ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյան

Մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք. Արցախը նոր հերոս ունի

638
(Թարմացված է 12:53 22.11.2020)
Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի համար սա արդեն երրորդ պատերազմն էր։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Որոշում եմ կայացրել հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում»,- գրել է նախագահը։

Սա Արարատ Մելքումյանի առաջին պատերազմը չէր, այլ արդեն երրորդը։ Նախագահն ընդգծել է, որ նրա՝ որպես զինվորականի օրինակելի կերպարը դեռ Արցախյան առաջին պատերազմի, ապա  պրոֆեսիոնալ ծառայության ընթացքում է բացահայտվել է։  

Նա նաև 2016թ.-ի ապրիլյան պատերազմի մասնակից է։ Իր անձնուրաց ծառայության համար նա «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով էր պարգևատրվել:

«Իսկ այն, ինչ արեց պահեստազորի գնդապետն արդեն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում, ոչ միայն պահի սխրագործություն էր, այլև դաս սերունդներին՝ երբեք չհանձնվել: Մենք մեր մեջքն ուղղելու ժամանակ ունենք…»,- եզրափակել է նախագահ Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անունները։

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 18-ին ԱԺ–ում լրագրողներին հայտնեց, որ պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ադրբեջանն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չի հայտնում, սակայն հայկական կողմի տվյալներով` Ադրբեջանի ԶՈւ–ն պատերազմի ընթացքում զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

638
թեգերը:
Արցախյան պատերազմ, «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, Մարտունի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց
Խուճապի չմատնվել` Ստեփանակերտում հնարավոր է` պայթյուններ լսվեն. սակրավորներն են աշխատում
Արցախում սակրավորները 870 տարբեր տեսակի ռումբեր են վնասազերծել
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը

ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկվել են գերիների, անհայտ կորածների, դիերի փոխանակման հարցերը

1
(Թարմացված է 20:43 02.12.2020)
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը այդ խնդիրներին հրատապ ու լիարժեք լուծում տալու գործում:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Այսօր դեկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Միջազգային կարմիր խաչի պատվիրակությանը՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԿԽՄԿ տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպին, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին, նրան փոխարինող, նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին և Ճգնաժամային գործառնությունների ղեկավար Պասկալ Հունդին։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման առանցքում են եղել Ադրբեջանում գտնվող գերիների և պատանդների վերադարձի, անհայտ կորածների որոնողական աշխատանքների, դիերի փոխանակման հարցերը: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը այդ խնդիրներին հրատապ ու լիարժեք լուծում տալու գործում:

ՀՀ ԱԳ նախարարն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ գերիների և խաղաղ բնակչության հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, խոշտանգումների և հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերի վերաբերյալ:

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

Անդրադարձ է կատարվել նաև Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարման հարցերին, մասնավորապես՝ պատերազմից տուժած արցախահայության աջակցության, ենթակառուցվածքների վերականգնման, Արցախ վերադարձող տեղահանված բնակչությանը հրատապ օգնության հարցերին:

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

1
թեգերը:
գերի, Կարմիր խաչ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Արա Այվազյան
Ըստ թեմայի
Փաշինյանը գերիների ու անհետ կորածների մասին խոսեց ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը
Տիգրան Ավինյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին. քննարկվել է նաև գերիների վերադարձի հարցը
Պետք է ամեն ինչ անել գերիների ու դիերի փոխանակումն արագացնելու համար. Ավինյան
Արխիվային լուսանկար

Միջազգային կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանը բազմաթիվ հայ զինվորներ է գերեվարել

7
(Թարմացված է 20:46 02.12.2020)
Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քիչ առաջ զեկույց է հրապարակել, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանական ուժերը բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների են գերեվարել:

Ինչպես նշում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, զեկույցում նշվում է, որ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Եվ այդ մասին վկայում են հոկտեմբերից ի վեր սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութերը:

«Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն: Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում»,- գրում է Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև հայտնում է, որ հայկական կողմը շարունակում է միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործությունները:

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Նա նաև նշում է, որ այդ գործողությունների նպատակն է ամեն ջանք գործադրել՝ գերիների վերադարձն ու զինվորների մարմինների փոխանակումը րոպե առաջ կազմակերպելուն աջակցելու համար։

ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Ավելի վաղ Ադրբեջանը գերի էր վերցրել Հադրութի երկու խաղաղ բնակչի ՝ 85-ամյա Եվգենյա Բաբայանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ վերադարձվել էր Հայաստանին, և 84-ամյա Միշա Մելքումյանին, որը մահացել էր Բաքվում:

Տղամարդու դիակը ստանալուց և դատաբժշկական փորձաքննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահը եղել է բռնի ու տեղի է ունեցել գանգուղեղային վնասվածքի հետևանքով:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նոյեմբերի 23-ին 17 գերիների անուններ էր հրապարակել։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 2-ին հայտնեց, որ պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել են առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չեն կարողացել պարզել: Առանձին փաստահավաք գործունեություն են իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի: 

7
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով
Ղարաբաղում գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացն արագ կարվի. Լավրով
Հունահայոց թեմը հայ գերիների հարցով դիմել է Հունաստանի վարչապետին