Դավիթ Բաբայան

Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին

471
(Թարմացված է 22:33 21.01.2021)
Արցախի կարգավիճակի, գերիների հարցով միջազգային կառույցներին ԱՀ ԱԳՆ ուղարկած նամակի արձագանքների և ակնկալիքների, ինչպես նաև ՀՀ վարչապետի` նախօրեին արած Շուշի վերաբերյալ դիտարկումների շուրջ Sputnik Արմենիան զրուցել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ։

-Օրերս Արցախի ԱԳՆ-ն նամակով դիմել է միջազգային կառույցներին Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցով։ Այս պահին որևէ արձագանք կա՞, ի՞նչ արդյունքների մասին կարող ենք խոսել այս փուլում։

-Ակնկալում ենք, որ դրանք կքննարկվեն տարբեր ատյաններում և պետք է, որ ինչ-որ կերպ դրական ազդեցություն ունենան իրավիճակի վրա, որովհետև այն, ինչն անում է Ադրբեջանը, միջազգային բոլոր նորմերի, կոնվենցիաների և փաստաթղթերի կոպիտ խախտում է։

Մենք տեսանք նամակի մասին արձագանքն ադրբեջանական լրատվամիջոցներում։ Սա այն խնդիրն է, որն իհարկե կոնկրետ վերաբերում է մեզ, բայց գլոբալ առումով առնչվում է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին։ Մարդու իրավունքների խախտումները, այն էլ կոպիտ, միջազգային հանրության կողմից անպատասխան մնալու դեպքում ոչ միայն այդ նորմերը խախտողների մոտ ագրեսիվ և անօրինական գործունեությունը շարունակելու գայթակղություն են առաջացնում, այլև մյուս տարածաշրջաններում ևս բացասական ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։  Հետևաբար, սա իսկապես բոլոր այդ կառույցների համար կարևոր թեմա է, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այս ուղղությամբ ինչ-որ դրական զարգացում արձանագրենք։

-Պարոն Բաբայան, Արցախի կարգավիճակի հարցը շա՞տ է սահմանափակում նման խնդիրների լուծումը։

-Կարծում եմ, որ միջազգային իրավունքը հատկապես ավելի զգայուն և ավելի օպերատիվ արձագանք պետք է դրսևորի հենց չճանաչված երկրների և սուբյեկտների պարագայում, որովհետև չճանաչվածությունը մարդու իրավունքների և այլ օրենքներ խախտողների համար կարող է հանդիսանալ միջազգային հանրության առջև պատասխանատվություն չկրելու հանգամանք։ Ասել, թե չճանաչված է, ուրեմն լիարժեք չէ` ճիշտ չէ։

Ընդհակառակը, չճանաչված երկրների դեպքում առհասարակ միջազգային հանրությունը պետք է ավելի զգայուն մոտեցում ցուցաբերի, քանի որ նման դեպքերում ավելի շատ են վտանգված մարդու իրավունքները։ Ագրեսորը կարող է դա որպես առիթ օգտագործել, որպեսզի չհետևի կոնվենցիաներին և փաստաթղթերին, չնայած բոլոր միջազգային կոնվենցիաներում, փաստաթղթերում որևէ ձևով, որևէ տեղ ֆիքսված չէ` խոսքը ճանաչված երկրի մասին է, թե չէ։ Այսինքն` անկախ կարգավիճակից, ցանկացած երկիր պետք է ցուցաբերի համապատասխան վերաբերմունք և պահվածք։

- Դուք վերջերս ասել էիք, որ ճանաչումը մնում է մեր արտաքին քաղաքականության օրակարգում, օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց` քանի որ այդ հարցը շատ ցավոտ է, և կողմերի մոտեցումները հակասական են, դրա համար էլ այն հետաձգել են։ Այդ գործընթացն ինչպե՞ս դարձյալ հունի մեջ գցել, արդյո՞ք պատերազմի հետևանքները կարագացնեն դա, թե հակառակը` ավելի հեռու օրակարգ կմղեն։

-Դա ցույց կտա ժամանակը, իհարկե` կախված նաև տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներից։ Այս պահի դրությամբ մեր կարգավիճակի կարևոր ուղղություններից մեկը մեր սուբյեկտայնության պահպանումն է, սկզբում պահպանումը, այնուհետև ուժեղացումը։ Սա դե ֆակտո ճանաչման կարևոր ուղղություններից է, այսինքն` եթե մենք ուզում ենք մնալ որպես սուբյեկտ, որպես աշխարհաքաղաքական գործոն, պետք է ամեն ինչ անենք այս ուղղությամբ։  

Հետո գալիս է արդեն դե յուրե ճանաչումը. սա մի գործընթաց է, որը շարունակական է, երկարատև է։ Ես միշտ ասել եմ` ճանաչումը, դե յուրե ճանաչման մասին է խոսքը, ո՛չ բարոյական կատեգորիա է, ո՛չ էլ իրավական։ Աշխարհաքաղաքական գործոններն են այստեղ որոշիչ, չնայած մենք պետք է ունենանք փաստարկներ, և մեր փաստարկները ճանաչման համար իրավական և բարոյական տիրույթում անհերքելի են, դրանք նույնիսկ անթերի են, բայց հասկանալի է` բացի աշխարհաքաղաքական միտումները, բազմաթիվ այլ խնդիրներ կան։

Մենք չենք հրաժարվելու ճանաչման գործընթացից, իհարկե, շարունակելու ենք աշխատանքն այս ուղղությամբ, բայց շատ կարևոր է նաև, որ պահպանենք մեր սուբյեկտայնությունը, առանց որի անհնար է ակնկալել որևէ ճանաչում։ Եթե մենք որպես սուբյեկտ կորցնում ենք մեր դերակատարությունը, որպես գործոն վերանում ենք, ում է պետք այդպիսի ճանաչումը. չէ՞ որ դա կլինի ձևական։

-Իմիջիայլոց, պատերազմի ժամանակ երբևէ քննարկվե՞լ է Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը։ Հիշում եմ` նոյեմբերին, հարցազրույցներից մեկում, ՌԴ նախագահն ասում էր, որ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը, և դա որոշակի խնդիրներ է առաջ բերել։

-Գիտեք` այդ հարցը միշտ էլ քննարկվել և քննարկվելու է։ Կարծում եմ` երբևէ օրակարգից չի հանվելու, բայց պետք է իրատես լինենք. աշխարհաքաղաքականությունը շատ բարդ ոլորտ է, բարդ տիրույթ է և ցանկացած անմիտ և զգացմունքային քայլ այստեղ կարող է շատ ճակատագրական և արյունալի հետևանքներ ունենալ մեզ համար։

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, թե որ դեպքում ՀՀ-ն կդիտարկի Արցախի ճանաչման հարցը

ՀՀ կողմից Արցախի ճանաչումը մենք պետք է դիտարկենք ոչ միայն բարոյական տիրույթում, այլ նաև, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար. պատերազմի թեժ օրերին ի՞նչ կերպ դա կազդեր մեր անվտանգության և ապագայի վրա, հնարավոր կլինե՞ր դրանից հետո պատերազմական գործողությունները կանգնեցնել և այլն։ Պետք է շատ լավ մտածենք և տարբեր տեսանկյուններից դիտարկենք այդ հարցը, որ հանկարծ հետո ավելի մեծ խնդիր չառաջանա։ Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ այլ երկրները ճանաչեն Արցախի անկախությունը։

-Պարոն Բաբայան, այս փուլում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հետ կոորդինացիայի մակարդակը. մինչ այս եղած համերաշխությունը, փոխհամաձայնեցվածությունը պահպանվո՞ւմ է, թե՞ պատերազմը և հետևանքները բացասական իմաստով որոշակի ուղղումներ են մտցրել այս հարցում։

-Ինչպես նշեցի մեզ համար կարևոր գործոն է սուբյեկտայնությունը և մեր գործոն լինելու պահպանումը, իսկ դա նշանակում է նաև մայր Հայաստանի, սփյուռքի հետ մեր կապերի ամրապնդում և այլն։ Կարևոր է շարունակել այդ ամենը։ Իհարկե, յուրաքանչյուր ժամանակահատված և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ է ընձեռում։

Մենք որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ, որպես գործոն, պետք է հասկանանք մեր հնարավորությունները, մեր սահմանափակումները, մեր կարևորությունը այս կամ այն աշխարհաքաղաքական խաղացողի համար և ըստ այդմ շարժվենք։ Բայց բնական է` հայկական կապերը եղել և մնում են կարևոր մեր պետականաշինության և արտաքին քաղաքականության հարցում։

-Իսկ Ստեփանակերտում ինչպե՞ս են վերաբերում Շուշիի հետ կապված ներհայաստանյան քննարկումներին։ Երեկ մենք երկու հայտարարություն լսեցինք խորհրդարանում. արտգործնախարարն ասաց, որ Շուշին հայկական մշակութային կենտրոն է, իսկ վարչապետ Փաշինյանը, խոսելով նախապատերազմյան վիճակում 90 տոկոս ադրբեջանական բնակչության մասին, հռետորական հարց հնչեցրեց` այսքանից հետո Շուշին հայկական քաղա՞ք ենք համարում։ Այս քննարկմանն ինչպե՞ս եք վերաբերում։

-Ես կասեմ մեր մոտեցումը. մեզ համար Շուշին եղել է, կա և կմնա մեր սրբավայրերից մեկը, քաղաք, վայր, որը մեր ինքնության, մեր պատմության, մեր մշակույթի, մեր ցավի, մեր երազանքների կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Կարծում եմ` այդ հարցին նման պատասխան տալն արդեն այլ մեկնաբանություններ չի էլ պահանջում։

471
թեգերը:
Շուշի, Հայաստան, միջազգային կառույցներ, Ադրբեջան, ռազմագերի, գերի, Դավիթ Բաբայան, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել. վարչապետ
Ադրբեջանցիներին կարելի է, մեզ` չէ՞. արցախցիների բողոքի ակցիայի հետքերով
Արցախի թեմը նոր առաջնորդ ունի
Արխիվային լուսանկար

Ինչո՞ւ են Արցախում դադարեցվել որոնողափրկարարական աշխատանքները

239
(Թարմացված է 22:45 27.02.2021)
Արդեն գրեթե երկու շաբաթ է, ինչ Արցախում դադարեցվել են զոհվածների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքները։

Պատճառը պաշտոնական Բաքվի արգելքն է։ Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելուն։ Վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Վերջին անգամ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում որոնողական աշխատանքներ անցկացվել են փետրվարի 15-ին։ Հաջորդ օրը ադրբեջանական կողմը հայտարարեց, որ զոհվածների մարմինների որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվում են։ Որոշման պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Ինչպես և որոնողական աշխատանքների վերսկսման ժամկետների մասին։

Արցախյան կողմը փորձեց պարզաբանել իրավիճակը ռուս խաղաղապահների միջոցով։ Նրանց միջնորդությամբ տեղի ունեցավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի դեմառդեմ հանդիպումը Ադրբեջանի ոմն բարձրաստիճան ներկայացուցչի հետ։ Սակայն այդ բանակցությունները ևս թույլ չտվեցին իրավիճակը շարժել մեռյալ կետից։

Հայկական կողմը հարցը բարձրացնում է բոլոր մակարդակներում։ Փետրվարի 24-ին այդ թեման քննարկվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հանդիպման ընթացքում։ Գեներալը ոչ մի հուսադրող բան չկարողացավ ասել։

Այդ ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներն ու նրանց ռուս գործընկերները շարունակում են լրիվ պատրաստության վիճակում լինել՝ հույս ունենալով վերադառնալ իրենց առաքելության կատարմանը։ Իսկ զոհվածների ընտանիքները շարունակում են լուրերի սպասել։ Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Արցախի հարավային մասում՝ Որոտանի, Վարանդայի, Ջրականի և Հադրութի շրջաններում, դեռևս սպանված զինվորականների և քաղաքացիական անձանց հարյուրավոր մարմիններ կան։ Ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում ռազմական  գործողությունների ավարտից հետո հայտնաբերվել է 1485 զոհվածի մարմին։

Շոյգուն ու Հարությունյանը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Հարկ է նկատել, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Ընդմիջումները տևում էին ընդամենը երկու-երեք օր և պայմանավորված էին կոնկրետ պատճառներով․ եղանակի կտրուկ վատթարացում կամ ուժերի շփման գծի մոտակայքում տեղի ունեցած միջադեպեր։ Այսպես, դեկտեմբերի վերջերին որոնողափրկարարական աշխատանքները Հադրութում կանգ առան Տող գյուղում զինված միջադեպի պատճառով։ Իսկ հիմա պատճառ առհասարակ չի նշվում։

Չնայած Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում որոնողական աշխատանքներն արգելելու դրդապատճառները, ադրբեջանական ԶԼՄ-ներն իրենց պատճառներն են նշում։

Vesti.az լրատվականը պնդում է, որ աշխատանքները կանգ են առել եղանակային վատ պայմանների պատճառով։ Իբրև թե հիմա Ղարաբաղի հարավում կտրուկ ցրտել է և ձյունաբուք է, որի պայմաններում որոնողափրկարարական աշխատանքներն անհնար են։ Սակայն օդերևութաբանները պնդում են, որ այդ տարածքներում ձյուն արդեն գրեթե չկա, իսկ ջերմաչափի սնդիկի սյունը համառորեն դեպի վեր է բարձրանում։

Нaqqin.az կայքն իր սեփական տարբերակն է առաջ քաշում։ Հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, պարբերականը պնդում է, որ որոնումները կանգնեցվել են այն պատճառով, որ այն հատվածները, որտեղ դրանք պետք է անցկացվեին, ականապատված են հայկական ուժերի կողմից։

«Դա ամեն օր վտանգի է ենթարկում ադրբեջանցի զինվորականների կյանքը։ Հայ զինվորների աճյունները գտնելու փոխարեն ստիպված են լինում հավաքել այդ ականապատ տարածքներում պայթած ադրբեջանցի զինծառայողների դիերն ու մնացորդները»,-ասվում է հրապարակման մեջ։ Ականապատ դաշտերի քարտեզի բացակայության մասին հայտարարել է նաև Իլհամ Ալիևը։

Սակայն եթե որոնումների ընթացքում ականի վրա պայթելու վտանգ կա, ապա այն առաջին հերթին սպառնում է նաև հայերին։

Ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում թույլատրել որոնողական աշխատանքներ իրականացենել։ Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Նախևառաջ նշենք, որ սպանվածների աճյունների ճակատագրի հարցը շատ ցավագին է հայերի համար, և այն օգտագործվում է Երևանի վրա ճնշում գործադրելու համար։ Ինչպես երևում է, օգտագործելով ճնշման այդ լծակը, պաշտոնական Բաքուն ձգտում է ստիպել ավելի զիջող լինել Ադրբեջանի համար ակտուալ հարցերի քննարկման ընթացքում։

Նման հարցերից մեկը կարող է լինել հայոց բանակի առաջիկա վերազինումն ու վերակազմավորումը։ Օրերս Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրեն բնավ դուր չի եկել Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հարցում Երևանին աջակցելու Մոսկվայի որոշումը: «Մի քանի օր առաջ լսեցի, որ  հայերի դաշնակիցները հիմա էլ ցանկանում են վերականգնել նրանց բանակը, արդիականացնել այն։ Ինչի՞ համար։ Ո՞ւմ դեմ։ Մենք թույլ չենք տա, որ մեզ և մեր քաղաքացիների համար նորից սպառնալիք առաջանա», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Կան նաեւ կոնկրետ պատճառներ։ Հայտնի է, որ այն շրջաններում, որտեղ պատրաստվում էին որոնողական աշխատանքներ իրականացնել, Ադրբեջանն այժմ լայնածավալ շինարարություն է իրականացնում՝ օտարերկրյա մասնագետների ներգրավմամբ։ Ֆիզուլիի շրջանում կառուցվում է միջազգային օդանավակայան, իսկ Ջաբրայիլի շրջանում  ստեղծվում են նոր տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքներ։ Միաժամանակ, այդ նույն տարածքներում կառուցվում են նոր ռազմատեխնիկական-ամրաշինական կառույցներ։ Ըստ երևույթին, այդ աշխատանքները ցանկանում են ավարտել առանց ավելորդ աչքերի։

Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ

Ամեն դեպքում, եթե հարցը դրական լուծում չստանա, ստիպված կլինենք արձանագրել, որ խախտվում են ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։

239
Ըստ թեմայի
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արցախում 1 օրում մաքրվել է 13 հա տարածք և 5 կմ ճանապարհ, հայտնաբերվել է 19 պայթուցիկ
Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում
Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է հադրութցիներին. ներկա է եղել նաև Վիտալի Բալասանյանը

74
(Թարմացված է 21:51 26.02.2021)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հադրութից տեղահանված բնակչության սոցիալական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանի ԱՀ մշտական ներկայացուցչությունում այսօր հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմը։

Քննարկվել են Հադրութի շրջանի տեղահանված բնակչության սոցիալական առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Նշենք, որ 2020–ի նոյեմբերի եռակողմ հայտարարության արդյունքում Արցախի Հադրութի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հադրութցիները զրկվել են իրենց բնակության վայրերից։

74
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ, Հայաստան, Հադրութ
Ըստ թեմայի
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
Արցախի կարգավիճակ, գերիների վերադարձ. էլ ինչ են քննարկել Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները
Արցախի հարցով համակարգող խմբի հանդիպումը նախատեսված է անցկացնել փետրվարի 27-ին
Լարիսա Ալավերդյան

Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 

0
Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք Սումգայիթյան ջարդերի, ՀՀ իշխանությունների անելիքների և միջազգային հանրության անտարբերության մասին։
Եթե պետությունը ոչինչ չի անում, ինչ պետք է անի միջազգային հանրությունը. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին

Վերջին 33 տարիներին նորանկախ Հայաստանի բոլոր ղեկավարները որևէ որոշում չեն ընդունել, որով Սումգայիթում իրականացրած գործողությունները որակվեն որպես ցեղասպանություն, և դա է պատճառը, որ հայերին զուտ հայ լինելու համար սպանում ու խոշտանգում են նաև մեր օրերում։

«Եթե այդ զրկանքները, այդ ողբերգությունը կրող պետությունը չի ընդունում այդպիսի որոշումներ, որոշումները չի տարածում և չի աշխատում հասցեական թե՛ առանձին պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, ո՞վ պետք է դրան արձագանքի»,- ասաց նա։

Ալավերդյանի խոսքով` թշնամական Ադրբեջանում ճիշտ հակառակն է արվում` ադրբեջանական կողմը հետևողականորեն շարունակում է իր իսկ նախաձեռնած ցեղասպանությունը քողարկել և դրանք հերքող «փաստեր» հավաքագրել։ Իսկ նման իրավիճակում մեղադրանքի սլաքները միջազգային հանրության ուղղությամբ թեքելը, մեղմ ասած, տեղին չէ։ 

«Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում, բոլոր պետություններում այն լեզվով է տարածում սուտն ու կեղծիքը, որով խոսում են այդ պետություններում, բոլոր միջազգային կոնֆերանսներին Ադրբեջանը գալիս է մի տրցակ նյութերով, ու ոչ միայն տպագիր, այլև տեսանյութերով, ու տարածում դրանք ամենուր»,- նշեց Ալավերդյանը։ 

Նրա խոսքով` հայկական կողմը ոչ թե մեկ, այլ հարյուր-հազարավոր այդպիսի տրցակներ, բազմաթիվ ապացույցներ կարող է ներկայացնել ոչ միայն տեսանյութերի, հեռուստառեպորտաժների, այլև դատավճիռների տեսքով, որոնք ընդամենը պետք է հավաքագրել և միջազգային հարթակներում ներկայացնել։ Սակայն մեր երկրում չգիտես ինչու՝ իշխանությունները ոչ միայն  փաստահավաք խումբ չեն ստեղծում, այլև ամեն տարի, երբ խնդրով մտահոգ քաղաքացիները դիմում են պատկան մարմիններին Սումգաիթյան ջարդերը դատապարտելու  և դրանց իրավական որակում տալու  հարցով, նրանց դիմումներն անարձագանք են մնում։ 

Հիշեցնենք, որ 1988թ. փետրվարի 26-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Մեր իշխանությունները սումգայիթյան ցեղասպանությունից այդպես էլ դասեր չեն քաղել. Ուլուբաբյան

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

0
թեգերը:
Լարիսա Ալավերդյան, Սումգայիթ
Ըստ թեմայի
Արցախի վերածնունդն ու Ադրբեջանի բացեիբաց հայտարարությունները. ՀՀ ԱԳՆ–ն ուղերձ է հղել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Սումգայիթում մարդասպանների հերոսացումն իր արտացոլումը ստացավ Արցախյան պատերազմում. ԱԳՆ