ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Բոլոր օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից։ Այս մասին ասված է Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի պատվիրակությունների ղեկավարների` Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ժան–Իվ լը Դրիանի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի համատեղ հայտարարության մեջ, որը նրանք ընդունել են ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում։
Համանախագահները կարևորում են Ռուսաստանի ջանքերը հետագա ռազմական գործողությունները կանխելու համար։
Պատվիրակությունների ղեկավարները Հայաստանին և Ադրբեջանին կրկին հիշեցնում են միջազգային մարդասիրական իրավունքը հարգելու անհրաժեշտության մասին, իսկ դա նշանակում է որքան հնարավոր է շուտ զոհվածների դիակների և գերիների փոխանակում իրականացնել: Նրանք ընդգծում են փախստականների կամավոր, անվտանգ և երկարաժամկետ վերադարձի երաշխիքների կարևորությունը՝ նրանց իրավունքների և անձնական արժանապատվության պահպանմամբ։ Շեշտվում է նաև Ղարաբաղում պատմական և մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։
Համանախագահող երկրները կոչ են անում միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Կարմիր խաչին և ՄԱԿ-ի կառույցներին օգնել հաղթահարել հումանիտար դժվարությունները: Համանախագահներն ընդգծում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի և նրա թիմի աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը:
Նրանք Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում առաջին հնարավորության դեպքում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտության վերջնական լուծման նպատակով ձեռնամուխ լինեն առարկայական բանակցությունների:
Համանախագահները կրկին ընդգծում են հակամարտություններն առանց ուժի սպառնալիքի կարգավորելու անհրաժեշտությունը։
Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։
Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։
Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը
Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Մեկ օրում ևս 189 փախստական Հայաստանից Արցախ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ 2020թ․ նոյեմբերի 14-ից մինչ օրս Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայրեր վերադարձածների թիվը հասավ 49827–ի։
Լեռնային Ղարաբաղում կողմերի միջև հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գոտու ողջ երկայնքով։ Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն։ Ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
«ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։ Մեկ օրում մաքրվել է 21 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 193 պայթյունավտանգ առարկա։ 2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 723 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արցախում կրկին կգործի արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն: Մեզ համար ճակատագրական այս շրջափուլն ունի իր հրամայականը՝ հայոց օջախներում պետք է լսվի նորածնի ճիչը՝ որպես մեր ազգի ու հայրենիքի հավերժականության առհավատչյա...»,– Facebook-ի իր էջում գրել է նախագահը։
Նրա խոսքով`չնայած նրան, որ հետպատերազմական շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել, սակայն կրթության և հատկապես առողջապահության ոլորտներում նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ:
Հիշեցնենք` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում վնասվեցին քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ ու անգամ Ստեփանակերտի ծննդատունը։
Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի ծննդատունը
Այժմ ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախը կրկին բնականոն կյանք է վերադառնում։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։
«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:
Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։
Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel
Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը