ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախի և Հայաստանի հանրապետությունների քաղաքացիները մինչև հունվարի 10-ը պետք է հանձնեն մարտական գործողություններին մասնակցելու նպատակով ստացած զենք–զինամթերքը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության մամուլի բաժինը։
«Անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ ոստիկանությունից, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հետո ուշ կլինի. Շուռնուխի գյուղապետը կամավորներին կոչ է արել զենք վերցնել. տեսանյութ
ԱԱԾ-ն նախազգուշացնում է, որ նշված քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության:
Հավելյալ տեղեկատվությունների համար անհրաժեշտ է զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 047944126 հեռախոսահամարով:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Արցախի և Հայաստանի առողջապահության նախարարները քննարկել են հետպատերազմական Արցախի առողջապահության համակարգի արդիականացման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` հավելելով, որ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է:
«Նախարարները քննարկել են համավարակով պայմանավորված՝ առողջապահական համակարգի մարտահրավերները, խոսել համատեղ իրականացվող և նախանշված ծրագրերի մասին։ Առողջապահական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց բուժման, ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավանեսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Օրակարգի վերջում Հայաստանից ժամանած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի առողջապահության համակարգին ու բժիշկներին, որոնց շնորհիվ պատերազմի օրերին և դրանից հետո էլ հազարավոր կյանքեր են փրկվել ու շարունակում են պայքարել վիրավորների առողջության համար:
Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Երեկ` մարտի 5–ին, Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարհ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը։
«Որոնողական աշխատանքները, սակայն, շարունակվում են։ Այսօր որոնումներ կիրականացվեն միայն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում»,–ասաց Թադևոսյանը։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 9-ն իրավունք ունի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով դիմել Սահմանադրական դատարան։ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այս փուլում իրավիճակն այսպիսին է` նախագահը կա՛մ պետք է դիմի Սահմանադրական դատարան, կա՛մ ստորագրի հրամանագիրը և համաձայնի վարչապետի հետ։ Մենք նախագահին ուզում ենք ասել, թե ինչո՞ւ է նա երկու մարմինների միջև ծագած վեճը թողնում, որ նրանք էլ լուծեն` ՍԴ–ից լավ հարթակ կա՞»,–ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով` Արմեն Սարգսյանը շատ հարցերում է լռում։ Զոհրաբյանը նշեց, որ նախագահն արդեն հայտնել է, որ կա խնդիր, և հիմա զարմանալի է` ինչո՞ւ է վարանում ՍԴ դիմել։ ՓՊ նախագահն ասաց, որ մի խումբ մարդկանցով դիմելու են նախագահին, որ սահմանադրականության շրջանակում լուծվեն առկա խնդիրները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՊՆ–ի մոտ զինվորականներ, տարբեր ոլորտի մարդիկ և շարքային քաղաքացիներ էին հավաքվել` ի աջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի։
Նրանք ակցիայի վերջում ավտոերթով գնացին Բաղրամյան 26` նախագահին դիմելու, որպեսզի ՍԴ դիմի Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: