ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ադրբեջանական կողմից Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ մեկնաբանելով Wargonzo ալիքի նախօրերին տարածած տեղեկությունները, թե Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում հրաձգային զենքից կրակ է վարել։
Պողոսյանի խոսքով՝ նման իրավիճակ եղել է նաև դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել: Այս անգամ ևս ադրբեջանական զինուժը օդում մի քանի կրակոցներ է արձակել։
«Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել»,- շեշտել է խոսնակը։ Նա հավելել է, որ նման տեղեկություններն անտեղի խուճապ են առաջացնում բնակչության շրջանում։ Հավաստիացրել է՝ մտահոգվելու առիթ չկա, որովհետև խաղաղապահներն ու ՊԲ զինծառայողները լիարժեք իրականացնում են իրենց ծառայությունը։
Պողոսյանը նաև հավելել է, որ զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները բնականոն շարունակվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։
Կողմերից մեկը սկսեց իր նախընտրած 0-ից, և կորցրեցինք առավելագույնը. ՊԲ նախկին խոսնակ
Հիշեցնենք՝ նախօրեին տելեգրամյան Wargonzo ալիքը տեղեկություն էր հրապարակել, թե անկանոն կրակոցներ են արձակվել Շուշիի շրջանում: Աղբյուրը նշել էր, որ կրակոցների մեծ մասն օդում են եղել, սակայն կրակել են նաև Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի-Sputnik. Լեռնային Ղարաբաղի հարցերով ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Թեմաները սահմանված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընդունած հայտարարության մեջ։ Նախ՝ կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները», - ասել է նա։
Օվերչուկը դժվարացել է նշել, թե ինչ հաճախականությամբ են տեղի ունենալու փոխվարչապետների մակարդակով հանդիպումները, կամ արդյոք դրանք միշտ տեղի են ունենալու Մոսկվայում:
«Առայժմ ոչինչ հստակ չէ, առաջին անգամ ենք հանդիպում։ Թե ինչպես կընթանա, ցույց կտա ժամանակը», - հավելել է նա:
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հունվարի 27-ին Արցախի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԻՊԾ–ից, աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջանների տարածքում: Նախնական տվյալներով, հայտնաբերված զոհերը ռազմական գործողությունների մասնակիցներ են:
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվելու են Ջրականի և Հադրութի շրջաններում:
Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1321 աճյուն:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը