ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության տվյալներով՝ Արցախ է վերադարձել մոտ 100 000 մարդ, իսկ մոտ 40 000 արցախցի շարունակում են բնակվել Հայաստանում:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ տվյալները Արցախի ԱԺ-ի այսօրվա նիստի ժամանակ հայտնել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցադրմանը, ըստ որի` պատերազմի ընթացքում ՀՀ է տեղափոխվել մոտ 90 000 արցախցի, որոնցից վերադարձել են շուրջ 53 000–ը:
Թանդիլյանի խոսքով՝ 53 000–ը ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալն է, որը ձևավորվում է ավտոբուսներով վերադարձողների վիճակակագրության հիման վրա:
«Սակայն ստույգ տվյալը, բնականաբար, այդ չէ: Մենք ունենք ֆինանսական ուղիղ աջակցության մեխանիզմ, ըստ որի՝ կան հստակ տվյալներ, որ վերադարձած արցախցիների թիվն ավելի շատ է: Մարդիկ աջակցություն են ստանում անմիջապես «Արցախփոստից»: Հանրապետությունում ուղիղ ֆինանսական աջակցություն ստացողների թիվը կրկնակի շատ է, քան այն, ինչն արդեն հնչեցվել է: Այդ թվում ներառված չեն 18-58 տարեկան աշխատող տղամարդիկ»,–ասել է Թանդիլյանը։
Նրա խոսքով` Արցախ վերադարձողների մի մասը սեփական ավտոմեքենաներով է եղել, որոնց տվյալները նույնպես չեն արտացոլվել այդ թվերում: Հայաստանում այս պահի դրությամբ մեծ մասամբ բնակվում են ադրբեջանական վերահսկողության ներքո անցած բնակավայրերից տեղահանված արցախցիները: Թանդիլյանը հայտնել է նաև, որ տեղահանվածների մոտ 60 տոկոսը նույնպես վերադարձել է Արցախ:
Հիշեցնենք` փետրվարի 3-ին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Արցախի սոցիալական և հումանիտար խնդիրներն արդեն լուծվել են։ Նա ասել էր նաև, որ Հայաստանի կառավարությունը 15 մլրդ դրամի չափով ուղիղ աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:
«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում, սակայն Երևանից այս թեմայով հստակ պատասխան դեռևս չկա:
«Երկու հանդիպում արդեն եղել է։ Երրորդը նախատեսվում էր անցկացնել վաղը, Մոսկվայում, բայց ինձ դեռ չեն զեկուցել՝ արդյո՞ք Երևանը տեղափոխել է հանդիպման օրը, թե ոչ։ Եթե հանդիպումը տեղափոխվի, ըմբռնումով կընդունվի»,-ասել է Ալիևը արտասահմանյան լրագրողների համար տված մամուլի ասուլիսում:
Ընդ որում, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՌԻԱ Նովոստիին հաստատել էր, որ Արցախի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նոր հանդիպումը ծրագրած է անցկացնել փետրվարի 27-ին, Մոսկվայում: Նա նաև հայտնել է, որ բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը։
Հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել է աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Խմբի ղեկավարներն են երեք երկրների փոխվարչապետները: Աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի Արցախի զարգացման ծրագրերը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի երկրորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 12-ին՝ տեսակապի միջոցով: