Пресс-конференция бывшего главы Генштаба Вооруженных Сил Армении Мовсеса Акопяна (19 ноября 2020). Еревaн

«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին». Մովսես Հակոբյանն ասաց` որն է պարտության պատճառը

768
(Թարմացված է 15:51 19.11.2020)
Պաշտոնից հրաժարված Մովսես Հակոբյանը խոսեց բանակի քանդման գործընթացի մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը կարծում է, որ արցախյան պատերազմում մեր պարտության առաջին պատճառը ղեկավարման խնդիրն է։ Հակոբյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Պարտությունը կործանում չէ, այլ նոր հաղթանակ կերտելու հնարավորություն։ Պարտությունից պետք է ճիշտ հետևություններ անես։ Ուզում եմ ասել` մեր բոլոր անհաջողությունները սկսվել են ԶՈւ–ի` պատերազմին նախապատրաստվելուց»,–ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` երբ ԳՇ պետի պաշտոնից ազատվել է, վարչապետից հիմնավորում է ուզել։ 5 օր անց վարչապետը տվել է հիմնավորում, ինչը բավարարել է Հակոբյանին. վարչապետն ասել է, որ նախկին բոլոր ղեկավարներին, առաջին դեմքերին որոշել է փոխել, ինչի համար էլ Հակոբյանին հեռացրել է ԳՇ պետի պաշտոնից։ Նա նշեց` վարչապետին առաջարկել է պաշտոնյա, որը կարող է փոխարինել իրեն, սակայն մինչ նա նշանակված օրը պետք է հանդիպեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Արտակ Դավթյանն արդեն իսկ նշանակվել է ԳՇ պետ։

«Այդ ժամանակ ես վարչապետին ասացի` դուք նշանակել եք ամենից անպատրաստ գեներալին։ Եվ այդ օրվանից բանակի քանդման գործընթացն է սկսվել։ Հարցնում են` այս օրերին եղածը դավաճանությո՞ւն էր։ Ոչ, սա դավաճանություն չէ` անգրագիտություն է, պատերազմի ու ղեկավարման արվեստին չտիրապետել է»,–ասաց Հակոբյանը։

Նա հայտնեց, որ 2018-23 թվականների համար ԶՈւ բարեփոխումների և սպառազինության ռազմական տեխնիկայի արդիականացման պլանում փոփոխություններ են կատարվել։ Օրինակ` մարտավարական օղակը կրճատվել է, օպերատիվ օղակը` ավելացել, բացի այդ, ԳՇ–ի և ՊՆ–ի օպերատիվ օղակը 95 տոկոսով ավելացել է։ Հակոբյանն ասաց նաև, որ փոխարենը մարտավարական օղակից 5 գունդ է կրճատվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

768
թեգերը:
Արցախ, Մովսես Հակոբյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչի մասին է լռում Փաշինյանը. փորձագետները մեկնաբանում են վարչապետին ուղղված հարցերը
Փաշինյանին դավաճան անվանելն ընդհանրապես հիմքեր չունի. Պուտին
«Փաշինյանը, սպասարկելով որոշ արևմտյան ուժերի, դավաճանել է հայի շահը». ԲՀԿ
Վահրամ Պողոսյան

Վահրամ Պողոսյանին սխալ են մեկնաբանել

14
Պողոսյանն ընդգծել է, որ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «Արցախը տարածաշրջանում ռուս խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում», սխալ մեկնաբանության հետևանք է:

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից էական առաքելություն է իրականացնում, և հետագայում այդ անձնակազմի ընդլայնումը բխում է միայն տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից», - ասել է Պողոսյանը:

Նրա խոսքով ՝ Ղարաբաղի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն։ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարներն ուղղակիորեն կապված են ռուս խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում», - ասել է Պողոսյանը։

Վահրամ Պողոսյանը հերքում է Արամ Գաբրելյանովի պատմածն Աննա Հակոբյանի և Սեմյոն Պեգովի մասին

Պողոսյանն ընդգծել է, որ ավելի վաղ հրապարակված ու իրեն վերագրվող հայտարարությունն այն մասին, թե «Արցախը տարածաշրջանում ռուս խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում», սխալ մեկնաբանության հետևանք է։

14
թեգերը:
Ռուսաստան, խաղաղապահ, Վահրամ Պողոսյան, Արցախ
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար․ Շոյգու
Ռուս խաղաղապահներն օգնել են գտնել և վերադարձնել կորած արցախցիներին
Գույքը տներից դեռ մի հանեք. Վահրամ Պողոսյանը դիմել է Արցախի 2 շրջանների բնակիչներին
Բժիշկները վիրահատել են հրետակոծության հետևանքով տուժածներից մեկին, արխիվային լուսանկար

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

45
(Թարմացված է 21:40 05.12.2020)
Մոսկվայում բնակվող հայ բժիշկներն արդեն մի քանի տարի է` օգնում են հայաստանցի ու արցախցի գործընկերներին և դեղորայք ուղարկում ՀՀ ու Արցախ։ Վերջին 2 ամսում այդ ամենն արվում է տասնապատիկ չափով, անհավանական ճշգրտությամբ ու առանց պետությունից մեկ լումա ստանալու։

Պատերազմի սկզբում բազմաթիվ հայտնի բժիշկներ, ամեն ինչ թողնելով, ժամանեցին դաշտային հոսպիտալներ։ Հիմա էլ նույնպիսի նվիրումով կօգնեն վիրավորների ապաքինմանը։

Երբ ամեն ինչ համեմատաբար լավ է, հայերը սկսում են բաժանվել Ռուսաստանի հայերի և ամերիկահայերի, «սպիտակների» ու «սևերի»։ Բայց հենց դժբախտություն է պատահում, բոլորը մտածում են, թե ինչպես և ինչով օգնեն։ Երբ դժբախտությունն անցնում է (կամ թվում է, թե անցնում է), անհանգստությունն աստիճանաբար անհետանում է։ Իսկ Մոսկվայում բնակվող բժիշկ-գաստրոէնտերոլոգ Տատյանա Հովհաննիսյանը որոշել է` եթե օգնում ես, ուրեմն անընդհատ։

Ռազմական վերջին գործողությունների ժամանակ նրա «Վիվա» հիմնադրամը («Врачи и волонтеры Армении») Հայաստան և Արցախ է բերել տասնյակ բժիշկ-կամավորների, նաև մի քանի ինքնաթիռ դեղամիջոցներ և սարքավորումներ։ Հիմնադրամի միակ «թերությունն» այն է, որ իրենց մասին պատմելու հնարավորություն չեն փնտրում։ Դրա փոխարեն Տատյանան ու նրա գործընկերները հիմա մտածում են, թե ինչով կարող են օգնել զինծառայողների վերականգնմանը, որովհետև ծանր ամիսներից հետո երկար տարիների աշխատանք է սպասվում։

2016թ-ի ապրիլից առաջ Տատյանայի կյանքն ու աշխատանքը Մոսկվայում էին, Հայաստան էր գալիս միայն հանգստանալու համար։ Հետո ամեն ինչ փոխվեց։

«Ես նախկինում էլ էի ծանոթներիս շրջանում և սոցցանցերում հանգանակություններ կազմակերպում հայաստանցի հիվանդ փոքրիկների համար։ Այնպես որ երբ ժամանակը եկավ, շատերն ինձ արդեն ճանաչում էին։ Ես պարզապես տեղադրում էի քարտի համարը և ասում․ «Ահա քարտի համարը, բոլորդ ինձ ճանաչում եք»։ Մենք 2016թ-ին էլ այդպես արեցինք և մեկ շաբաթում մոտ մեկ միլիոն ռուբլի հավաքեցինք։ Բայց հետո որոշեցինք դրանով չսահմանափակվել և մայիս-հունիսին եկանք հասկանալու, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները»,-պատմում է Տատյանան։

Պարզվեց, որ Արցախի հիվանդանոցները շատ բանի կարիք ունեն` վիրահատական սեղաններ, մոնիտորներ, դեղամիջոցներ, ամենակարևորը՝ մասնագետներ։

Այդ ժամանակ Տատյանան ու նրա համախոհները ստեղծեցին «Վիվա» հիմնադրամը, որը սկսեց հագեցնել մարզային հիվանդանոցները։ 2018թ-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համաձայնագիր կնքեցին Արցախի և Հայաստանի մարզերի բժիշկների վերապատրաստման մասին: Դրանից հետո նրանք առնվազն հինգ տարի պետք է աշխատեն նույն տեղում։

Որոշ շրջաններ կան (չնշենք` որ), որտեղ ամբողջ մարզում կա մեկ տրավմատոլոգ, մեկ ուրոլոգ, մեկ նեոնատոլոգ ։ Նրանց համար կլինիկական պրակտիկա կազմակերպեցին Մոսկվայի հիվանդանոցներում։ Այդ ամենն արվեց առանց պետական օգնության։ Այցելությունները կազմակերպվեցին հավաքված միջոցների հաշվին, իսկ պրակտիկան` ծանոթ բժիշկների մոտ։ Դրամահավաքն իրականացվեց նպատակային․ հայտարարության մեջ նշվում էր, թե հատկապես ինչ է պետք գնել և որ բժշկին է պետք օգնել։ Բոլոր փոխանցումներն ու ծախսերը հրապարակվեցին։

Հերթական փուլը պետք է դառնար պերինատալ ախտորոշման ծրագիրը մարզերի համար։ Մտադիր էին վերապատրաստել մասնագետներին և սարքավորումներ գնել, իսկ անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն տրամադրել Մոսկվայից։ Ծրագրի համար գումարն արդեն հավաքված էր․․․

Երբ պատերազմը սկսվեց

Պատերազմի առաջին իսկ օրից «Վիվան» սկսեց գնել այն ամենը, ինչ հարկավոր էր վիրավորներին օգնելու համար։ Երեք օրում գնեցին շտապօգնության» մեքենա, ուլտրաձայնային հետազոտության ապարատ՝ վիրակապման սենյակների համար, ինչպես նաև մի ամբողջ մեքենա հակաայրվածքային միջոցներ։

Ամենակարևորը՝ բժիշկները հասկանում էին, թե ինչի կարիքը կարող է անհետաձգելի լինել, և առաջին հերթին հենց դա էին գնում։ Առաջին մի քանի օրում մասնավոր հանգանակությունների շնորհիվ հավաքվեց մի քանի միլիոն ռուբլի։ Ավելորդ է նշել, որ նվիրատուների թվում նաև բազմաթիվ մարդիկ կային, որոնք հայեր չէին։

Շուտով սկսեցին Արցախ ժամանել Մոսկվայում բնակվող բժիշկ-կամավորները։ Նրանք աշխատում էին Հադրութում, Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտի երկու հիվանդանոցներում, ինչպես նաև թիկունքի ամենամոտ կետում՝ Գորիսի հիվանդանոցում։ Մոսկվայի հայ և ոչ հայ բժիշկներն ավելի քան 500 հայտ ուղարկեցին։

«Ռեանիմատոլոգները, մյուս բժիշկները ոսկու գին ունեն։ Նրանք գալու և օգնելու ժամանակ էին գտնում անգամ այդ սարսափելի ծանրաբեռնվածության պայմաններում, որում աշխատում էին Մոսկվայում COVID-ի պատճառով,»,-պատմում է Հովհաննիսյանը։

Արդեն պատերազմի երրորդ օրը Արցախում վիրահատություններ էր անցկացնում Մոսկվայի Սկլիֆոսովսկու ինստիտուտի հայտնի վիրաբույժ և բնիկ արցախցի (Ստեփանակերտում ծնված) Շահեն Դանիելյանը. հենց նա փրկեց ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի կյանքը, որը վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց վանքի հրթիռակոծության հետևանքով։ Ընդհանուր առմամբ հիմնադրամի միջոցով 26 բժիշկ ժամանեց, բայց ևս 50-ը եկան ինքնուրույն, սեփական միջոցներով։

Ի՞նչ կարող են անել սովորական մարդիկ

Կարող են շատ ավելին, քան թվում է։ Շատ դժվար, բայց շատ պարզ եղանակ կա` տասը հայ զբաղված են ընդհանուր գործով, և ոչ ոք չի վիճում, թե ով է գլխավորը։ Վառ օրինակ է կամավորներից մեկը, որը հայտնի ուրոլոգ է Մոսկվայում. գիտությունների թեկնածուն տեղ հասնելուն պես ասաց․ «Ո՞վ է այստեղ ռազմական վիրաբույժը։ Ինչպես ասի, այդպես էլ կանեմ»։

