ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ երեկոյան Մարտունի քաղաքում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 2 մարդ է վիրավորվել։
«Փետրվարի 14-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Մարտունի քաղաքի 1996թ. ծնված Ռ. Հ.-ն նույն քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ։ Հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող Մարտունի քաղաքի 1984թ. ծնված Գ. Հ.-ն և 1994թ. ծնված Մ. Ա.-ն մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային վնասվածքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
1996թ. ծնված Ռ.Հ.-ն ձերբակալված է:
Դեպքի առթիվ Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (սպանությունը) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինքնասպանություն Գորիսում. 30–ամյա բնակիչն ինքնաձիգով կրակել է ծնոտին, դին գտել են տանը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:
«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է զինված ուժերի աղբյուրը։
Երեկվանից Գասպարյանի մոտ են գնում տարբեր պաշտոնյաներ ՝ նրան համոզելու, որ հեռանա պաշտոնից։ Նրա հետ արդեն իսկ հանդիպել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը։
«Գասպարյանը որոշում է կայացնում ՝ հենվելով բացառապես հրամանատարների և ԳՇ վարչությունների ղեկավարների կարծիքի վրա։ Նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը ՝ կառավարությունը պետք է հեռանա»,–ասել է մեր աղբյուրը։
Զինվորականները ներկայումս պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման, ընդհուպ ձերբակալվելու հնարավոր փորձերին: Sputnik Արմենիային զինվորականների հնարավոր ձերբակալության մասին լուրը հաստատել է նաև գլխավոր դատախազության աղբյուրը. գեներալներին ձերբակալելու նպատակով հատուկ նշանակության ուժերի «գրոհը» լրջորեն քննարկվել է ի սկզբանե:
Զինված ուժերում մեր զրուցակիցը նաև նշում է, որ եթե իշխանությունը ուժ կիրառի ցուցարարների դեմ, ապա բանակը չի զբաղեցնի ուղղակի դիտորդի դեր։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։