ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում ռուս խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները մարտական պատրաստության ծրագրված վարժանքներ են անցկացրել: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ զինծառայողները վարժանքների ընթացքում կրակ են վարել ավտոմատներից, գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետերից ու БТР-82А տեսակի զրահամեքենաներից:
«Չնայած շուրջօրյա հերթապահությանը, խաղաղապահ ուժերի հրամանատարությունը մարտական պատրաստության հիմնական տեսակների փորձարկում է կատարում, այդ թվում՝ տակտիկական, հատուկ-տակտիկական, կրակային տեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ:
Վարժանքներին մասնակցում է 200 ռուս խաղաղապահ, գործի է դրվել ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա»,–ասված է հաղորդագրության մեջ:
Մենք ենք, մեր սարերն ու GPS-ը, կամ ով և ինչպես է կիսում հայկական հողերը
Հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում են և վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախի ներքին գործերի նախարարությունը կգլխավորի գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հայտնել է Արցախի ՆԳՆ աղբյուրը։
Ըստ տեղեկությունների՝ նշանակման մասին պաշտոնական հրամանը կհրապարակվի վաղը` հունվարի 26-ին։
Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ էր կատարել կառավարության կառուցվածքում, որի արդյունքում ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը միավորվել են ներքին գործերի նախարարության մեջ։
Հայաստան-սփյուռք համագործակցությունն ակտիվացման փուլում է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Հայաստանին և Արցախին զուգահեռ նաև սփյուռքն է դուրս գալիս այս շոկային վիճակից։ Որոշ համայնքներում դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան այլ համայնքներում, օրինակ` Ֆրանսիայում և Ռուսաստանում բավական առողջ է մթնոլորտը, և համագործակցության բազում եզրեր կան»,- ասաց նա։
Նրա խոսքով`մարդիկ բավականին ակտիվ են և հասկանում են, որ այսօր առավել քան երբևէ հայրենիքը`Հայաստանն ու Արցախն օգնության կարիք ունեն. տասնյակ հազարավոր տեղահանվածներ, որոնք թեև այս պահին Արցախի տարածքում են, զրկվել են սեփական բնակարաններից և եկամտի աղբյուրներից, ու առաջնահերթ նրանց պետք է աջակցել։
«Հայաստանի կառավարությունն էլ ամեն ջանք գործադրում է, որ արցախցի մեր հայրենակիցները ուտելիքի և կենցաղային իրերի կարիք չունենան, բայց ժամանակն է նաև նոր աշխատատեղեր ստեղծելու մասին մտածել։ Շահութաբերության հիման վրա ձեռնարկությունների հիմնումն Արցախի տարածքում լինելու է շատ կարևոր ուղղություն, և չեմ կասկածում, որ մոտակա տարիներին մենք դրա ականատեսը կլինենք»,- նշեց Սինանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը համոզված է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյանների հետ շարունակական աշխատանքի շնորհիվ կհաջողվի ամենասեղմ ժամկետներում կենտրոնանալ բնակարանաշինության վրա, տնտեսական վերածննդի ծրագիր կազմել և թևակոխել զարգացման նոր փուլ։
Հիշեցնենք` հունվարի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ճանաչողական այցով մեկնել էր Արցախ, հանդիպել մի շարք պաշտոնյանների հետ և քննարկել կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսվում է կյանքի կոչել սփյուռքի մեր հայրենակիցների գործուն մասնակցությամբ։