Նա հոյակապ մասնագետ է, բայց նաև հիանալի հասկանում էր, որ ռազմաճակատային վիրաբուժությունը տարբերվում է քաղաքացիականից։ Եթե նա 5 ժամանոց վիրահատություն աներ, մյուս վիրավորների համար ժամանակ չէր մնա։

Առաջին իսկ օրերին հիմնադրամն օգնում էր թե՛ հիվանդանոցներին, թե՛ ռազմաճակատի գծի սովորական վիրակապարաններին։ Այդ աշխատանքը ղեկավարում էր Մոսկվայի կլինիկաներից մեկի ղեկավար Սեմյոն Սարոյանը, որը մեծ տուգանքներ ստացավ Երևանից Ստեփանակերտ ճանապարհին արագությունը գերազանցելու համար։

Նույն ժամանակ Մոսկվայում 230 կամավորներ դեղատներից դեղամիջոցներ էին բերում և տեսակավորում։ «Վիվայի» կազմակերպիչներն այդ ընթացքում անհրաժեշտ գնումների մանրամասն ցուցակներ էին կազմում ռեսուրսները ցրիվ չտալու համար։ Ուստի որոշեցին մատակարարումները համաձայնեցնել նաև սփյուռքի մյուս կազմակերպությունների հետ։

«Ֆրանսիա, ԱՄՆ, Ուրուգվայ՝ թող բոլորը տեսնեն, թե ինչ է արդեն արել «Վիվան», և լրացնեն այն, ինչը պակասում է, որպեսզի նույն բանից, ասենք, 383 հատ չգնենք»,-պարզաբանեց Հովհաննիսյանը։

Անգամ այսպիսի սարսափելի ծանրաբեռնվածության պայմաններում կազմակերպությունը կարողացավ նաև կորոնավիրուսի հարցում օգնել Հայաստանին։ Դեռ գարնանից մոսկվացի բժիշկները Հայաստան էին բերում թոքերի արհեստական օդափոխության և թթվածնի խտացման սարքեր, ռեանիմատոլոգների մի քանի խումբ էր ժամանել։ Էլ չասած, որ դաշտային հոսպիտալներում բազմաթիվ վիրաբույժներ վիրահատություններ էին անում` ոտքի վրա կորոնավիրուս տանելով և ջերմիջեցնողներ ընդունելով։

«Ես այնուամենայնիվ հավատում եմ, որ բարին պետք է ավելի ուժեղ լինի, իհարկե, ինչ-որ փուլում այն թույլ է երևում, բայց մի օր հաղթում է»,-ասում է Տատյանան։

Մոսկվայում օրուգիշեր դեղեր տեսակավորող կամավորական հայ երիտասարդների շարքում արդեն իսկ չորս ընտանիք է ծնվել։

Ի՞նչ է լինելու հետո

Հետագայում հիմնադրամը պատրաստվում է գումար հավաքել վիրավորների վերականգնման համար։ Փորձում են Մոսկվայից բժիշկների նոր խումբ բերել։ Երևանում բժիշկների շարժական բրիգադները կայցելեն հյուրանոցներ, որտեղ տեղավորվել են փախստականները, կչափեն նրանց շաքարն ու արյան ճնշումը, խորհրդատվություն կանցկացնեն։ Այս ամենը՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում։

«Իհարկե նաև Արցախում կլինեն։ Հո չե՞նք թողնելու Արցախը»,-ասում է Հովհաննիսյանը։

Հոգնե՞լ եք այս ամենի մասին կարդալուց։

Իսկ Տատյանան ու նրա ընկերները, չնայած մոսկովյան աշխատանքային ծանրաբեռնվածությանը, չեն հոգնում աշխատել նաև այստեղ՝ առանց որևէ շահ ունենալու։

45
թեգերը:
Ռուսաստան, բժիշկ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Մենք պատերազմը տանուլ ենք տվել 26 տարի առաջ. զինվորական բժիշկ
Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով