ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահի նորանշանակ մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը մինչ նոր պաշտոնում նշանակվելն աշխատել է Արցախի Հանրային հեռուստատեսության լրատվական բաժնում, ինչպես նաև վարել է «Դեմ առ դեմ» քաղաքական թոք-շոուն:
Նա ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, ավարտել Արցախի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
Հիշեցնենք`Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` մինչ այս Արցախի նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում էր Վահրամ Պողոսյանը։ Վերջինս Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2020թ.–ի մայիսի 26–ին։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:
«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. ՀՀ ներկա իշխանությունը պարտված իշխանություն է և չի կարող իր պահանջները ներկայացնել Ալիևին ։ Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ` իշխանության գալու պարագայում, գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»,– ասաց նա` հավելելով, որ ՌԴ–ում ու այլ երկրներում , բայց` ոչ Ադրբեջանում, ունի անձնական կապեր, մարդկային հարաբերություններ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։
Մեկնաբանելով Ալիևի այսօրվա հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ գերիներ չկան` Վանեցյանը նշեց, որ նման բան ուղղակի չի կարող լինել։
«Ի՞նչ է նշանակում գերիներ չկան, ի՞նչ է նշանակում հանցագործներ։ Հենց դա է թուլությունը։ Բա մենք ինչո՞ւ ենք ասում, որ մեր իշխանություններն այսօր չեն կարողանում պաշտպանել մեր երկրի շահերը»,– ասաց Վանեցյանը։
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, այդ թվում` ինքը, իշխանության «կռիվ» չեն անում, բայց պնդում են, որ գործող իշխանությունը պետք է հեռանա։
«Լավ, մեզ չեն սիրում, ինձ չեն սիրում, Վազգեն Մանուկյանին չեն սիրում, մնացածին չեն սիրում, թող մարդիկ դուրս գան և պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և ուրիշ քաղաքական գործիչներ, ուրիշ մարդիկ գան իշխանության»,– ասաց նա։