ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին և նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանին։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու ԿԳՄՍ նախարարությունների միջև ներդաշնակ և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը: Նա նշել է, որ չնայած հետպատերազմյան շրջանի դժվարություններին՝ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում՝ ներգրավելով անհրաժեշտ միջոցներ և ստեղծելով համապատասխան պայմաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Դումանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է ներկա համագործակցությանը նոր որակ հաղորդել։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախի ներքին գործերի նախարարությունը կգլխավորի գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հայտնել է Արցախի ՆԳՆ աղբյուրը։
Ըստ տեղեկությունների՝ նշանակման մասին պաշտոնական հրամանը կհրապարակվի վաղը` հունվարի 26-ին։
Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ էր կատարել կառավարության կառուցվածքում, որի արդյունքում ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը միավորվել են ներքին գործերի նախարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։
«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։
Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։