Հադրութցի 9-ամյա Կարինե Բաղրյանը

«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները

320
(Թարմացված է 23:24 06.01.2021)
Չնայած պատերազմն ավարտվել է, բայց բազում արցախցիներ չեն տեղափոխվել ծննդավայր։ Հայաստանում ապրող արցախցի երեխաները հասկանում են` ինչ է կատարվել, բայց իրենց տանը շատ են կարոտում։ Նրանց երազանքները նախկինում տարբեր էին, իսկ հիմա բոլորը տուն վերադառնալու մասին են մտածում։

Արմավիրի մարզպետարանում հանդիպում եմ մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի երեխաներին։ Առաջինը հադրութցի 9-ամյա Կարինե Բաղրյանի հետ եմ ծանոթանում։ Կարինեի հետ միանգամից ենք ընկերանում` նախ «ադաշս» է, բացի այդ, կարճ զրույցի ընթացքում պարզվում է` աղջիկը կարդալ շատ է սիրում։ Նրա հետ առանձնանում ենք մարզպետարանի սենյակներից մեկում զրուցում։

Կարինեն հիմա Արմավիրում է դպրոց գնում, նոր ընկերներ ունի` Անին, Գայանեն ու Սուսաննան։ Բայց աղջիկն անկեղծանում է` շատ է կարոտում Հադրութը, այնտեղի իր ընկերներին, դասընկերներին։

«Մեր տունն եմ շատ կարոտում, այնտեղ ավելի լավ էր։ Մաման ինձ ասում է` Հայաստանում ենք մնալու, քանի որ մեր հողերը երևի չվերադարձնեն։ Բայց ես մամայից թաքուն մտածում եմ, որ մի օր էլի իմ տանն եմ ապրելու, իմ անկողնում քնելու»,–ասում է Կարինեն և հարցական հայացքով նայում ինձ` ուզում է հաստատեմ, որ ճիշտ է։

Ի պատասխան ժպտում եմ և փոխում թեման` իր սիրած գրքերի մասին հարցուփորձ անելով։ Աղջիկը տարվում է գրքերի թեմայով` կարդալ իսկապես սիրում է։ Շողշողացող աչքերով պատմում է, որ ամենաշատը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն է սիրում, բայց անմիջապես էլ հայացքը փախցնում է ինձնից, պատուհանին նայում, հետո ցուցամատը կրծում, ձեռքերը նյարդային սեղանին կտկտացնում։ «Գրքերս էլ մնացին Հադրութում..., մեր տանը։ Ոչ մի գիրք չկարողացա հետս վերցնել։ Երգովի, նկարներով լավ–լավ գրքեր ունեի` բոլորը մնացին»,–ասում է Կարինեն և կարծես փորձում արդարանալ` հավելելով, թե ԱԹՍ–ն անդադար կրակում էր, իրենք հազիվ են փախել, տան մյուս անդամներն էլ ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ։ «Դե, պատերազմ էր»,–մեծի նման հավելում է նա, որն ինձնից շատ բան գիտի պատերազմի մասին։

Առանց Ձմեռ պապի ու տոնածառի. արցախցի շատ փոքիկներ այս տարի զրկված են Ամանորից

Կարինեի հայրիկը` Անդրանիկ Բաղրյանը, մասնակցել է պատերազմին ու, բարեբախտաբար, ողջ–առողջ վերադարձել։ Հիշում է` այդ օրերին հորը կարոտում էր այնքան, ինչքան հիմա իրենց տանն է կարոտում, սակայն նրան չէր զանգում, հայրը զգուշացրել էր` վտանգավոր է։ Աղջիկը չգիտի` զանգելու մեջ ինչ կար վտանգավոր, բայց բավարարվել է միայն հոր զանգին սպասելով։

Կարինեն երազում է երգչուհի դառնալ, բայց չգիտի` լա՞վ է երգում, թե ոչ։ Ասում է` տանը ծնողների համար «համերգ է տալիս», ծնողները ոգևորում են։ Սակայն աղջիկն արագ–արագ հավելում է, թե երգչուհու երազանքն այդքան էլ կարևոր չէ հիմա ուրիշ բաներ կան, որ ավելի շատ է ուզում։

«Հադրութից ինչ եկել ենք, ես ոչ մի ծանոթի չեմ հանդիպել։ Ընկերներիս եմ կարոտել շատ ու չգիտեմ էլ` որտե՞ղ են հիմա նրանք։ Գայանեին եմ շատ կարոտել, որ միասին դպրոց էինք գնում, բակում միասին խաղում։ Եթե Գայանեի ծնողները կարդան ձեր գրածը, կուզեի ասեն, որ Գայանեն զանգի ինձ»,–ասում է Կարինեն։

Զրույցն արդեն ավարտում ենք, Կարինեի հետ մի քիչ աղջկական բաներից ենք խոսում, լուսանկարում եմ նրան, ու դուրս գալու պահին աղջիկը հարցնում է` եթե մի բան խնդրի` կարո՞ղ եմ ճշտել, թե ոչ։ Խոստանում եմ փորձել ճշտել` չիմանալով անգամ` ինչի մասին է խոսքը։ «Կարո՞ղ եք իմանալ, հետո ինձ ասել` Հադրութի մեր տունը փլվե՞լ է, թե ոչ»...

Ինչ-որ հիմար բաներից եմ սկսում խոսել` չիմանալով ինչ ասել աղջկան ու հետո հիշում եմ, որ իր ընկերուհուն` Գայանեին գտնելն ավելի հեշտ կստացվի։

Դուրս ենք գալիս սենյակից ու հանդիպում 12-ամյա Նվեր Ղահրամանյանին, նա էլ Մարտունի քաղաքից է։ Նվերն արդեն մեծ տղա է` ամեն ինչ հասկանում է պատերազմի մասին ու մի փոքր ազդված ասում է, որ դուռը կիսաբաց էր, լսեց, որ Հադրութի մասին էինք խոսում։

«Հադրութը գրավել են, գիտեմ»,–ասում է տղան ու ասես ինձ հանգստացնում` բան չկա, տարիներ անց նորից հետ ենք վերցնելու։

Կերգե՞ն հայ երգիչներն Ամանորի գիշերը, կամ, ամեն դեպքում, հայրենասիրական երգեր պետք են

Նվերն ուզում է զինվորական դառնալ ինչպես հորեղբայրը` Արթուրը... Նրա հորեղբայրը զոհվել է պատերազմի ժամանակ։ Հիմա տղան ուզում է մի քիչ էլ մեծանալ ու մարտի դաշտում անել այն, ինչ չի հասցրել հորեղբայրը։ Տղայի մորեղբայրը նույնպես մասնակցել է պատերազմին. Նվերն ասում է, որ հենց նա էլ իր փորձը կփոխանցի իրեն։

«Պատերազմի օրերին ես էլ մտահոգվում էի և ուզում, որ կռիվը շուտ ավարտվի, բայց ոչ այսպես ավարտվի։ Ես գիտեմ, որ գնալու ենք կռվենք ու հետ բերենք մեր հողերը։ Մեր տունն էլ կիսափլված վիճակում է, հիմա սարքում են, որ տեղափոխվենք այնտեղ։ Անհամբեր սպասում եմ դրան` հիմա մենակ տուն գնալ եմ ուզում, իսկ առաջ հազար հատ երազանք ունեի»,–ասում է Նվերը ու հավելում, որ մի քիչ էլ ուզում է` հեծանիվը գտնեն։ Երբ իրենք դուրս են եկել տնից, ադրբեջանցիները եկել են, պատուհանը կոտրել ու որոշ բաներ գողացել, այդ թվում` իր հեծանիվը։ Տեղի ունեցածի մասին ավելի ուշ հայտնել են հարևանները, որոնք արդեն իսկ վերադարձել են։

Նվերն ասում է, որ Արցախում ապրող ընկերներից է իմանում` ինչ կա–չկա ծննդավայրում, իրենց տունն ինչքան են սարքել։ Տղան այստեղ դպրոց չի գնում, քանի որ ընտանիքը հույս ունի, որ Արցախ տեղափոխվելը սարերի հետևում չէ։

Մարտունու մասին խոսելիս Նվերը բլուզի թևքերն առաջ է քաշում ու խաղում հետը, հետո ասում, որ իրենց բնությունն է շատ կարոտում, իր ազատությունը. այստեղ ամբողջ օրը փակված է տանը, իսկ Մարտունիում ընկերների հետ դրսում շատ էին խաղում։

Սակայն տղան շատ չի տխրում, ասում է` գոնե իրենք տուն ունեն, թեկուզ` կիսափլված։ «Ա, դե, մի քիչ տխրում եմ, որ հիմա էստեղ ենք, բայց դե տուն չունեցող երեխաներն ինչ ասեն։ Ամենաշատն ուզում եմ, որ ես ու բոլոր երեխաները, որ հիմա տարբեր տեղերում են ապրում, վերադառնան իրենց տները։ Հեծանիվս չեմ ուզում, մենակ դա եմ ուզում»,–ասում է Նվերը և ուղիղ աչքերիս մեջ նայում` հասկանալու համար, թե հավատո՞ւմ եմ իրեն։

