատրաստում անցնել և դիտարկել այս աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը մեծ քանակի սոցաշխատողների կարիք ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գերատեսչության ղեկավար Մանե Թանդիլյանը։

«Մեր նախարարությունում ապրիլի 1-ից լինելու են հաստիքների փոփոխություններ, նաև բովանդակային։ Պետք են մեծ քանակի սոցաշխատողներ, որ ընտանիքների հետ կապի մեջ լինեն։ Այժմ նախարարությունում նման աշխատող չկա», - ասաց նա։

Նախարարը վստահեցրեց, որ նախարարության սոցաշխատողի աշխատավարձը մրցունակ լինելու է պետական աշխատավարձի սահմանում։

Նա նշեց, որ ցանկալի է՝ մարդիկ վերապատրաստումներ անցնեն և դիտարկեն նոր հնարավորություններ։

«Ուսուցիչները, մանկավարժները կարող են վերապատրաստում անցնել և դիտարկել այս աշխատանքը։ Մարդիկ կարող են մտածել ձեռնարկատիրական գործունեություն սկսելու մասին»,- ասաց նախարարը։

Թանդիլյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ թեև պետությունը գործատու է, բայց աշխատանք ապահովող չէ, ըստ այդմ վերապատրաստվելը միայն օգտակար է։

«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան

137
թեգերը:
աշխատանք, Արցախ, Մանե Թանդիլյան
Ըստ թեմայի
Հայաստանը պարտավոր էր Արցախի անկախությունը ճանաչել պատերազմի ընթացքում. Սերժ Սարգսյան
Սակրավորներն Արցախում աշխատանքները տեղափոխում են դեպի անտառներ, դաշտավայրեր ու լեռներ
«Արցախում պաշտոններ չկան, ծառայություններ են»․ Մանե Թանդիլյանը՝ իր աշխատանքի մասին
Ջալալ Հարությունյան

Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո

55
(Թարմացված է 16:42 28.02.2021)
Կայքի տեղեկություններով՝ ՊԲ նախկին հրամանատարի առողջական վիճակը վատացել է, այդ պատճառով էլ չի մեկնաբանում ԳՇ հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը Irakanum-ի հետ զրույցում նշել է, որ ինքը բանակի կողքին է։

«Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին, և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որևէ սադրանքի»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով կայքի խնդրանքին՝ մեկնաբանել Գլխավոր շտաբի հայտարարությունը։

Հարությունյանը հայտնել է, որ վիրահատության է պատրաստվում։ Խոստացել է մանրամասն խոսել վիրահատությունից հետո։

Նշենք, որ ավելի վաղ  Irakanum.am-ը հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, և նա պատրաստվում է գլխի վիրահատության։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել էր մասնակցել հանրահավաքին և երթին։

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը փետրվարի 4-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Գեներալն այդ պաշտոնում իր աշխատանքը դիտարկում է որպես հայրենիքին ծառայելու, օգուտ տալու հնարավորություն:

Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։

55
թեգերը:
Բանակ, Ջալալ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Ջալալ Հարությունյանին հարցաքննել են, մահափորձ կատարելու հատկանիշներով քրգործ է հարուցվել
Ջալալ Հարությունյանը խոսել է պատերազմի, պարտության, իր դեմ մահափորձի ու նոր պաշտոնի մասին
Լռեցնո՞ւմ են, թե՞ սիրաշահում. ռազմական փորձագետը` Ջալալ Հարությունյանի նշանակման մասին
Արայիկ Հարությունյան

«Մենք տերն ենք մեր պատմության, հզոր ու լուսավոր ապագայի»․ Արայիկ Հարությունյան

28
(Թարմացված է 15:01 28.02.2021)
Չնայած կրած կորուստներին ու պարտությանը՝ Արցախի նախագահը վստահ է, որ ապագան հզոր ու լուսավոր է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և գրառում արել Facebook–ի իր էջում։

«Սումգայիթի ջարդերից 33 տարի անց էլ ոչինչ չի փոխվել»,– գրել է նա` նշելով, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, ոտնահարել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

«Տասնամյակներ առաջ ժողովրդավարության ուղին բռնած Արցախն այսօր՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, լի է անսասան վճռականությամբ ու հաստատակամությամբ՝ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը, հայրենի հողի վրա ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը»,- շեշտել է Արցախի նախագահը։

Հարությունյանը նաև լիահույս է՝ ապագան հզոր ու լուսավոր է լինելու։

«Մենք տերն ենք մեր պատմության, որը լի է վայրիվերումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, տերն ենք մեր հիշողության, հզոր ու լուսավոր ապագայի»,- եզրափակել է Արցախի նախագահը։

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ

28
թեգերը:
Սումգայիթ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
«Չնայած արհավիրքներին, Արցախը կանգուն է»․ Արցախի ԱԳՆ-ի ուղերձը
ՄԻՊ–ը բոլոր ապացույցներն ունի. Թաթոյանը` հայերի ջարդերի մասին
Գերեվարված շիրակցիների հարազատները

«Թո՛ղ տղաներին բերի, նոր խոսի». Վանեցյանի ասածը զայրացրել է գերիների հարազատներին

0
(Թարմացված է 16:53 28.02.2021)
Գերեվարված շիրակցիների հարազատները հորդորում են տղաների անունները քաղաքական նպատակներով չշոշափել։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում հայտնված տղաների հարազատները բոլոր ուժերին կոչ են անում գերիների հարցը չքաղաքականացնել: Խծաբերդում գերեվարված շիրակցի 54 տղաների հարազատներն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հանդես եկան հայտարարությամբ։

«Քաղաքական և ոչ քաղաքական ուժերը շոշափում են մեր տղաներին գերությունից ազատելու հարցը: Եթե կա ինչ–որ անձնավորություն, որը կարող է իր լուման ներդնել մեր տղաներին վերադարձնելու հարցում, խնդրում ենք` թող կատարի այդ քայլերը, նոր խոսի: Մենք առաջին օրվանից տեսել ենք այն մարդկանց, որոնք պատրաստ են մեր կողքին լինելու ու մեզ համար քայլեր կատարելու, գիտենք նաև այն մարդկանց, որոնք իրենց նպատակների համար շոշափում են մեր տղաների հարցը, թող նրանք զերծ մնան իրենց հայտարարություններում գերիների ու անհետ կորածների խնդիրը շոշափելուց ու չխանգարեն մնացած աշխատանքներին, որոնք կատարվում են ու պետք է կատարվեն»,-նշեցին հարազատները։

Նրանք շեշտեցին, որ իրենք ոչ մի քաղաքական ուժի չեն պաշտպանում ու չեն կանգնում ոչ մի քաղաքական ուժի կողքին, և անդրադարձան նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը:

«Մենք նրան էլ ենք հորդորում՝ ունես այդ հնարավորությունը, արա, նոր խոսիր: Եթե կարող ես 3 օրում գերիներին բերել, բեր թեկուզ 1 շաբաթում, բայց երեխաներին մի դարձրեք առևտրի թեմա ձեր աթոռի համար։ Կա՛մ ինքը պետք է բերի մեր երեխաներին, կա՛մ ինքը ստախոս է, եթե աթոռ է ուզում, թող գա Գյումրի, մենք իրեն աթոռ կտանք, բայց ոչ մեր երեխաների հաշվին»,-նշեցին հարազատները՝ կարևորելով գերիների վերադարձի հետ կապված գործընթացը:

Նրանք շեշտեցին` փակագծեր չեն բացում, բայց լավ գիտեն` այդ գործընթացում ով է ներգրավված, ով ինչ քայլ է կատարում:

«Այսօրվա դրությամբ այն 70 տոկոս գործընթացը, որ մինչ այս կատարվել էր տղաների վերադարձի ուղղությամբ, իրենք նորից դարձրեցին զրո։ Եթե գերիներին բերելու հնարավորություն ունեցող անձը չի համագործակցում պատկան մարմինների հետ, մենք մտածում ենք, որ դրա նպատակը ուրիշ է, իսկ հետևանքի մասին մենք չպետք է դատենք, այլ դրա համար կան համապատասխան մարմիններ: Խոսքը ոչ միայն Շիրակի մարզի այն 62 տղաների մասին է, որոնցից 8 վերադարձել են, այլ բոլորի»,- նշեցին հարազատները։

Նրանք պահանջեցին, որ իրենց հետ հանդիպման գան Հայաստանի ու Արցախի նախագահները։

«Թող գան Գյումրի ու մեր տղաներին չդարձնեն քաղաքական դաշտ: Մեզ շահարկում պետք չեն, մեզ պետք են հստակ քայլեր»,- եզրափակեցին գերեվարվածների հարազատները:

Հիշեցնենք` Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս հայտարարել էր, որ եթե ինքը իշխանության գա, ապա կկարողանա գերիների հարցը մի քանի օրում լուծել։

Նշենք, որ Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը չի հրապարակվում։ Հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։

0