ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:
ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:
Հիշեցնենք` երեկ` դեկտեմբերի 20–ին էլ, 70 օր կապի դուրս չեկած 6 զինվորներ էին ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել։ Նրանք են`
Այվազյան Արսեն Կարենի, Սահակյան Դավիթ Գեղամի, Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի, Հարությունյան Արթուր Գարիկի, Արմաղանյան Արման Արշակի, Թումանյան Ռուսլան Սարգսի։
6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:
Նախարար Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը, որն առավել ընդգծվում է հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու որոշումը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը՝ անընդունելի համարելով դրանց պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան:
Ալիևը պատասխանել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ Արցախ փորձագետների խումբ ուղարկելու առաջարկին
Նշենք, որ տևական ժամանակ է ՅՈՒՆԵՍԿՕ–ն սպասում է Ադրբեջանի իշխանությունների համաձայնությանը` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքների հուշարձանների ուսումնասիրության համար մասնագետների խումբ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Արցախի ներքին գործերի նախարարությունը կգլխավորի գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հայտնել է Արցախի ՆԳՆ աղբյուրը։
Ըստ տեղեկությունների՝ նշանակման մասին պաշտոնական հրամանը կհրապարակվի վաղը` հունվարի 26-ին։
Սարգսյանը մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնը։
Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փոփոխություններ էր կատարել կառավարության կառուցվածքում, որի արդյունքում ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը միավորվել են ներքին գործերի նախարարության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը նշվում է հունվարի 30-ին։ Արարատյան Հայրապետական թեմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս տարի տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են։
«Փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Տոնի առթիվ հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։
Ժողովրդական ամենասիրելի սովորույթն էլ կապված է աղի բլիթի հետ։ Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որ երազում տեսնեն ապագա կողակցին։