ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը միանգամայն նորմալ է, և դա ամենևին էլ չի նշանակում, որ Ռուսաստանը զիջել է Թուրքիային։ Ավելի շուտ դա այն մտքի գիտակցումն է, որ Անկարայից ոչ մի տեղ չես փախչի։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն։
Նրա խոսքով՝ այսօր Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել Թուրքիային։ «Թուրքերի հետ հիմա վիճել պետք չէ, դրա համար էլ սա դիվանագիտական քայլ է։ Եվ, ի դեպ, թուրքերն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ գլխավոր դերն այնտեղ խաղալու է Ռուսաստանը։ Դրա համար էլ Թուրքիայի ազդեցության հսկայական աճի ոչ մի սպառնալիք ես այստեղ չեմ տեսնում»,-ասաց մասնագետը։
Նրա խոսքով` կենտրոնի ստեղծումը միայն քաղաքական քայլ է, իսկ դրա նշանակությունը կախված կլինի իրական իրավիճակի զարգացումից:
«Սրացում հրահրելու հարցում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան շահագրգռված չեն, քանի որ այդ դեպքում երկուսն էլ միայն տանուլ կտան»,-կարծում է Մալաշենկոն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը բացվել է հունվարի 30-ին Քիամադդինլի բնակավայրի շրջանում` 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրի համաձայն:
Ադրբեջանական իշխանություններն ու ԶԼՄ-ները, խոսելով կենտրոնի մասին, նշում են, որ այն տեղակայված է Աղդամում (Ակնա), այնինչ Քիամադդինլին գտնվում է Ադրբեջանի Աղջաբեդիի շրջանում, իսկ կենտրոնը` մի քանի կիլոմետր հեռու այդ բնակավայրից` փաստացի Աղդամի շրջանում (ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման), բայց ոչ բուն Աղդամ քաղաքում։
Փորձագետների կարծիքով` Ադրբեջանը կենտրոնի տեղակայման վայր է նշում Աղդամը` նախևառաջ հայ հասարակության վրա հոգեբանական ճնշում գործադրելու և իր հասարակության հուզական պահանջները բավարարելու համար:
Նշենք, որ կենտրոնը դիտարկումն իրականացնելու է նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով: Ներգրավված են 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ։
Ռուս–թուրքական կենտրոնը ֆորմալ բնույթ կրող կառույցի տպավորություն է թողնում
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ չեն կատարվի: Դրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն վաղը` ապրիլի 13–ին:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Ապրիլի 7-ին` առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել էին Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ:
«Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար»,–գրել է Թադևոսյանը:
Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում