ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի - Sputnik. Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԻՊԾ մամուլի ծառայությունից։
«Վերջին 10 օրերի ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: Հայտնաբերվել, վնասազերծվել կամ պահեստավորվել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա: Հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է: Բոլոր դեպքերում՝ տուժածներ չեն եղել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:
Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային խնդիրների վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:
Արցախի Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում բնակելի տներ կտրամադրվեն
Տեղեկացվում է, որ 2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:
Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ` ազատվելով ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
«ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տ․ Ենովք քահանա Եսայանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պարգև սրբազանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից և նշանակվել հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։
Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020-ի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել, մեկնել էր ԱՄՆ՝ վիրահատության։ Հայաստան էր վերադարձել դեկտեմբերին։
Նա Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ էր նշանակվել 1989-ի մարտին։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վարչական դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը, որոնք ստորագրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Տեղեկությունը հայտնում է «Հայ ազգային կոնգրեսի» իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Այսօր դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցն ամբողջությամբ, վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի փետրվարին հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նույն օրվա մեկ այլ հրամանագրով Ջհանգիրյանը զրկվել էր արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից:
Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու միջնորդությամբ նախագահին դիմել էր այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Որպես իր միջնորդության հիմնավորում` նա մատնանշել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Դրանից առաջ Ջհանգիրյանը հայտարարել էր Լևոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին և ելույթ ունեցել նրա կազմակերպած հանրահավաքում:
ՀՀ նախկին զինդատախազ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց էր ներկայացրել 2019 թվականին և ՀՀ վարչական դատարանից պահանջել առ ոչինչ ճանաչել Քոչարյանի հրամանագրերը։