ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այսօր այցելել է Մարտունու շրջան: Տեղեկությունը հրապարակվել է սրբազանի ֆեյբուքյան էջում։
«Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ է այցելել Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցի և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցի։
Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Ամարասի վանքը գտնվում է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ։ Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հունվարի 27-ին Արցախի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են ևս 3 աճյուն:
Ինչպես հայտնում են Արցախի ԱԻՊԾ–ից, աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջանների տարածքում: Նախնական տվյալներով, հայտնաբերված զոհերը ռազմական գործողությունների մասնակիցներ են:
Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվելու են Ջրականի և Հադրութի շրջաններում:
Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1321 աճյուն:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
«Մա՞մ, էլի ջոկողություն ես անո՞ւմ...». Շուշիում նույն օրը զոհված եղբայրների պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը:
Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում:
Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա:
«Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ ուղերձ է հղել` նշելով, որ յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:
ԳՇ պետն ընդգծում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և, 44 օր հերոսաբար դիմակայելով, կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:
Գասպարյանն արձանագրում է, որ անհավասար պայքարում հայկական զինուժը, ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց, նրա համոզմամբ, հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը:
Փոքրերն ուզում են զինվոր դառնալ, մեծերը հիշում են մեր բանակի նվաճումները. հարցում Երևանում
ԳՇ պետի խոսքով` այսօր բանակը հաճախ քննադատության է արժանանում, բայց չպիտի վհատվի։ Զինվորը, սպան, գեներալը, նրա խոսքով, գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև։
«Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը։ Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը»,– ասված է ուղերձում։
Գասպարյանը նշում է նաև, որ բանակն այսօր ավելի մեծ աջակցության կարիք ունի և, որքան էլ դժվար լինի, շարունակում է կատարել հայրենիքի պաշտպանության գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ մարտունակության վերականգնման ուղղությամբ:
Ավարտին եմ հասցնելու զոհված ընկերներիս գործը. մայոր Մեսրոպյանն իրեն պարտված չի համարում
«Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը։ Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից»,– եզրափակում է ԳՇ պետը:
Հիշեցնենք`ՀՀ ՊՆ–ն հայտարարել էր, որ Բանակի օրվա առթիվ այսօր` հունվարի 28-ին, տոնական զանգվածային միջոցառումներ չեն իրականացվելու։
Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Գարեգին Բ