Նվերի հետ էլ զրույցն ավարտում ենք, բայց պայմանավորվում ենք նրան նկարել, երբ աչքի վիրակապը հանած կլինի (տղան աչքի խնդիր ուներ, նրան այստեղ վիրահատել են)։ Դուրս գալիս Նվերն ինձ հրավիրում է  Մարտունու իրենց` արդեն իսկ նոր սարքած տանն իրեն նկարելու։ Հրավերն ընդունում եմ...

320
թեգերը:
Երազանք, երեխա, Հադրութ, Արցախյան պատերազմ, Արցախ
Ըստ թեմայի
Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա
Ամանորի կապակցությամբ խաղաղապահները նվերներ են տվել Ստեփանակերտի 2 դպրոցների աշակերտներին
Հայաստանում գտնվող արցախցի աշակերտներին ամանորյա նվերներ կբաժանվեն
Արայիկ Հարությունյան, արխիվային լուսանկար

Արցախի շուրջօրյա էլեկտրամատակարարումը վերականգնված է, բայց մեկ խնդիր կա. Արցախի նախագահ

29
(Թարմացված է 10:04 17.01.2021)
Արցախում ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվել են էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսպիսով կարող ենք փաստել, որ հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում դեռևս զգալի աշխատանքներ կան կատարելու»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հարությունյանը նշել է, որ պատերազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Այդուհանդերձ, համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ անգամ պատերազմական թեժ պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում:

Արցախի նախագահը երախտագիտություն է հայտնել ենթակառուցվածքային համակարգերի բոլոր այն աշխատակիցներին, որոնք, անտեսելով բոլոր վտանգներն ու դժվարությունները, նաև իրենց կյանքի գնով ապահովել են կենսական պայմաններն Արցախում:

Կորոնավիրուսը տարածվում է. Արցախի մի քանի համայնքներում ելումուտը սահմանափակվում է

 

29
թեգերը:
էլեկտրաէներգիա, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Պատերազմի հետքերն Արցախում. ջրամատակարարման որոշ ծրագրեր պետք է վերանայել
Լենա Նազարյանը համաձայն չէ, որ Արցախի տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով
Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար
Ռուս խաղաղապահն Արցախում՝ Շուշի տանող ճանապարհին

Մոտ 200 արցախցիներ տուն են վերադարձել, 120-ից ավելի պայթուցիկ առարկաներ՝ վնասազերծվել

42
(Թարմացված է 23:40 16.01.2021)
Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով ռուս խաղաղապահների կողմից գործարկված «Թեժ գծին» ստացված դիմումների քանակը նույնն է մնացել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել ևս 177 բնակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 49638 մարդ։

Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:

«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 1,2 հա տարածք և1 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 124 պայթյունավտանգ առարկա։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 530 հա տարածք, 201,3 կմ ճանապարհ, 751 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23530 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:

Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» ստացված դիմումների քանակը չի փոխվել՝ 575։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

42
թեգերը:
ականազերծում, Արցախ, Ռուսաստան, խաղաղապահ
թեմա:
Խաղաղապահներն Արցախում
Ըստ թեմայի
Կոտրված ժպիտներ ու քիչ-քիչ վերականգնվող քաղաք. ինչպես է ապրում Ստեփանակերտը
Արցախը չպայթած զինամթերքից մաքրելու համար մոտ 20 տարի կպահանջվի. ականազերծման կենտրոն
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի ականազերծման աշխատանքներում «Ուրան» են ներգրավել
Երևան, արխիվային լուսանկար

351 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

19
(Թարմացված է 10:52 17.01.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 351–ով և դարձել 164586։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 մարդ (+188), կատարվել է 623311 թեստավորում (+2607), առողջացել են վարակվածներից 152772-ը (+157)։ Գրանցվել է մահվան 2992 դեպք (+5)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1–ով և դարձել 729։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

19
թեգերը:
Մահ, համավարակ, վարակ, հիվանդ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռիսկի խմբում 0-19 տարեկաններն են. ինչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի նոր մուտացիան
Հիմա էլ՝ կորոնավիրուսի բրիտանական շտամ. որքանով է այն վտանգավոր
«Հիվանդանոցում եմ պացիենտի կարգավիճակում». Բժշկականի ռեկտորը վարակվել է կորոնավիրուսով