Վերջին շաբաթներին Ստեփանակերտում ամենատարածված հագուստը զինվորականն է, որը միանման է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի զինծառայողների համար։ Այդ համազգեստից է բաժանվել նաև բազմաթիվ կամավորականների։
Խրամատներից ու բլինդաժներից դուրս գալով՝ նրանք խմբերով շրջում են չճանաչված հանրապետության մայրաքաղաքում։ Կանգնում են կառավարության շենքի մոտակա հրապարակում, մեկը մյուսի հետևից ծխում, հերթ կանգնում մթերային խանութներում ՝ թեյի ու արագ պատրաստվող ապուրների համար։ Բոլոր խոսակցությունները նոր լռած պատերազմի մասին են։ Հարցին, թե ինչու տուն չեն վերադառնում, կարճ պատասխան են տալիս. «Շարունակությանն ենք սպասում»։
«Ես այստեղ եմ եկել մարտական գործողությունների երկրորդ օրը՝ երկու եղբայրներիս հետ»,- ՌԻԱ Նովոստիի թղթակցին պատմում է Արման Գարանյանը՝ մորուքավոր հայ տղամարդը։ Արդեն 18 տարի է՝ նա երկու դուստրերի հետ ապրում է Մոսկվայում։ Երրորդ եղբայրը մնացել է այնտեղ, հոգում է ընտանիքի կարիքներն ու զբաղվում Արցախին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերով։
«Սկզբում կռվել եմ հյուսիսում, իսկ վերջում իմ ստորաբաժանումն ուղարկեցին Շուշիի մոտ։ Հենց այնտեղ էլ հասկացա` ինչ է իսկական մղձավանջը։ Հակառակորդը բազմակի շատ էր, հարձակվում էին ալիքներով։ Մեկին հետ ես մղում, նահանջում են, իսկ նրանց հետևից հաջորդ ալիքն է գալիս։
Բայց այս պատերազմում ամենասարսափելին այն էր, երբ ձեռքիդ միայն «Կալաշնիկով» է, իսկ քեզ վրա հարվածային անօդաչուներ են հարձակվում։ Հավանաբար ինձ փրկեց այն, որ ծառայակիցներիս հետ տեղաշարժվում էի մարդատար մեքենաներով։ ԱԹՍ-ները գլխավորապես թիրախավորում էին զինծառայողներ տեղափոխող ռազմական բեռնատարները։ Նրանց հարվածներից մեր շատ եղբայրներ զոհվեցին»։

Կամավորականները միաբերան հաստատում են, որ հատկապես Թուրքիայից ու Իսրայելից գնված անօդաչուներն են ադրբեջանական զինուժին գերակշռություն տվել։ Անտեսանելի ու անաղմուկ են, և դրանցից փրկություն չկա։ Հրետակոծության կամ հրթիռակոծության ժամանակ ավելի հեշտ է. թռիչքի ժամանակ արկերն ու հրթիռներն իրենց մատնում են բզզոցով, ու մի քանի վայրկյան ժամանակ է լինում, որ թաքնվես խրամատում։ Կամավորականները, սակայն, ինքնատիպ ելք էին գտել, որպեսզի քիչ թե շատ անվտանգ դարձնեն երկինքը։ Նրանք իրենց դիրքերից բավական հեռավորության վրա հարյուրավոր անվադողեր էին այրում՝ այդպիսով խաբելով ԱԹՍ-ների զգայուն ջերմադիտակներին։
Ոչ պակաս հնարամիտ ելք էին գտել դիվերսանտների դեմ։ Գիշերը լեռներում տեսանելիությունը գրեթե զրոյական է մթության ու մառախուղի պատճառով։ Որպեսզի նախօրոք իմանան ադրբեջանցիների դիվերսիոն խմբերի մոտենալը, մարտիկները դիրքերի մոտակայքում կարտոֆիլի չիփս էին շաղ տալիս։ Հետո նստում՝ լսում էին։ Հենց խշրտոց էր լսվում, ուրեմն թշնամին մոտենում է, պետք է տագնապ հնչեցնել։
Հարցին, թե ինչու առաջին պատերազմին հաջորդած գրեթե 30 տարում Ղարաբաղը չեն վերածել բունկերներով, ականապատ դաշտերով, ամրացված շրջաններով ու ազդանշանային ժամանակակից համակարգով պաշտպանված ամրոցի, կամավորականները, պարզ է, չեն կարող պատասխանել։ Միայն նշում էին Հայաստանի իշխանություններին, որոնք, ըստ կամավորականների, ֆինանսավորմամբ երես չեն տվել Արցախին։
Ըստ էության միակ բանը, որ Ղարաբաղի պաշտպանության բանակը կարողացավ լավ համակարգել, հրետանային ստորաբաժանումների փոխգործակցությունն էր։ Հենց հաուբիցային մարտկոցները, որոնք հասցրին վաղօրոք խրամատավորվել ու ոչնչացնել տեղանքի կողմնորոշիչները, ադրբեջանական զինուժին կենդանի ուժի ու տեխնիկայի առավելագույն կորուստներն են պատճառել։
