ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով 1367 է:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի»,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:
Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան
Հովհաննես Մկրտչյանը Հայաստան է եկել 2020-ին՝ ֆիլմ նկարահանելու, բայց դա զուգադիպել է նախ կորոնավիրուսի, ապա արցախյան 44–օրյա պատերազմի հետ, ինչի հետևանքով համշենահայ երիտասարդը մնացել է մայր հայրենիքում։ Պատմում է, որ պատերազմի ժամանակ ձգտում էր մեկնել Արցախ, բայց մշտապես ստանում էր մերժումներ։ Չլինելով Հայաստանի քաղաքացի` հնարավորություն չի ունեցել կռվել թշնամու դեմ, առաջարկել է թիկունքային աշխատանքներ, կրկին մերժվել է։
«Ընկերս եկավ, ես նրան ասացի, որ պետք չի սպասել, թե հնարավորություն կունենանք առաջնագիծ գնալու։ Չեն թողնի։ Բայց նա հաջորդ օրը կազմակերպեց, որ կարողանանք մեկնել Արցախ։ Գնեցինք համազգեստ, ժամը 7-ին մեկնեցինք։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Մեզ տարան Կարմիր Շուկայի մոտ, հետո Թաղավարդ։ Շատ ամուր տղաներ կային ջոկատում։ Տարբեր երկրներից եկել էին կամավորներ, որոնք իրենց հնարավորության սահմաններում օգնում էին Արցախի պաշտպանության գործին։ Ամենակարևորը՝ մենք ունեինք կարգապահություն։ Որևէ մեկը չէր փորձում ինքնահաստատվել մյուսի հաշվին։ Մենք բոլորս դարձանք մեկ մարդ»,-պատմում է Հովհաննեսը։
Նրանց ջոկատում հիմնականում եղել են տարբեր ոլորտների մասնագետներ։ Հովհաննեսն ասում է՝ մարդիկ մեկը մյուսի նկատմամբ շատ հոգատար էին, քանի որ համարում էին՝ իրենց գործունեությունը պակաս կարևոր չէ։
«Մենք երկու օր չէինք քնել։ Ամբողջ գիշեր փորում էինք։ Ծանր օրեր էին, կռիվները չէին դադարում։ Մեր հրամանատարն ուժեղ, թիկնեղ տղա էր։ Գիշերն ասում էր` փորի, ախպեր ջան, փորի։ Ինքն ամբողջ գիշեր փորում էր։ Մեր հրամանատարն ասում էր` Հովհաննես, փորո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես, թե մեր դիմաց ովքեր են, դե փորի։ Նա լավ օրինակ էր, թե ինչպես է հնարավոր մեկ մարդ դառնալ, մեկ մարմին»։
Համշենահայերը Թուրքիայում էլ համարվում են մարտաշունչ էթնիկ խումբ։ Նախնիներից պահպանված բարբառով Հովհաննեսը ներկայացնում է Արցախի, Հայաստանի ու հայրենակիցների մասին իր վերաբերմունքը։
«Հայրս սովորեցրել է, որ երբ խոսում ես հայերեն, պետք է հայերեն մտածել։ Մեր մշակութային արժեքները, մեր պատմությունը պետք է միավորող գործոն լինեն։ Ես այդպես եմ դաստիարակվել»,–ասում է նա։
Համշենցի Հովհաննեսը պատրաստ է հաստատվել Հայաստանում և այստեղ ներդրում ունենալ պաշտպանության ոլորտում, զարգանալ իր մասնագիտության մեջ։
Հիշեցնենք` Արևմտյան Հայաստանի Համշենի տարածաշրջանում տարբեր հաշվարկներով ապրում է 700-800 հազար հայ։
Ցեղասպանության ժամանակ համշենահայերը համեմատաբար խուսափել են կոտորածից, սակայն հետո նրանցից շատերը հեռացել են Թուրքիայից՝ տեղափոխվելով Ռուսաստան կամ Հայաստան։
Վերջին անգամ Շուշիում՝ մահվան հետ դեմ հանդիման, կամ ինչպես ընկավ թշնամու ինքնաթիռը