ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի– Sputnik. Արցախում պատերազմի հետևանքով վնասված բնակելի օբյեկտներից 250-ն արդեն վերականգնվել է։ Ընդհանուր առմամբ սկսվել էին մոտ 453 բնակելի օբյեկտների վերականգնման շինարարական աշխատանքներ: Տեղեկությունը հայտում է Արցախի տեղեկատվական շտաբը` հղում անելով ԱՀ քաղաքաշինության նախարարությանը։
«Վերականգնման շինաշխատանքներն ընթանում են երկու փուլով: Առաջին փուլում վերանորոգվել են բնակելի տների տանիքները, տեղադրվել դռներ ու պատուհաններ, ստեղծվել են ջեռուցման պայմաններ: Հունվարից կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ՝ վերջնական ավարտելով այդ բնակարանների վերականգնումը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատերազմի հետևանքով վնասված տների վերականգնումը շարունակվում է ըստ հերթացուցակների՝ առաջնահերթությունը տրվում է զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին։
Նախարարության տվյալներով` Ստեփանակերտում պատերազմի հետևանքով վնասված տների վերաբերյալ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը ստացել է ավելի քան 3680 դիմում, որից ուսումնասիրված է մոտ 1500-ը: Վերականգնման աշխատանքներ են սկսվել 329 օբյեկտում, որից շինաշխատանքներն առաջին փուլով ավարտված են 211-ում, իսկ 118-ում՝ ընթացքում են:
«Մարտակերտի շրջանում ընդհանուր առմամբ վնասվել է 370 օբյեկտ, որից 320-ը` Մարտակերտում, մյուսները` գյուղական բնակավայրերում: Առանձնապես տուժել են Աղաբեկալինջ, Մաղավուզ, Հոռաթաղ, Մեծ շեն գյուղերը: Մարտակերտի շրջանում արդեն ուսումնասիրվել է պատերազմի հետևանքով վնասված 62 օբյեկտ: Այնուհետև սկսվել է 32-ի վերականգնումը, 14-ն ավարտված է»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ շուրջ 1300 տուն էլ վնասվել Մարտունու շրջանում: Մասնավորապես շրջկենտրոն Մարտունիում պատերազմի հետևանքով վնասված 850 տնից ուսումնասիրվել և գրանցվել է վերականգնման ենթակա մոտ 170 տուն: Վերականգնման աշխատանքները մեկնարկել են 64-ում, որից 12-ն ավարտվել է, իսկ 52-ն ընթացքում է:
Մարտունու գյուղերից հիմնականում տուժել են Թաղավարդը, Կարմիր շուկան, Սոսը, Հերհերը և Բերդաշենը:
Ինչ վերաբերում է Ասկերանի շրջանին, ապա այստեղ պատերազմի հետևանքով ավելի շատ տուժել են Շոշ և Սզնեք համայնքները: Շրջանում գրանցվել է 170 դիմում, որից հետո 28 վնասված տան վերանորոգման աշխատանքները սկսվել են: Դրանցից 14-ում առաջին փուլով նախատեսված վերականգնումն ավարտված է։
Ստեփանակերտի կաթնամթերքի կոմբինատի հարևանությամբ շարունակվում է 90 բնակարան ունեցող շենքի շինարարությունը, «Արցախ» թաղամասում կառուցվում է 9 բնակարան, իսկ 6-րդ մանկապարտեզի վերափոխման արդյունքում նախատեսվում է այս տարվա մայիսին շահագործման հանձնել 30 նոր բնակարան:
Մշակման փուլում են նաև բնակարանաշինական այլ ծրագրեր՝ Ստեփանակերտում և շրջաններում: Ֆինանսավորումն արդեն հաստատված է։ Այն կատարելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։
Հայերի ու ադրբեջանցիների միջև կիսված Թաղավարդը. ինչպես են մարդիկ ապրում պատերազմից հետո
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այսպիսով կարող ենք փաստել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:
Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում:
Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել ևս 177 բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ։
Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 1,2 հա տարածք և1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 124 պայթյունավտանգ առարկա։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 530 հա տարածք, 201,3 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23530 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» ստացված դիմումների քանակը չի փոխվել՝ 575։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են