ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Մոսկվայում ԱՄՆ ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Ջոն Սալիվանին և Պյեր Լևիին և նրանց տեղեկատվություն տրամադրել հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով կայացած բանակցությունների արդյունքների մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է. Պուտին
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Նշենք, որ Հայաստանի կողմից աշխատանքային եռակողմ խմբի համանախագահն է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հավելենք, որ մինչ մոսկովյան այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Սակայն Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ռազմագերիների հարցը լուծել չի հաջողվել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. 222 արցախցիներ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները», - ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, ռուսական պաշտպանական գերատեսչության տվյալներով, Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայրեր են վերադարձել 51065 փախստականներ:
ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 672,3 հա տարածք, 225,8 կմ ճանապարհ, 883 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 813 պայթյունավտանգ առարկա։
Նշվում է, որ խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Մարտակերտում խաղաղապահները մշակում են հրադադարի խախտման դեպքում իրենց գործողությունները
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։