Անգելինայի ու Արթուրի հարսանիքը

«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում

3853
(Թարմացված է 09:29 31.01.2021)
Ոմանք նոր են հողին հանձնել հարազատին, ոմանք դեռ փնտրում են զոհվածի մարմինը, ոմանք էլ սպասում են գերությունից ընտանիքի անդամներից մեկի վերադարձին, սակայն այդ ամենը չի կանգնեցրել կյանքը Արցախում։ Մարդիկ շարունակում են սիրել ու հարսանիքներ անել։

Հարսի սպիտակ զգեստ, ճոխ ճաշկերույթ հարազատների ու բարեկամների շրջանում։ Անպայման ամռանը, երբ ծաղիկներն են բուրում և արևը կուրացնում է աչքերը։ Մոտավորապես այսպես էր իր հարսանիքը պատկերացնում Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Անգելինան։ Աղջիկն ու իր ընտրյալը` Արթուրը, նախատեսում էին ամուսնանալ 2021 թվականի ամռանը, սակայն 44-օրյա պատերազմը նրանց պլաններում իր շտկումները մտցրեց։

Հարսանիք Շուշիում. Ղազանչեցոց եկեղեցում պսակադրության արարողություն է կայացել

20-ամյա Անգելինա Ավագյանն ու 25–ամյա Արթուր Առուշանովը ծանոթացել են Ստեփանակերտում, ուր աղջիկը տեղափոխվել է մի քանի տարի առաջ։ Օրերից մի օր, երբ նրանք կրկին հանդիպել են իրենց շենքի բակում, Արթուրը խոստովանել է, որ աղջիկն իրեն դուր է գալիս։ Զույգը սկսել է հանդիպել, երկու տարի անց` 2020 թվականի ամռանը, նրանք նշանվել են։

Սեպտեմբերի 27-ը հանկարծակիի բերեց բոլորին, մեր հերոսներին` նույնպես։ Հաջորդ օրը Արթուրն արդեն ռազմաճակատ մեկնող կամավորների շարքում էր։ Անգելինայի հայրը` 52-ամյա Հովհաննեսը, միացավ հարազատ գյուղի պաշտպանությունը ստանձնած աշխարհազորայինների խմբին։

«Մեր բոլոր ծրագրերը, երազանքները կիսատ մնացին։ Պատերազմն ամեն ինչ խլեց։ Հայրիկը մեզ Երևան ուղարկեց` ինձ, մայրիկին և քույրերիս, իսկ ինքը մնաց։ Նա ասում էր, որ մեր տունը բաժին չի ընկնի թշնամուն», – Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Անգելինան։

Հոկտեմբերի 24-ին Անգելիանայի կյանքում ողբերգություն տեղի ունեցավ։ Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն խումբը, չնայած հայկական կողմի դիմադրությանը, ներխուժեց Թաղավարդ։ Այդ օրը Անգելինայի հայրը` Հովհաննեսը, զոհվեց։ 

Ամբողջ պատերազմի ընթացքում Արթուրն աջակցում էր Անգելինային ռազմաճակատից։ Նա դեռ այն ժամանակ էր որոշել, որ վերադառնալուց անմիջապես հետո կամուսնանան։ Նոյեմբերի 28-ին Արթուրը տուն վերադարձավ, նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման ժամանակ նա Բերձորում էր։ Երկար ժամանակ երկուսն էլ ճնշված էին, բայց ուժ գտան շարունակելու ապրել։

Свадьба Ангелины Авакян и Артура Арушанова (27 декабря 2020). Степанакерт
© Photo : provided by Angelina Avagyan
Անգելինան ու Արթուրը

«Հայրս շատ էր ուզում ինձ սպիտակ շորով տեսնել, նա հաստատ կողջուներ մեր որոշումը։ Դեկտեմբերի 27-ին մենք ամուսնացանք», – ասաց Անգելինան։

Свадьба Ангелины Авакян и Артура Арушанова (27 декабря 2020). Степанакерт
© Photo : provided by Angelina Avagyan
Անգելինան ու Արթուրը

