ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուս և թուրք զինծառայողների կողմից իրավիճակի համատեղ դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնել է համատեղ կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Միխայիլ Զավալկինը։
«Իրադրության մոնիթորինգն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով՝ անօդաչու թռչող սարքերի, մասնավորապես «Ֆորպոստ» և «Օռլան-10» ԱԹՍ-ների օգնությամբ: Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,-հայտնել է համատեղ կենտրոնի ռուսաստանյան ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ համատեղ կենտրոնի զինծառայողներն անօդաչու թռչող սարքերից պատկերն անընդհատ ստանում են կառավարման կետ, որտեղ վերլուծում են ռազմական տեխնիկայի, անձնակազմի բոլոր տեղաշարժերը, ինչպես նաև արձանագրվում են կողմերի շփման գծի հատման բոլոր փաստերը:
Համատեղ կենտրոնի հերթապահ հերթափոխների կողմից իրականացվում է ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում, ամփոփում և ստուգում, դիտարկվում է ցանկացած բողոք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների չկատարման հետ կապված հարցերի կամ խնդիրների վերաբերյալ:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին՝ Կիյամադինլի բնակավայրի շրջանում, 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:
Ինչ կտա մոնիթորինգային համակարգը բանակցություններին. փորձագետը` Փաշինյանի առաջարկի մասին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ, սակայն ոչ նրա հրաժարականի պահանջով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումների մասին այն տեղեկատվությունը, թե իբր նա ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից պահանջում է հրաժարական տալ, իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում»,- նշել է Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ նախօրոք հայտարարած միջնորդության պատրաստակամությանը համապատասխան՝ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ Օնիկ Գասպարյանի հետ, նրանց հետ քննարկել է առկա իրավիճակն ու լուծման ուղիները։ Սակայն Օնիկ Գասպարյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանրապես չի քննարկվել հրաժարականի հարցը։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, այլև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և մեկ այլ պաշտոնատար անձ:
«Արայիկ Հարությունյանը շարունակում է չեզոքություն պահպանել ՀՀ ներքաղաքական զարգացումների նկատմամբ, քանի որ նա ստանձնել է միջնորդական առաքելություն իրականացնել ճգնաժամի հաղթահարման համար»,- շեշտեց Ավանեսյանը։
Նրա խոսքով` Արայիկ Հարությունյանը դեռ Հայաստանում է և դեռ չի պատրաստվում վերադառնալ Արցախ։ Այլ հանդիպումներ առաջիկայում սպասվում են, թե ոչ` Ավանեսյանը չցանկացավ հայտնել։
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Արցախում Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի է պայթել ականի վրա։ Տեղեկությունն այսօր հայտնել է Sputnik Ադրբեջանի Telegram-ալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջրականում (Ջաբրայիլ), որն անցել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ:
Աղբյուրի համաձայն՝ միջադեպի պահին Գուլոգլան Միրզալիևը գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել: Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով տղամարդը տարբեր վնասվածքներ է ստացել։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քաղաքացիները ղարաբաղյան հակամարտության գոտում պայթում են ականի վրա։ Հաճախ նրանք քաղաքացիներ են, որոնք առանց իշխանության թույլտվության ներխուժում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Նման միջադեպերից մեկը տեղի է ունեցել փետրվարի 19-ին Թալիշ գյուղում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։
Կենտրոնը նշում է` օրերս «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնք է գնացել։ Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։
«Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։