Հրետանավորների մեջ էլ քիչ չեն կամավորները։ Օրինակ` 21-ամյա Նարեկ Ջանինյանը։ Երկու մետր հասակով երիտասարդն Արցախ է եկել Երևանից։ Ավելի վաղ երկու տարի ապրել է Իսպանիայում, իսպաներենից հայերեն թարգմանություն է սովորել։ Նաև ժամկետային ծառայություն է անցել որպես հրետանավոր։ Պատերազմի ժամանակ պաշտպանել է Մարտակերտը։
«Դեռ չէի հասցրել մոռանալ` ինչպես է պետք օգտվել հեռաչափից ու անկյունաչափից,-ասում է Նարեկը,- այդ պատճառով ինձ միանգամից ուղարկեցին հրետանային ստորաբաժանում։ Ծառայության փորձ չունեցող իմ հասակակիցներին, որոնք խրամատներում մեծամասնություն էին, նշանակեցին հրաձիգներ կամ արկեր տեղափոխողներ։ Մեր հրամանատարներն առաջին պատերազմի փորձ ունեցող մարդիկ էին։
Ես չէի կարող նստել տանը։ Տանջում էր միտքը, որ քանի դեռ քնած եմ իմ մահճակալին, ինչ-որ մեկն այնտեղ՝ առաջնագծում, հսկում է իմ հանգիստը։ Հավաքեցի իրերս, հրաժեշտ տվեցի ծնողներիս ու գնացի պատերազմ։ Ինձնից պահանջվում էր որոշել մինչև թիրախն ընկած հեռավորությունը, դրա կոորդինատները, փոխանցել տեղեկությունը դիրքերին, ապա սպասել համազարկին, ճշգրտել կրակը։ Մենք ունեինք Դ-20 հաուբիցներ, «Հիացինտ», «Գրադներ»։ Բայց չէր լքում այն զգացողությունը, որ կռվում ենք ծովային մակընթացության դեմ։ Տեսնում էինք շղթան՝ 400 մարդ։ Համազարկ էինք տալիս, հետո մի հատ էլ։ Ցրում էինք նրանց։ Իսկ նրանց հաջորդում էին կրկնակի շատ հարձակվողներ»,-հիշում է Նարեկը։
Նա ևս հաստատում է, որ հակառակորդը հարձակվում էր ալիքներով՝ հաշվի չառնելով կորուստները։

Նրա մարտական ընկեր, հրետանավոր-կապավոր Անդրեյ Նալբանդյանը վստահ է, որ առաջին շարքերում ադրբեջանցիներ չէին։ Զանազան համազգեստներ, մորուքավոր դեմքեր, մոլեռանդ տրամադրվածություն. ճիշտ այնպես, ինչպես նրանց մոտ, որոնք գրեթե 10 տարի Մերձավոր Արևելքում կռվում են սիրիական բանակի դեմ։
«Գալիս էին ամբողջ հասակով, ինչպես զոմբիներ,-հիշում է Անդրեյը,- մերոնք կրակահերթ բացեցին առաջացող մեքենայի վրա, մի քանի սանտիմետր ընդամենը շեղ ստացվեց, իսկ նրանց գնդացրորդը նույնիսկ ռեակցիա չտվեց՝ շարունակում էր ծխել ու երկար կրակահերթերով կրակել մերոնց վրա։ Այդ ժամանակ էլ հասկացանք՝ ախր սրանք «կայֆի տակ են»։ Հետո, երբ խուզարկում էինք դիակները, շատերի մոտ դեղին հաբեր գտանք, որոնք լուծվում էին ջրի մեջ թշշացող ասպիրինի պես։ Մեր բժիշկն ասաց` թմրանյութ է, որը հնարավորություն է տալիս օրեր շարունակ կռվել առանց քնելու, սնվելու ու վախի։ Իմ ծանոթները, որոնք մերձակա մարտի մեջ են մտել, նույնպես նշում էին հակառակորդի ոչ մարդկային դիմացկունության մասին։ Ավտոմատով վիրավորում ես ուսը, իսկ նա նույնիսկ չի նկատում, շարունակում է առաջ շարժվել տերմինատորի պես։ Ես վստահ եմ՝ դրանք ադրբեջանցներ չէին։ Նրանք չեն կարողանում այդպես կռվել»։
Հայ կամավորների կարծիքով` բացի ադրբեջանցիներից, մարտական գործողություններին մասնակցում էին սիրիացի գրոհայիններ, թուրք հրամանատարներ ու էլի անհասկանալի մարդիկ՝ իսկական ինտերնացիոնալ։ Վստահեցնում են, որ նույնիսկ սևամորթների են տեսել։
Ջանինյանը հիշեցնում է` համացանցում արդեն հայտնել են Անկարայի գեներալների մասին, որոնք ծրագրել են ռազմական գործողություններն ու ղեկավարել դրանք։ Այն դեպքում, երբ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների մեծ մասն ու կամավորականները զինված էին հին «Կալաշնիկովներով», շատերը զրահաբաճկոն չունեին, իսկ շատերի սաղավարտները դեռ խորհրդային ժամանակներից մնացած հակաբեկորային СШ-68-ներ էին։
«Իհարկե այդպիսի ուժի դեմ հնարավոր չէ կանգնել,-վստահ է Նարեկը,- մենք պարտվեցինք պատերազմում։ Ու պարզ չէ, թե ովքեր են ավելի շատ մեղք՝ հարյուրավոր 18-ամյա երիտասարդնե՞րը, թե՞ տասնյակ հազարավոր այն հայերը, որոնց տեղահանում են իրենց հողերից, որոնք կորցրել են ողջ ապրուստը, զրկվել տներից։ Դեռ հարց է՝ ովքեր կբնակվեն այդ հողերում՝ ադրբեջանցինե՞րը, թե՞ ահաբեկչական խմբերի գրոհայինները, որոնց Թուրքիան ակնհայտորեն մտադիր չէ հանել այստեղից»։
Արցախյան կամավորները մարտնչում էին ոչ միայն առաջնագծում։ Նույնիսկ Ստեփանակերտի ամբողջական տարհանման օրերին՝ նոյեմբերի 6-7-ին, քաղաքում մնացել էին նրանք, որոնք շարունակում էին աշխատել։
Տեղի փռի ցուցափեղկին հայատառ գրությամբ ցուցանակ է կախված. «Հաղթելու ենք։ Արցախը երբեք չի գրավվի»։ Փռի տերը՝ Սերգեյ Ղազարյանը, չի դադարեցրել աշխատանքը նույնիսկ ամենադաժան հրետակոծությունների ժամանակ, երբ թվում էր, որ Ստեփանակերտն ուր որ է կընկնի։

«Մեր քաղաքի պաշտպաններին հաց էր պետք, ու ես չէի կարող ամեն ինչ պարզապես թողնել ու հեռանալ,-բացատրում է նա։- Սարսափելի էր, արկերը շատ մոտ էին պայթում։ Քաղաքից դուրս էին հանել բոլորին, բացի զինվորականներից, որոնք պատրաստվում էին փողոցային մարտերի։ Մի քանի սարսափելի օրեր, երբ ոչինչ հասկանալի չէր, ես անցկացրել եմ իմ փռում։ Նոյեմբերի 10-ին ինձ զանգեցին ազգականներս ու ասացին, որ պատերազմը վերջացել է, Արցախ ռուս խաղաղապահներ են մտնում։ Պարզ դարձավ, որ Ստեփանակերտը կապրի»։
Քաղաքը չի լքել նաև վարսավիր Բորիս Գրիգորյանը, որը ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից է։ Մարտերի թեժ օրերին Ստեփանակերտում տաք ջուր չկար, այդ պայմաններում անձնական հիգիենայի կանոններ պահպանելը ծայրահեղ դժվար էր։ Բորիսի խոսքով` նա մոռացել էր տարբեր սանրվածքների մասին ու բոլորի մազերը «զրոյականով» էր կտրում։ Հաճախ՝ հրետակոծության տակ։

Ոստիկան Տիգրան Ներսիսյանը պատերազմի օրերին հետևում էր քաղաքի կարգ ու կանոնին։ Նաև նրա ու ծառայակիցների շնորհիվ Ստեփանակերտում կողոպուտներ չեղան, չնայած որ լքված խանութների դռներն ընդամենը պլաստիկե բարակ խամութներով էին կողպված։
Խիզախության այդպիսի հազարավոր օրինակներ կան Արցախում։ Ղարաբաղի հայերը հասկանում են, որ պարտվել են պատերազմում, բայց նրանց այլ հարցեր են տանջում` ինչո՞ւ Երևանը չճանաչված հանրապետություն կանոնավոր կորպուսներ չմտցրեց։ Ինչո՞ւ գործի չդրվեցին ամենաժամանակակից սպառազինությունները։ Ինչո՞ւ Արցախ չէին մեկնում ռազմամթերքով, սննդով ու դեղամիջոցներով բեռնված շարասյուներ։ Ինչո՞ւ ՀՀ վարչապետն այդքան ուշ որոշեց ընդունել Ռուսաստանի օգնությունը։
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նորանշանակ ղեկավար Մհեր Աբրահամյանին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Հարությունյանն իր խոսքում ասել է, որ Մհեր Աբրահամյանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով նրա՝ պատերազմական գործողություններին ակտիվ մասնակցությունը և հանրային տրամադրությունները:
«ԱՀ պետական մյուս վերահսկողական կառույցների կողքին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է հանրային խնդիրներին ու տրամադրություններին առաջին արձագանքողը լինի՝ գնահատելով այս կամ այն ծրագրի և որոշման կատարման ընթացքն ու արդյունավետությունը», - ասել է Հարությունյանը։
Նախագահը նաև պատասխանել է ծառայության աշխատակիցների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես իրենց գործառույթներին, այնպես էլ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին:
Արցախի վերահսկողությունից դուրս են մնացել նաև սեյսմիկ կայաններ. ՀՀ ԱԻ նախարարն Արցախում է
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։