Աղջկա խոսքով` իրենց միությունը թշնամուն ուղղված ինքնատիպ վրեժ է։ Դրանով նրանք հայտարարում են, որ հայերը միշտ ապրելու են, և ոչինչ նրանց երկրի երեսից չի ջնջի։

Свадьба Ангелины Авакян и Артура Арушанова (27 декабря 2020). Степанакерт
© Photo : provided by Angelina Avagyan
Անգելինան ու Արթուրը

Նույն կարծիքին է ստեփանակերտցի 32–ամյա Արմինե Կարայանը, որը մասնագիտությամբ հաշվապահ է։ Աղջիկն ու իր նշանածը պլանավորում են հարսանիք անել փետրվարի 14-ին։

Армине Караян с женихом Аршаком Мамунцем
© Photo : provided by Armine Karayan
Արմինեն ու իր նշանածը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ փետրվարի 15-ից Մեծ պահքի շրջանն է սկսվում, այդ պատճառով իրենք ընտրել են փետրվարի 14-ը, երբ կարելի է եկեղեցում պսակադրություն անցկացնել։ Պսակադրության համար ընտրել են Գանձասարի եկեղեցին։

Արմինեն պատմեց, որ ինքն ու ապագա ամուսինը համադասարանցիներ են, իսկ դպրոցից հետո երկար տարիներ ընկերություն են արել։ Այն ժամանակ պատկերացնել անգամ չէր կարող, որ իրենք կամուսնանան։ Բացի այդ, ինքն էլ ամուսնանալու ծրագրեր չուներ. ուզում էր ուսում ստանալ, հիմնարար մասնագետ դառնալ։

Աղջիկը խոստովանում է, որ դեռ պատերազմից առաջ էին որոշել հարսանիք անել, բայց անընդհատ հետաձգում էին կենցաղային խնդիրների, նաև բնակարանի հարցի պատճառով։

«Պատերազմը փոքր–ինչ սրեց իրականության, հարաբերությունների ընկալումը։ Ապագա ամուսինս կամավոր էր մեկնել ռազմաճակատ։ Նրան Ասկերան էին տարել, հրադադարի հաստատման պահին Բերձորում է եղել»,–պատմում է Արմինեն։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

Այսօր աղջիկը զգեստն է ընտրում։ Պատերազմի պատճառով հարսանեկան արարողությունը համեստ կլինի, ընտանիքի շրջապատում։ Իսկ իր կյանքի ամենակարևոր օրը Արմինեն պլանավորում է ոչ թե սպիտակ զգեստ հագնել, այլ տարազ։

Պատերազմից հետո հարսանիքներն այն չեն

Այն, որ պատերազմից հետո հարսանիքներն այլևս այն չեն, բոլորն են հասկանում։ Սակայն առավել հաճախ այդ խնդրին բախվում է հարսանեկան արարողությունների հանդիսավար Մարթան։ Աղջիկը հարուստ փորձ ունի, նա արդեն ավելի քան 10 տարի է` հարսանիքներ է վարում։

Ведущая свадеб Марта
© Photo : provided by Marta
Հանդիսավար Մարթան

Մարթան հիշում է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց. նրան մտերիմ մարդիկ որոշեցին հարսանիք անել և հրավիրեցին նրան վարելու այն։

Ներկաներն այնքան հավանեցին ամեն ինչ, որ Մարթային սկսեցին հրավիրել ոչ միայն Արցախի տարբեր անկյուններից, այլև Երևանից։

«Հրադադարի ստորագրումից հետո ինձ թվում էր, որ հարսանիքներ ու տոնակատարություններ այլևս չեն լինելու։ Դժվար էր նման բան պատկերացնել, բայց առաջին պատվերս ստացա դեկտեմբերին։ Զույգը, տեսնելով շոկային արձագանքս, ասաց, որ ես պարզապես չեմ հասկանում, թե որքան է դա իրենց` պատերազմում հարազատ կորցրածների համար կարևոր», – մեզ հետ զրույցում պատմեց Մարթան։

Նրա խոսքով` հետպատերազմյան հարսանիքներն ավելի շատ նման են կիրակնօրյա ընտանեկան ընթրիքների։ Մտերիմները հավաքվում են, քննարկում ինչ–որ բան, հիշում, զրուցում, ցածրաձայն երաժշտություն է հնչում միայն հարս ու փեսայի դահլիճ մուտք գործելու ու մատանիների փոխանակման ժամանակ։ Ասում է` առաջինը, որ աչքի է զարնում նման միջոցառումների ժամանակ, անծայրածիր ցավն է մարդկանց աչքերում։

Հանդիսավարի աշխատանքը դժվարացնում է այն, որ յուրաքանչյուրի ընտանիքում վիշտ կա։ Ավանդույթի համաձայն` երրորդ կենացը, դեռ առաջին պատերազմի ժամանակներից ի վեր, խմում են հանգուցյալների համար։

«Էլ ավելի մեծ պատասխանատվություն ես զգում. չէ՞ որ հաշվի առնելով հանգամանքները, պետք է արարողությունը և՛ գեղեցիկ սկսել, և՛ գեղեցիկ ավարտել»,–ընդգծեց Մարթան։

Նա նաև կարծում է, որ միջոցառումները պետք է անցկացվեն և զույգերը պետք է ամուսնանան, քանի որ դա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը ողջ է և ապրելու է ի հիշատակ զոհվածների։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ստեփանակերտի տարածքային բաժնում` 2020 թվականի նոյեմբերի 9-ից 2021 թվականի հունվարի 29-ը 234 ամուսնություն է գրանցվել, որից 175–ը` Ստեփանակերտում։

ՔԿԱԳ–ում նշեցին, որ վերջին շրջանում ամուսնությունների թվի աճ է նկատվում։ 2021 թվականի միայն հունվարին 110 ամուսնություն է գրանցվել։

Առաջնագծից ուղիղ եկեղեցի. Ադրբեջանի սանձազերծած պատերազմին ի պատասխան հարսանիք ենք անում

3853
թեգերը:
Պատերազմ, ամուսնություն, Արցախ, հարսանիք
Ըստ թեմայի
Քարվաճառի ոչ մի սանտիմետրը կռվով չի հանձնվել․ վերադարձած զինվորների պատմությունները
Երբ ուղիղ մահվան աչքերին ես նայում, կամ սարկավագ Քամալյանի պատերազմական պատմությունները
Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը
Գարեգին Բ

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն հիշեցնում է վերջին 33 տարիները

19
(Թարմացված է 11:06 28.02.2021)
Կորուստների ցավը մեր սրտերում՝ պետք է ջանքեր չխնայենք մեր երկիրը հզորացնելու, նոր ձեռքբերումներ ու հաջողություններ արձանագրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջին 33 տարիների ընթացքում ադրբեջանական վայրագություններին, մեր երկրի ու ժողովրդի հանդեպ կատարված բռնություններին։ Նա նշել է, որ 1988 թ. Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Սումգայիթյան ջարդերից հետո նոր եղեռնագործությամբ պարբերաբար զինված հարձակումների էին ենթարկում Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Որպես Սումգայիթյան ոճրագործությունների շարունակություն նա նշել է նաև Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած վերջին պատերազմը։

«Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենյաց պաշտպան մեր շատ զավակներ, տեղահանվեցին բազմահազար հայորդիներ, ավերվեցին հոգևոր-մշակութային կոթողներ ու հուշարձաններ, կորցրեցինք Արցախի զգալի մասը, և դեռ կան անհայտ կորածներ ու գերեվարվածներ։ Ցավով ենք անդրադառնում, որ պատերազմի դադարից հետո տակավին տեղ են գտնում բռնություններ ու չարագործություններ, ոտնահարվում մեր երկրի ու ժողովրդի իրավունքները: Այս ողբերգական իրողությունները, արցախյան երկրորդ պատերազմի արհավիրքները վկայում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- Facebook-ի իր էջում գրել է կաթողիկոսը։

Նա շեշտել է՝ կորուստների ցավը մեր սրտերում՝ միասնաբար ամեն ջանք պետք է գործիք դնենք՝ հաղթահարելու աղետալի հետևանքներն ու փորձությունները, զորացնենք մեր հայրենիքը և կերտենք նոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ

«Խոնարհվելով մեր զոհերի վառ հիշատակի առջև՝ ի խորոց սրտի աղոթում ենք նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Հայցում ենք, որ Աստված իր ողորմությունը, շնորհներն ու բարեգթությունը տարածյալ պահի համայն մեր ժողովրդի և մեր հայրենիքի վրա և պահպանի ամենախնամ իր սուրբ աջի հովանու ներքո։ Ամեն»,- եզրափակել է Վեհափառ հայրապետը։

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

 

19
թեգերը:
հայեր, Ադրբեջան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները
Մհեր Գրիգորյան

Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

172
(Թարմացված է 09:52 28.02.2021)
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների չորրորդը հանդիպումը կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը երեկ Մոսկվայում կայացած հերթական հանդիպման ժամանակ առաջարկել են ցուցակագրել երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումների միջազգային պայմանագրերը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի նիստից հետո։

«Կողմերը քննարկել են երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների փորձագիտական ենթախմբերի հաշվետվությունները, այդ թվում` փոխադրումների ապահովման հարցերի վերաբերյալ՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հսկողության այլ տեսակները։ Կողմերի իրավասու մարմիններին հանձնարարվել է ցուցակագրել ԱՊՀ շրջանակում կնքված միջազգային պայմանագրերը և երրորդ երկրների հետ կնքված միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են վերոնշյալ փոխադրումների իրականացմանը» - ասել է Օվերչուկը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների` Լեռնային Ղարաբաղի հարցով հաջորդ հանդիպումը, որն արդեն չորրորդը կլինի, կկայանա մարտի 1-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։

Օվերչուկը հավելել է, որ աշխատանքային խումբը որոշել է լրամշակել 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 4-րդ կետով նախատեսված զեկույցի նախագիծը։

Հայտարարության համապատասխան կետը նախատեսում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թվականի մարտի 1-ը կողմերի հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների ցանկն ու իրականացման ժամանակացույցը, որոնք ենթադրում են տրանսպորտային ենթակառուցվածքի նոր օբյեկտների վերականգնում և կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, կատարման և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնց կատարման համար պահանջվում է հատել այդ երկրների տարածքները։

Աշխատանքային խմբի երրորդ նիստում, որն ավարտվել է երեկ գիշերը, քննարկվել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի դրույթները:

Հիշեցնենք` 2021թ–ի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ ընդունվել էր համատեղ հայտարարություն, որով նախատեված է տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակում։

Գործընթացի իրականացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որի համանախագահները 3 երկրների փոխվարչապետներն են։

Առաջին աշխատանքային հանդիպումը տեղի էր ունեցել 2021թ–ի հունվարի 30-ին:

172
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ալեքսեյ Օվերչուկ, Հայաստան, Ադրբեջան, Մհեր Գրիգորյան, Ռուսաստան
Ըստ թեմայի
Թուրքիան, թեև փոքր, բայց տարաձայնություն ունի ՌԴ–ի հետ ղարաբաղյան հարցում. Պողոսյան
Մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում. Սարգսյան
ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվի ու Երևանի հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Հիվանդանոց

265 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

63
(Թարմացված է 11:03 28.02.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 265–ով և դարձել 172058։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 (+176) մարդ, կատարվել է 729267 թեստավորում (+4661), առողջացել են վարակվածներից 163394-ը (+85)։ Գրանցվել է մահվան 3192 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 815-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

63
թեգերը:
վարակ, հիվանդ, Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի համավարակի ավարտի ժամկետները
Հավատա՞լ Հայաստանի կորոնավիրուսի պաշտոնական վիճակագրությանը, և ինչ կապ ունի ԱՄՆ–ի ՊՆ–ն